«Արցախ» նվագախմբի կորիզը պետք է լինեն արցախցի երաժիշտները․ Դավիթ Հակոբյան

«Արցախ» կամերային նվագախմբի շուրջ կրքերը չեն հանդարտվում։

Հիշեցնենք՝ MediaHub-ն ուրբաթ անդրադարձել էր նվագախմբի խնդիրներին։ Այն 2023 թվականից Երևանում գործում է «Արցախ» անվան ներքո, սակայն նվագախմբի կազմում արցախցի երաժիշտներ չկան։

Հարցը հանրային լայն քննարկման առիթ է դարձել, հատկապես մեր գործընկեր Հռիփսիմե Առաքելյանի ուղիղ եթերից հետո, որին արձագանքել է նաև նվագախումբը։

«Այո՛, Արցախը պարզապես անուն չէ։ Այն մարդիկ են, պատմություն, մշակույթ և հիշողություն։ Հենց այդ պատճառով նվագախմբի դռները բաց են հատկապես արցախցի երաժիշտների համար, իսկ Արցախի անունը կշարունակի հնչել այն մակարդակով, որին արժանի է»,- ասվում է նվագախմբի հայտարարության մեջ։

Սակայն, ինչպես նշում է ջութակահար Դավիթ Հակոբյանը, դռները բաց լինելու մասին հայտարարությունը չի փոխում փաստը՝ այս պահին նվագախմբում արցախցի երաժիշտներ չկան։

«Այն պնդումները, թե արցախցի երաժիշտների համար սահմանվել են համեմատաբար մեղմ չափանիշներ, և թե լսումների ընթացքում նրանց նկատմամբ առանձնահատուկ վերաբերմունք է դրսևորվել, ինչի արդյունքում նրանք հնարավորություն են ստացել ընդգրկվելու նվագախմբում, միֆ են։ Եթե մարդիկ չեն հասկանում կամ չեն ուզում ընդունել, որ «Արցախ» նվագախմբի կորիզն ու առանցքը հենց արցախցի երաժիշտները պետք է լինեն, անհրաժեշտ է այդ փաստը պարզապես արձանագրել»,- MediaHub-ի հետ զրույցում ասաց ջութակահար Դավիթ Հակոբյանը։

Նրա խոսքով՝ արցախցի երաժիշտներից ոմանք վերջին հանդիպման ընթացքում հայտնել են, որ այլևս չեն պատրաստվում շարունակել համագործակցությունը նվագախմբի գործող ղեկավարության հետ և որոշել են հեռանալ։ Մյուսներն էլ, երկար ժամանակ իրենց մտահոգող խնդիրների լուծում չստանալով, դադարեցրել են համագործակցությունը։ Արդյունքում՝ նվագախումբը շարունակում է գործել Արցախի անունով, սակայն առանց արցախցի երաժիշտների։

Դավիթ Հակոբյանը վիճարկում է նաև նվագախմբի հայտարարության այն պնդումը, թե առաջնահերթությունը տրվում է արցախցի երաժիշտներին։ Նրա խոսքով՝ 2026 թվականի ընթացքում նվագախմբում ընդամենը մեկ արցախցի երաժիշտ է եղել, և նրա ընդգրկումը տեղի է ունեցել ոչ թե ղեկավարության նախաձեռնությամբ, այլ նվագախմբի անդամների և այլ անձանց ամիսներ շարունակ հնչեցրած կոչերի արդյունքում։

«Նվագախումբը Երևանում գործում է արդեն երեք տարի։ 2026 թվականին նվագախումբը երկու համերգ է ունեցել։ Փաստացի սա է ղեկավարության գրանցած հաջողությունները։ Իսկ ամենակարևոր ձեռքբերումն այս երեք տարիների ընթացքում այն է, որ «Արցախ» կամերային նվագախումբը մնացել է առանց արցախցի երաժիշտների»,- ասաց Դավիթ Հակոբյանը։

Leave a comment