https://arm.sputniknews.ru/20261123/hanrajin-dashinqy-nvor-sahmanadrutjan-skzbunqneri-mshakman-arajark-e-nerkajacrel-109654555.html
«Հանրային դաշինքը» նոր Սահմանադրության սկզբունքների մշակման առաջարկ է ներկայացրել
«Հանրային դաշինքը» նոր Սահմանադրության սկզբունքների մշակման առաջարկ է ներկայացրել
Sputnik Արմենիա
Նախաձեռնության անդամները արձանագրել են, որ առկա սահմանադրական կարգավորումները վտանգում են իշխանության փոփոխելիությունը: 23.11.2026, Sputnik Արմենիա
2026-11-23T09:10+0400
2026-11-23T09:10+0400
2026-11-23T09:30+0400
սահմանադրություն
https://cdn.am.imgsputniknews.ru/i/logo/logo-social.png
ԵՐԵՎԱՆ, 23 նոյեմբերի – Sputnik. «Հանրային դաշինք» քաղաքացիական նախաձեռնությունը հանդես է եկել ՀՀ նոր Սահմանադրության հայեցակարգային սկզբունքների հավաքագրման և մշակման միասնական հարթակի ստեղծման առաջարկով՝ դրա շրջանակում մշակելով սահմանադրաիրավական ուղենշային առաջարկությունների փաթեթ: Այս մասին ասված է դաշինքի հայտարարությունում:«Նոր Սահմանադրության մշակումը ոչ թե քաղաքական նպատակահարմարություն է կամ օրվա իշխանության օրակարգ, այլ խորքային հանրային պատվեր՝ միտված արդար, կայուն և անվտանգ ապագայի կերտմանը: Նախաձեռնությունը մշակել է սահմանադրաիրավական ուղենշային առաջարկությունների փաթեթ՝ միտված իրական հանրային պատվերի վրա խարսխված նոր Սահմանադրության տեքստի մշակմանը»,- ասված է հայտարարությունում:Դաշինքն ազդարարել է հանդիպումների, քննարկումների և կառուցողական բանավեճերի շարքի մեկնարկը, որոնց առանցքում լինելու է զսպումների և հակակշիռների խաթարման, իշխանության մենաշնորհացման և միահեծան կառավարման ռիսկերի վերացման ու իշխանության փոփոխելիության երաշխավորման դրույթների սահմանումը։«Հանրային դաշինքը» նաև նշել է, որ այս ամենի անհրաժեշտությունն առաջացել է հետպատերազմյան ծանրագույն կորուստներին, ազգային ցավին և պետականության առջև ծառացած գոյաբանական մարտահրավերներին առերեսվելուց, ՀՀ շուրջ և աշխարհում ձևավորված բարդ ու անկայուն աշխարհաքաղաքական իրողությունները գնահատելուց, հարևան պետությունների հետ բարիդրացիական և արժանապատիվ հարաբերություններ հաստատելու անհրաժեշտությունից ելնելով:Նախաձեռնության անդամները նաև արձանագրել են, որ առկա սահմանադրական կարգավորումները վտանգում են իշխանության փոփոխելիությունը, թույլ են տալիս շրջանցել կամ նեղ իշխանական շահերին հարմարեցնել զսպումների և հակակշիռների սկզբունքները՝ հանգեցնելով իշխանության կենտրոնացման, մենաշնորհացման և միահեծան իշխանության հաստատման:Ըստ նրանց՝ այդպիսով վերահաստատվում է, որ ՀՀ հիմնական օրենքի ձևավորումն ու ընդունումը չի կարող ենթարկվել արտաքին որևէ թելադրանքի, ճնշման կամ աշխարհաքաղաքական առևտրի, այլ պետք է բխի բացառապես հայ ժողովրդի ազատ և անկաշկանդ կամարտահայտությունից:«Հանրային դաշինքի»ներկայացուցիչներն են՝ հասարակական-քաղաքական ակտիվիստ Հայկ Դորունցը, Ռուբեն Հարությունյանը, քաղաքական և հասարակական գործիչ, ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Աննա Կոստանյանը, իրավաբան Տարոն Նահապետյանը, հասարակական-քաղաքական ակտիվիստ, ռեժիսոր Հովհաննես Իշխանյանը, «Իրավունքի և ազատության կենտրոն» ՀԿ-ի ղեկավար Վարդան Հարությունյանը և իրավաբանական գիտությունների թեկնածու, դոցենտ, փաստաբան Արսեն Թավադյանը:
2026
Լուրեր
am_HY
սահմանադրություն
սահմանադրություն
Նախաձեռնության անդամները արձանագրել են, որ առկա սահմանադրական կարգավորումները վտանգում են իշխանության փոփոխելիությունը:
ԵՐԵՎԱՆ, 23 նոյեմբերի – Sputnik. «Հանրային դաշինք» քաղաքացիական նախաձեռնությունը հանդես է եկել ՀՀ նոր Սահմանադրության հայեցակարգային սկզբունքների հավաքագրման և մշակման միասնական հարթակի ստեղծման առաջարկով՝ դրա շրջանակում մշակելով սահմանադրաիրավական ուղենշային առաջարկությունների փաթեթ: Այս մասին ասված է դաշինքի հայտարարությունում:
«Նոր Սահմանադրության մշակումը ոչ թե քաղաքական նպատակահարմարություն է կամ օրվա իշխանության օրակարգ, այլ խորքային հանրային պատվեր՝ միտված արդար, կայուն և անվտանգ ապագայի կերտմանը: Նախաձեռնությունը մշակել է սահմանադրաիրավական ուղենշային առաջարկությունների փաթեթ՝ միտված իրական հանրային պատվերի վրա խարսխված նոր Սահմանադրության տեքստի մշակմանը»,- ասված է հայտարարությունում:
Դաշինքն ազդարարել է հանդիպումների, քննարկումների և կառուցողական բանավեճերի շարքի մեկնարկը, որոնց առանցքում լինելու է զսպումների և հակակշիռների խաթարման, իշխանության մենաշնորհացման և միահեծան կառավարման ռիսկերի վերացման ու իշխանության փոփոխելիության երաշխավորման դրույթների սահմանումը։
«Հանրային դաշինքը» նաև նշել է, որ այս ամենի անհրաժեշտությունն առաջացել է հետպատերազմյան ծանրագույն կորուստներին, ազգային ցավին և պետականության առջև ծառացած գոյաբանական մարտահրավերներին առերեսվելուց, ՀՀ շուրջ և աշխարհում ձևավորված բարդ ու անկայուն աշխարհաքաղաքական իրողությունները գնահատելուց, հարևան պետությունների հետ բարիդրացիական և արժանապատիվ հարաբերություններ հաստատելու անհրաժեշտությունից ելնելով:
Նախաձեռնության անդամները նաև արձանագրել են, որ առկա սահմանադրական կարգավորումները վտանգում են իշխանության փոփոխելիությունը, թույլ են տալիս շրջանցել կամ նեղ իշխանական շահերին հարմարեցնել զսպումների և հակակշիռների սկզբունքները՝ հանգեցնելով իշխանության կենտրոնացման, մենաշնորհացման և միահեծան իշխանության հաստատման:
Ըստ նրանց՝ այդպիսով վերահաստատվում է, որ ՀՀ հիմնական օրենքի ձևավորումն ու ընդունումը չի կարող ենթարկվել արտաքին որևէ թելադրանքի, ճնշման կամ աշխարհաքաղաքական առևտրի, այլ պետք է բխի բացառապես հայ ժողովրդի ազատ և անկաշկանդ կամարտահայտությունից:
«Հանրային դաշինքի»ներկայացուցիչներն են՝ հասարակական-քաղաքական ակտիվիստ Հայկ Դորունցը, Ռուբեն Հարությունյանը, քաղաքական և հասարակական գործիչ, ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Աննա Կոստանյանը, իրավաբան Տարոն Նահապետյանը, հասարակական-քաղաքական ակտիվիստ, ռեժիսոր Հովհաննես Իշխանյանը, «Իրավունքի և ազատության կենտրոն» ՀԿ-ի ղեկավար Վարդան Հարությունյանը և իրավաբանական գիտությունների թեկնածու, դոցենտ, փաստաբան Արսեն Թավադյանը: