Դատարանը մերժել է Վալերիյ Օսիպյանից պետության նվիրած բնակարանը բռնագանձելու՝ Դատախազության պահանջը

ՀՀ հակակոռուպցիոն դատարանը մերժել է նախկին ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանից Կոտայքի մարզում գտնվող բնակարանը՝ որպես ապօրինի ծագում ունեցող գույք, հօգուտ պետության բռնագանձելու՝ Գլխավոր դատախազության պահանջը։ Factor TV-ն պարզել է, որ դատարանը հայցն ակնհայտ անհիմն է համարել՝ արձանագրելով, որ 2015 թվականին պետության կողմից Օսիպյանին բնակարանի նվիրատվության գործընթացում հնարավոր խախտումները դեռևս բավարար հիմք չեն այն ապօրինի ծագում ունեցող գույք համարելու համար։

Հակակոռուպցիոն դատարանը՝ դատավոր Կարեն Բադալյանի նախագահությամբ, արագացված դատաքննության կարգով մերժել է Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչության հայցի՝ բնակարանին վերաբերող մասը։

Խոսքը Կոտայքի մարզում գտնվող 53.71 քմ մակերեսով բնակարանի մասին է, որը Վալերիյ Օսիպյանը 2015 թվականի նոյեմբերի 11-ին նվիրատվության պայմանագրով ստացել է ՀՀ ոստիկանությունից։

Ինչո՞ւ էր Դատախազությունը պահանջում բռնագանձել բնակարանը

Ըստ դատական ակտի՝ Գլխավոր դատախազությունը Վալերիյ Օսիպյանին պատկանող գույքի վերաբերյալ ուսումնասիրությունը սկսել է 2023 թվականի փետրվարի 16-ին։ 2026 թվականի փետրվարի 16-ին կազմվել է ուսումնասիրության վերջնական եզրակացությունը, իսկ փետրվարի 18-ին Դատախազությունը դիմել է դատարան՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման պահանջով։

Հուլիսին Դատախազությունը փոփոխել է հայցի հիմքն ու առարկան՝ բռնագանձման պահանջում ներառելով նաև պետության կողմից Օսիպյանին նվիրաբերված բնակարանը։ Ըստ Դատախազության՝ գործող իրավական կարգավորումներով բնակելի տարածքի հատկացումը պետք է պայմանավորված լիներ երկու նպատակներից առնվազն մեկով՝ բնակարանային պայմանների բարելավման անհրաժեշտությամբ կամ ծառայողական անհրաժեշտությամբ։

Բացի այդ, երկու դեպքում էլ պահանջվում էր համապատասխան դիմում։ Սակայն, Դատախազության պնդմամբ, Օսիպյանի դեպքում այս պայմանների առկայությունը հաստատված չի եղել։

«․․․Ինչպես նկատում ենք, և՛ ծառայողական անհրաժեշտությամբ պայմանավորված, և՛ բնակարանային հաշվառման մեջ գտնվող զինծառայողին բնակելի տարածություն կամ հողամաս հատկացնելու դեպքերում անհրաժեշտ է զինծառայողի կողմից համապատասխան դիմումի ներկայացումը: Բացի այդ, անհրաժեշտ է նաև վերը նշված 2 նպատակների՝ բնակարանային պայմանների բարելավման կարիք ունենալու հանգամանքի և ծառայողական անհրաժեշտության առկայությունը: Մինչդեռ, տվյալ դեպքում հաստատված չէ վերը նշված նպատակների առկայությունը»,- նշված է Դատախազության հիմնավորումներում։

Դատախազությունը վկայակոչել է նաև Վճռաբեկ դատարանի՝ 2026 թվականի ապրիլի 15-ի որոշումը, համաձայն որի՝ նվիրատվության փաստը գնահատելիս անհրաժեշտ է պարզել պայմանագրի կնքման հանգամանքները։ Այս հիմնավորումներով Դատախազությունը Օսիպյանին նվիրաբերված բնակարանը դիտարկել է որպես ապօրինի ծագում ունեցող գույք և ներառել բռնագանձման պահանջում։

Օսիպյանի փաստաբնանները պնդել են, որ Դատախազությունը դուրս է եկել իր լիազորությունների շրջանակից

Նոյեմբերի 3-ին Վալերիյ Օսիպյանի ներկայացուցիչ, փաստաբան Կարեն Հակոբյանը միջնորդել է բնակարանի բռնագանձման պահանջի մասով կիրառել արագացված դատաքննություն և մերժել հայցը՝ ակնհայտ անհիմն լինելու հիմքով։

Պաշտպանության դիրքորոշմամբ՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունը կարող է գույքը բռնագանձելու պահանջ ներկայացնել, եթե դրա ձեռքբերումը չի հիմնավորվում անձի օրինական եկամուտներով։ Մինչդեռ տվյալ դեպքում, ըստ պաշտպանության, Դատախազությունը վիճարկել է ոչ թե գույքի ձեռքբերման համար օրինական միջոցների առկայությունը, այլ բնակարանի նվիրատվության իրավաչափությունը։

«․․․Բոլոր այլ դեպքերում, եթե անգամ գույքի ձեռքբերումը կամ ստեղծումը ունի խնդրահարույց հիմքեր, դատախազության պատասխանատու ստորաբաժանումը՝ Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունը, իրավասու չէ տալու որակումներ այդ գույքի նկատմամբ սեփականության իրավունքի ծագման հիմքերի իրավաչափության վերաբերյալ, և ավելին՝ ներկայացնելու այդ գույքը բռնագանձելու պահանջ»,- նշված է պատասխանող կողմի միջնորդությունում։

Փաստաբանը նաև պնդել է, որ բնակարանի մասով պահանջը ներկայացվել է ոչ պատշաճ հայցվորի կողմից։

Դատախազությունն առարկել է միջնորդության դեմ՝ պնդելով, որ նվիրատվությամբ գույք ստացած անձը պետք է պարզաբանի դրա փոխանցման բոլոր հանգամանքները, այդ թվում՝ իրավաչափության հիմքերը։

Դատարան․ պետության կողմից Օսիպյանին նվիրաբերված բնակարանի ապօրինի ծագումը չի հիմնավորվել

Հակակոռուպցիոն դատարանը, ուսումնասիրելով կողմերի փաստարկները, արձանագրել է, որ «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքով օրինական եկամուտ է համարվում նաև նվիրատվության կամ օգնության կարգով ստացված գույքը։

Դատարանն ընդգծել է, որ Օսիպյանին փոխանցված բնակարանի ձեռքբերման աղբյուրը հայտնի է, և այն Հայաստանի Հանրապետությունն է։

«․․․Գործով նվիրատվության պայմանագիրը` որպես գույքի ձեռքբերման իրավական հիմք, վկայում է, որ պատասխանողը գույքը ձեռք է բերել ոչ թե անհայտ կամ չհիմնավորված աղբյուրից, այլ Հայաստանի Հանրապետությունից՝ անհատույց փոխանցման արդյունքում»,– արձանագրել է դատարանը։

Դատարանի գնահատմամբ՝ Դատախազության ներկայացրած փաստարկները վերաբերում են նվիրատվության գործընթացի հնարավոր իրավական խախտումներին, այլ ոչ թե ինքնին գույքի ապօրինի ծագմանը։

«․․․Հայցվորի կողմից նվիրատվության գործընթացի իրավաչափության վերաբերյալ ներկայացվող փաստերն ու փաստարկները ոչ թե ինքնին գույքի ապօրինի ծագումը հաստատող են, այլ վերաբերվում են նվիրատվության իրավական հիմքի հնարավոր արատին»,– նշված է վճռում։

Դատարանը չի բացառել, որ բնակարանի նվիրատվության գործարքը կարող էր վիճարկվել այլ եղանակով

Վճռում անդրադարձ է կատարվել նաև այն հարցին, թե ինչ իրավական ճանապարհով պետությունը կարող էր պահանջել վերադարձնել բնակարանը, եթե դրա նվիրատվությունն իրականացվել էր խախտումներով։ Դատարանի գնահատմամբ՝ նման իրավիճակում հնարավոր է վիճարկել նվիրատվության գործարքի վավերությունը, պահանջել վերադարձնել գույքը, հատուցել դրա շուկայական արժեքը կամ պետությանը պատճառված վնասը։

Դատարանը մասնավորապես արձանագրել է․ «․․․Պետության կողմից անձին գույքի նվիրատվության գործարքը, եթե կատարվել է այնպիսի խախտումներով, որոնք նշվում են հայցվորի կողմից, կարող է այդ հիմքով վիճարկվել տարբեր եղանակներով (ներառյալ, սակայն առանց սահմանափակման՝ վիճահարույց գործարքի անվավեր ճանաչելու պահանջի և դրա հետևանքների կիրառում՝ երկկողմանի ռեստիտուցիա կամ շուկայական արժեքի հատուցում, ոչ իրավաչափ գործողություններով պետությանը պատճառված վնասի հատուցման, գործարքին նախորդած/հիմք հանդիսացած վարչական ակտերի օրինականության վիճարկման վերաբերյալ պահանջներ ներկայացնելու միջոցով)»։

Դատարանը նաև շեշտել է, որ նվիրատվության իրավաչափության վերաբերյալ կասկածներն ինքնին բավարար չեն գույքն ապօրինի ծագում ունեցող համարելու համար։

Ըստ դատարանի՝ Դատախազությունը ներկայացրել է ավելի շուտ պետությանը նախկինում պատկանած և նվիրատվությամբ փոխանցված գույքի վերադարձի, քան ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման հիմնավորումներ։

Ամփոփելով գործի քննությունը՝ Հակակոռուպցիոն դատարանը եզրահանգել է․ «․․․Բնակարանի որպես ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման պահանջն ակնհայտորեն անհիմն է հայցվորի կողմից դրա հիմքում դրված փաստերի հիման վրա և ենթակա է արագացված դատաքննության կարգով մերժման»։

Դատարանը մերժել է նաև բնակարանի միջին շուկայական արժեքի և դրա օգտագործումից ստացված եկամուտների բռնագանձման՝ հիմնական պահանջից ածանցվող պահանջները։ Դատական ակտով որոշվել է, որ բնակարանի տնօրինման նկատմամբ կիրառված սահմանափակումը պետք է պահպանվի մինչև վճռի օրինական ուժի մեջ մտնելը, որից հետո վերացվի։

Հիշեցնենք, որ 2026 թվականի հուլիսի 21-ին դատարանը, որպես հայցի ապահովման միջոց, արգելել էր Օսիպյանին օտարել, գրավադրել կամ այլ կերպ ծանրաբեռնել բնակարանը։ Նույն որոշմամբ սահմանափակում էր կիրառվել նաև «Ակբա բանկում» նրա 16,323 ԱՄՆ դոլարի ավանդի նկատմամբ։ Սեպտեմբերի 29-ին դատարանը վերացրել էր հայցի ապահովման միջոցը, սակայն նոյեմբերի 9-ի վճռում կրկին անդրադարձել է բնակարանի նկատմամբ կիրառված սահմանափակմանը։

Վճիռը հրապարակման օրվանից 15-օրյա ժամկետում կարող է բողոքարկվել ՀՀ վերաքննիչ հակակոռուպցիոն դատարան։

Նշենք, որ նոյեմբերի 9-ի վճիռը վերաբերում է Օսիպյանի դեմ ներկայացված հայցից առանձնացված՝ Կոտայքի մարզում գտնվող բնակարանի բռնագանձման պահանջին, այլ ոչ թե Դատախազության ներկայացրած ամբողջ հայցին։

Օսիպյանից պահանջվում է բռնագանձել՝

-Երևանում գտնվող մեկ գույք, իսկ դրա բռնագանձման անհնարինության դեպքում՝ շուկայական արժեքը,
-Երևանում գտնվող բնակարանի 2/5 բաժնեմասը,
-«Ակբա բանկում» ներդրված ավանդը, իսկ դրա անհնարինության դեպքում՝ դրան համարժեք 16 հազար 323 ԱՄՆ դոլար,
-48 միլիոն 4 հազար 645 դրամ,
-42 միլիոն 891 հազար 376 դրամ։

Օսիպյանի կնոջից պահանջվում է բռնագանձել՝

-Երևանում գտնվող բնակարանը, իսկ անհնարինության դեպքում՝ դրա շուկայական արժեքը,
-Lexus UX200 2.0 P ավտոմեքենան, իսկ անհնարինության դեպքում՝ դրա շուկայական արժեքը։

Եվգենյա Համբարձումյան

 

Leave a comment