Երեխաների իրավունքները նոր Սահմանադրությամբ․ ինչ է փոխվում և ինչ նոր երաշխիքներ են սահմանվում

Հասարակություն

23.11.2026 | 12:42

Նոր Սահմանադրությամբ առաջարկվում է փոփոխություններ կատարել մինչև 18 տարեկան երեխաների աշխատանքային իրավունքներում։ Գործող Սահմանադրության մեջ նշվում է, որ արգելվում է մինչև 16 տարեկան երեխաներին մշտական աշխատանքի ընդունելը։

Ավելացվել է նոր դրույթ, ըստ որի՝ մինչև 18 տարեկան երեխաների աշխատանքի ազատ ընտրության իրավունքը կարող է սահմանափակվել օրենքով՝ կրթության, անվտանգության, առողջության, լիարժեք ու ներդաշնակ զարգացման նպատակով։

Սահմանադրության նախագծում երեխաների դաստիարակության, կրթության, առողջության, լիարժեք ու ներդաշնակ զարգացման մասին հոգ տանելը ներառվել է մարդու հիմնական պարտականությունների գլխում։

Գործող Սահմանադրության մեջ ամրագրված է, որ պարտադիր կրթության ծրագրերը և տևողությունը սահմանվում են օրենքով։ Նոր տեքստում սահմանադրական մակարդակով ուղղակիորեն հստակեցված է, որ «հիմնական կրթությունը պարտադիր է»։

Բացի այդ, առաջարկվում է ամրագրել, որ արտակարգ կամ ռազմական դրության ժամանակ երեխայի իրավունքները ենթակա չեն կասեցման կամ սահմանափակման (պահպանվել են որպես չկասեցվող իրավունքներ)։ Հստակեցվել է, որ Հայաստանի Հանրապետության քաղաքացիներից ծնված երեխաներին քաղաքացիության իրավունքը տրվում է ինքնաբերաբար։

Արդար դատաքննության իրավունքի համատեքստում վերահաստատվել է, որ դատական վարույթը կարող է անցկացվել դռնփակ՝ անչափահասների շահերի պաշտպանության նպատակով։

Եվգենյա Համբարձումյան

Leave a comment