Ինչպես և սպասվում էր, իշխանության կողմից ներկայացված նոր Սահմանադրության նախագծում բացակայում է Անկախության հռչակագրին հղումը: Նախաբանը սկսվում է այսպես.
«Մենք՝ Հայաստանի Հանրապետության ժողովուրդը, հանուն մեր պետականության հարատևության ու զարգացման, առաջնորդվելով մեր միջազգայնորեն ճանաչված տարածքում անկախ, խաղաղ, անվտանգ, բարեկեցիկ պետություն կառուցելու առաքելությամբ և այդ պետությունը սերնդեսերունդ փոխանցելու հանձնառությամբ, ընդունում ենք Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը։
Սահմանադրությունը մեր հավաքական պայմանավորվածությունն է Հայաստանի Հանրապետության ներքին և արտաքին հարաբերությունների հիմնական սկզբունքների մասին»:
Հոդված 1. Հայաստանի Հանրապետության հիմնադիրը
-
1. Հայաստանի Հանրապետության հիմնադիրը Հայաստանի Հանրապետության ժողովուրդն է։
-
2. Ժողովուրդը Հայաստանի Հանրապետությունը հիմնադրել է իր անվտանգությունը, ազատությունը, բարեկեցությունը ապահովելու, ինքնությունը պաշտպանելու և զարգացնելու, մարդու և քաղաքացու իրավունքներն ու ազատությունները պաշտպանելու նպատակով։ Այս նպատակի իրականացումը պետական շահ է։
Հոդված 2. Հայաստանի Հանրապետությունը
-
1. Հայաստանի Հանրապետությունը ինքնիշխան, ժողովրդավարական, իրավական, աշխարհիկ, սոցիալական պետություն է։
Հոդված 3. Ժողովուրդը՝ իշխանության տեր, կրող և աղբյուր
-
1. Հայաստանի Հանրապետությունում իշխանությունը պատկանում է ժողովրդին։ Ժողովուրդն է իշխանության տերը, կրողը և աղբյուրը։
-
2. Ժողովուրդը Հայաստանի Հանրապետության քաղաքացիների հավաքական ամբողջությունն է։
-
3. Ժողովրդի իշխանությունն անօտարելի է և պաշտպանվում է Սահմանադրությամբ և օրենքներով։
Հոդված 4. Ժողովրդի իշխանության իրացումը
-
1. Ժողովուրդն իր իշխանությունն իրացնում է Սահմանադրության ընդունմամբ, Ազգային ժողովի, տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների, Սահմանադրությանն ու օրենքներին համապատասխան ձևավորված պետական և տեղական ինքնակառավարման մարմինների ու պաշտոնատար անձանց, ինչպես նաև համապետական և տեղական հանրաքվեների միջոցով։
-
2. Ազգային ժողովի և համայնքների ավագանիների ընտրությունները, ինչպես նաև հանրաքվեներն անցկացվում են ընդհանուր, հավասար, ազատ և ուղղակի ընտրական իրավունքի հիման վրա՝ գաղտնի քվեարկությամբ:
-
3. Պետությունը երաշխավորում է ընտրություններին և հանրաքվեներին մասնակցող անձանց ազատ կամքի արտահայտումը և դրա ճշգրիտ արտացոլումը քվեարկության պաշտոնական արդյունքներում։
Հոդված 5. Իշխանությունների բաժանման, հավասարակշռման և սահմանափակման սկզբունքը
-
1. Պետական իշխանությունն իրականացվում է Սահմանադրությանը և օրենքներին համապատասխան՝ օրենսդիր, գործադիր և դատական իշխանությունների բաժանման ու հավասարակշռման հիման վրա:
-
2. Պետությունը երաշխավորում է տեղական ինքնակառավարումը` որպես ժողովրդավարության էական հիմքերից մեկը:
-
3. Պետական և տեղական ինքնակառավարման մարմիններն ու պաշտոնատար անձինք իրենց գործունեությունն իրականացնելիս պարտավոր են առաջնորդվել հանրային շահով, հաշվետվողականության, բարեվարքության սկզբունքներով և սահմանափակված են մարդու և քաղաքացու հիմնական իրավունքներով և ազատություններով:
-
4. Մարդու հիմնական իրավունքները և ազատությունները հարգելն ու պաշտպանելը պետական իշխանության և տեղական ինքնակառավարման մարմինների պարտականությունն են:
Հոդված 6. Իրավական համակարգը և օրինականության սկզբունքը
-
1. Սահմանադրությունն ունի բարձրագույն իրավաբանական ուժ։ Օրենքները պետք է համապատասխանեն Սահմանադրությանը և սահմանադրական օրենքներին։
-
2. Պետական և տեղական ինքնակառավարման մարմինները, պաշտոնատար անձինք պարտավոր են հարգել և պահպանել Սահմանադրությունը և օրենքները և իրավասու են կատարելու այնպիսի գործողություններ, որոնց համար լիազորված են Սահմանադրությամբ կամ օրենքներով:
-
3. Սահմանադրության և օրենքների հիման վրա և դրանց իրականացումն ապահովելու նպատակով պետական և տեղական ինքնակառավարման մարմինները, ինչպես նաև Կառավարության անդամները կարող են օրենքով լիազորվել ընդունելու ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտեր: Լիազորող նորմերը պետք է համապատասխանեն իրավական որոշակիության սկզբունքին և սահմանեն լիազորման շրջանակը: Ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերը պետք է համապատասխանեն սահմանադրական օրենքներին և օրենքներին։
-
4. Օրենքները և ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերն ուժի մեջ են մտնում օրենքով սահմանված կարգով հրապարակվելուց հետո:
-
5. Հայաստանի Հանրապետության վավերացրած միջազգային պայմանագրերը պետք է համապատասխանեն Սահմանադրությանը։ Հայաստանի Հանրապետության վավերացրած միջազգային պայմանագրերը Հայաստանի Հանրապետության իրավական համակարգի բաղկացուցիչ մասն են։ Վավերացված միջազգային պայմանագրերի և օրենքների նորմերի միջև հակասության դեպքում կիրառվում են միջազգային պայմանագրերի նորմերը:
Հոդված 7. Հայաստանի Հանրապետության տնտեսական կարգը
-
1. Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացումը պետական շահ է։
-
2. Հայաստանի Հանրապետության տնտեսական կարգի հիմքը շուկայական տնտեսությունն է, որը հիմնված է տնտեսական գործունեության ազատության, ազատ տնտեսական մրցակցության վրա և պետական քաղաքականությունների միջոցով ուղղված է ընդհանուր տնտեսական բարեկեցության ապահովմանը և սոցիալական համերաշխության խթանմանը։
-
3. Սոցիալական համերաշխությունը հանրային և անհատական բարեկեցությունը ապահովելու՝ յուրաքանչյուր քաղաքացու անհատական ջանքի քաջալերման և այդ ջանքի արդյունքի վրա հիմնված բարեկեցություն կառուցելու սկզբունքն է։
-
4. Հայաստանի Հանրապետությունում ճանաչվում և հավասարապես պաշտպանվում են սեփականության բոլոր ձևերը: Ընդերքը և ջրային ռեսուրսները պետության բացառիկ սեփականությունն են:
Հոդված 8. Արտաքին քաղաքականությունը
-
1. Հայաստանի Հանրապետության արտաքին քաղաքականությունն իրականացվում է միջազգային իրավունքի հիման վրա՝ բոլոր պետությունների հետ բարիդրացիական, փոխշահավետ հարաբերություններ հաստատելու և խաղաղություն ապահովելու նպատակով:
Հոդված 9. Զինված ուժերը
-
1. Զինված ուժերի նպատակը Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականությունը, ինքնիշխանությունը, սահմանների անխախտելիությունը և անվտանգությունը պաշտպանելն է։
-
2. Հայաստանի Հանրապետության զինված ուժերը քաղաքական հարցերում պահպանում են չեզոքություն և քաղաքացիական վերահսկողության ներքո են:
Հոդված 10. Շրջակա միջավայրի պահպանությունը