Երբ խոսքը վերաբերում է բիզնեսի զարգացմանը, մարդիկ սովորաբար կենտրոնանում են խոշոր քայլերի վրա՝ խոշոր հաճախորդ ներգրավելու, նոր ծառայություն գործարկելու կամ ճիշտ թիմ ձևավորելու, գրում է Entrepreneur-ը։ Սակայն փորձը ցույց է տալիս, որ հաջողության հասնելու հարցում հաճախ ամենամեծ ազդեցությունն ունենում են շատ ավելի փոքր ու առաջին հայացքից աննկատ թվացող սովորությունները։
Ռալֆ Ուոլդո Էմերսոնը մի առիթով ասել է. «Առաջին հարստությունը առողջությունն է»։ Բիզնեսի ղեկավարների էներգիան, կենտրոնացումը և ճիշտ որոշումներ կայացնելու կարողությունը ուղղակիորեն կախված են նրանից, թե որքանով են նրանք հոգ տանում իրենց մասին։ Այդ պատճառով արդյունավետ աշխատանքային առօրյա կառուցելու ճանապարհին առաջնային են դառնում հենց առողջության հետ կապված սովորությունները, որոնց հաջորդում են բուն բիզնեսի կառավարմանը վերաբերող մոտեցումները։
Սրանք բարդ ռազմավարություններ կամ խոշոր ներդրումներ չեն, այլ պարզ քայլեր, որոնք ներդրվել են առօրյա ռեժիմում։ Առանձին վերցրած՝ դրանցից յուրաքանչյուրը կարող է աննշան թվալ, սակայն ժամանակի ընթացքում և համակցված կիրառման դեպքում դրանք ապահովում են շոշափելի արդյունք։
1. Ամենօրյա քայլքը՝ որպես անփոխարինելի սովորություն
Ամենապարզ, բայց միաժամանակ ամենաարդյունավետ սովորություններից մեկը ամեն օր քայլելն է։ Համակարգչի առջև երկար ժամեր անցկացնելիս շատ հեշտ է ամբողջ օրն անցկացնել գրեթե առանց շարժվելու։ Սակայն մարզվելու համար «ազատ ժամանակ» սպասելը չի արդարացնում իրեն, ուստի քայլքը պետք է դարձնել օրվա պարտադիր մաս։
Այս խնդիրը բնորոշ է գրեթե բոլորին՝ հիմնադիրներին, ֆրիլանսերներին, մարքեթոլոգներին։ Մարդկանց մեծ մասն օրն անցկացնում է գրասեղանի շուրջ՝ հուսալով, որ ավելի ակտիվ կդառնա, երբ աշխատանքային ծանրաբեռնվածությունը թուլանա։ Բայց այդ պահը գրեթե երբեք չի գալիս, իսկ անշարժության հետևանքները կուտակվում են աննկատ։ Ըստ Okdermo-ի տվյալների՝ ամերիկացի չափահասների մոտ 41.9%-ը տառապում է ճարպակալմամբ։ Թեև պատճառները բազմաթիվ են, ամենօրյա շարժման պակասը դրանցից մեկն է, որը, բարեբախտաբար, հնարավոր է վերահսկել։ Աշխատանքը չպետք է դառնա առողջության վատթարացման պատճառ, իսկ քայլքն ամենահեշտ միջոցն է դա կանխելու համար՝ առանց օրակարգն ամբողջությամբ վերակառուցելու։
Պարզվում է, որ առողջության համար շոշափելի օգուտ ստանալու համար պարտադիր չէ օրական չափազանց մեծ քանակությամբ քայլեր անել։ Համաձայն Solace-ի հետազոտության՝ օրական 7,000 քայլ կատարելը կապված է ցանկացած պատճառով մահացության ռիսկի 47% նվազման հետ՝ համեմատած օրական 2,000 քայլի հետ։ Որոշ գործարարներ նախընտրում են օրական հասնել մոտ 15,000 քայլի, ոչ թե այն պատճառով, որ դա ինչ-որ կախարդական թիվ է, այլ որովհետև այդ ռեժիմն օգնում է ավելի լավ զգալ, ավելի հանգիստ քնել և ավելի պարզ մտածել։ Յուրաքանչյուր ոք պետք է գտնի իր մարմնին ու ապրելակերպին համապատասխանող չափաբաժինը՝ կուրորեն ուրիշների ցուցանիշներին հետևելու փոխարեն։
Ժամանակի ընթացքում զբոսանքները վերածվում են օրվա ամենաարդյունավետ հատվածներից մեկի։ Քայլելու ընթացքում կարելի է լսել փոդքասթներ, մտածել նոր գաղափարների շուրջ և նույնիսկ մասնակցել աշխատանքային զանգերի ու հանդիպումների, ինչպես նաև ձայնային հաղորդագրություններ կամ նշումներ անել, երբ որևէ օգտակար միտք է ծագում։ Միաժամանակ քայլելն ու խոսելը օգնում է թոթափել սթրեսը և պարզել միտքը։ Հաճախ բիզնեսի վերաբերյալ լավագույն որոշումները կայացվում են ոչ թե գրասեղանի առջև, այլ հենց զբոսանքի կեսին։
Ազդեցությունը բիզնեսի վրա. Ամենօրյա քայլքն օգնում է պարզել միտքը, ավելի արագ լուծել խնդիրները և կայացնել ավելի ճիշտ բիզնես որոշումներ։
2. Աշխատանք անձնական մարզչի հետ՝ պատասխանատվության զգացումը պահպանելու համար
Ամենօրյա քայլքը հիանալի սկիզբ է, սակայն լավ մարզավիճակ պահպանելու համար հաճախ ավելին է պահանջվում։ Գլխավոր խնդիրն այն է, որ երբ աշխատանքը շատանում է, մարզումներն առաջինն են դուրս մնում օրակարգից, քանի որ միշտ կա հերթական վերջնաժամկետը կամ հաճախորդը, որն ուշադրություն է պահանջում։ Այս խնդիրը լուծելու արդյունավետ միջոց է անձնական մարզչի հետ աշխատելը․ երբ ինչ-որ մեկը սպասում է քեզ, արդարացումներ գտնելը շատ ավելի դժվար է դառնում։
Վիճակագրությունը հաստատում է այս մոտեցման արդյունավետությունը։ Ըստ PersonalTrainers-ի տվյալների՝ մարզչի անմիջական հսկողությամբ մարզվողների 88.2%-ը հասել է մարզումներին հաճախելու իր նպատակային ցուցանիշին՝ ի տարբերություն ինքնուրույն մարզվողների, որոնց շրջանում այդ ցուցանիշը կազմել է ընդամենը 52.2%։ Պատասխանատվության զգացումը որոշիչ դեր է խաղում։
Երբ մարզումները դիտարկվում են որպես հաճախորդների հետ գործնական հանդիպումներ, գրանցվում են օրացույցում և գրեթե երբեք չեն չեղարկվում, ձևավորվում է կայուն կարգապահություն։ Երբեմն հետևողական լինելու լավագույն միջոցը ոչ թե ինքդ քեզ, այլ մեկ ուրիշին խոստում տալն է։
Ազդեցությունը բիզնեսի վրա. Մարզչի հետ աշխատանքն օգնում է պահպանել կարգապահությունը, ավելի լավ կառավարել ժամանակը և ունենալ բիզնեսը վարելու համար անհրաժեշտ էներգիան։
3. Առաջնահերթության տրամադրումը գործող հաճախորդներին՝ նորերի փոխարեն
Առողջության մասին հոգ տանելն ապահովում է էներգիա և կենտրոնացում, սակայն բիզնեսի կայունության համար չափազանց կարևոր են նաև կառավարման ներքին սովորությունները։ Դրանցից մեկը գործող հաճախորդներին ավելի շատ ուշադրություն դարձնելն է՝ անընդհատ նորերի հետևից վազելու փոխարեն։ Գործունեության սկզբնական փուլում շատերը կենտրոնանում են նոր նախագծեր շահելու վրա՝ հաճախ անտեսելով նրանց, ովքեր արդեն վճարում են ծառայությունների համար։ Սակայն երկարաժամկետ հարաբերություններ կառուցելը շատ ավելի արժեքավոր է, քան ամեն անգամ ամեն ինչ զրոյից սկսելը։
Հաճախորդներին ավելի ուշադիր լսելը, ավելի բաց հաղորդակցվելը և սպասվածից ավելին մատուցելու ձգտումը տալիս են իրենց պտուղները. նման մոտեցման շնորհիվ հաճախորդները կարող են ընկերության հետ համագործակցել միջինը 3.5 տարի։ Հաճախորդների պահպանման ֆինանսական արժեքը չի կարելի թերագնահատել։ Ըստ Coruzant-ի՝ հաճախորդների պահպանման ցուցանիշի նույնիսկ 5% բարելավումը կարող է ավելացնել շահույթը 25%-ով կամ ավելի։ Սա ապացուցում է, որ գործող հաճախորդների մասին հոգ տանելն արժանի է առնվազն նույնքան ուշադրության, որքան նորերի ներգրավումը։
Հաճախորդներին պահելը միայն լավ արդյունքներ ապահովելը չէ, այլև վստահության ձևավորումը։ Հաճախորդները պետք է վստահ լինեն, որ կարող են հենվել իրենց գործընկերոջ վրա, հատկապես երբ ինչ-որ բան այնպես չի ընթանում։ Եվ եթե այդ վստահությունը մեկ անգամ խաթարվում է, այն վերականգնելը չափազանց դժվար է դառնում։ Alpha Market Flow-ի տվյալներով՝ կրկնակի գնումներ կատարողների 72%-ը նշում է, որ մեկ անգամ վստահությունը խաթարող միջադեպից հետո ընդմիշտ կհրաժարվի տվյալ բրենդից։ Հետևաբար, բաց հաղորդակցությունը, խնդիրների վաղաժամ լուծումը և չիրականացվող խոստումներից խուսափելը կենսական նշանակություն ունեն։
Ազդեցությունը բիզնեսի վրա. Գործող հաճախորդների վրա կենտրոնանալն ապահովում է ավելի կանխատեսելի եկամուտ և նվազեցնում նոր նախագծեր գտնելու մշտական ճնշումը։
4. Հաճախորդների սեփական բառապաշարի օգտագործումը մարքեթինգում
Մարքեթինգային աշխատանքում մեծ փոփոխություն բերող մեկ այլ փոքր սովորություն է ուշադրություն դարձնելն այն բանին, թե ինչպես են հաճախորդներն իրենք նկարագրում իրենց խնդիրները։ Մարդիկ հազվադեպ են օգտագործում այն նույն տերմինաբանությունը, որն օգտագործում են իրենց ծառայություն կամ ապրանք վաճառող ընկերությունները։
Որպես օրինակ կարելի է դիտարկել հաշիվ-ապրանքագրերի կազմման ծրագրային ապահովման ոլորտը։ Աջակցման հարցումների, վաճառքի զանգերի, առցանց զրույցների, կարծիքների և կայքի ներքին որոնումների ուսումնասիրությունը ցույց է տվել, որ հաճախորդները չեն փնտրում «դեբիտորական պարտքերի ավտոմատացման հարթակ»։ Նրանք պարզապես ցանկանում են դադարել հետապնդել ուշացած վճարումները, խուսափել հաշիվ-ապրանքագրերի սխալներից և խնայել դրանց ստեղծման վրա ծախսվող ժամանակը։
Երբ այս դիտարկումները դրվում են բրենդի հաղորդակցության հիմքում՝ կայքի հիմնական էջերը վերաշարադրվում են հաճախորդների իրական խնդիրների շուրջ, ավելացվում են բաց գնացուցակներ և հաջողված փորձի օրինակներ (case studies), իսկ թվային PR արշավների ժամանակ բրենդի մասին յուրաքանչյուր հիշատակում կապվում է կոնկրետ խնդրի լուծման հետ (օրինակ՝ «Սա այն գործիքն է, որն օգնում է ժամանակին ստանալ ձեր վճարումները»), արդյունքներն իրենց սպասեցնել չեն տալիս։ Նման մոտեցման կիրառման դեպքում ընդամենը վեց ամսվա ընթացքում բրենդը կարող է ստանալ ավելի քան 60 հիշատակում ոլորտային հրապարակումներում, համեմատական հոդվածներում և թվային PR հարթակներում՝ ապահովելով օրգանական տրաֆիկի 25% և օրգանական դեմո-հարցումների 44% աճ։
Այս մոտեցումն էլ ավելի կարևոր է դարձել արհեստական բանականության (ԱԲ) որոնողական համակարգերի զարգացմանը զուգահեռ։ 2 միլիոն ԱԲ հղումների վերլուծությունից հետո Discovered Labs-ը պարզել է, որ օգտատերերի հարցերին սերտորեն համապատասխանող բովանդակությունն ավելի հաճախ է մեջբերվում ԱԲ-ի կողմից, ընդ որում՝ ավելի ճշգրիտ համապատասխանությունը կապված է մոտ 30% ավելի շատ հղումների հետ։ Որքան հետևողականորեն է բրենդը կապվում իր լուծած խնդիրների հետ, այնքան ավելի հեշտ է դառնում թե՛ մարդկանց, թե՛ ԱԲ գործիքների համար հասկանալ, թե ինչ է առաջարկում տվյալ բիզնեսը։
Ազդեցությունը բիզնեսի վրա. Երբ բրենդը հետևողականորեն կապվում է այն խնդիրների հետ, որոնք հաճախորդները ցանկանում են լուծել, այն դառնում է ավելի հեշտ գտնվող, ավելի վստահելի և ավելի հաճախ առաջարկվող թե՛ մարդկանց, թե՛ ԱԲ գործիքների կողմից։
5. Հարաբերությունների կառուցումը լրագրողների հետ՝ նախքան դրանց կարիքն ունենալը
Բիզնեսի զարգացմանը նպաստող մեկ այլ կարևոր սովորություն է լրագրողների հետ հարաբերություններ կառուցելը նախքան որևէ նյութ հրապարակելու առաջարկով դիմելը։ Լավագույն մեդիա կապերը ձևավորվում են աստիճանաբար՝ անկեղծ զրույցների, այլ ոչ թե լուսաբանման խնդրանքների միջոցով։
Արդյունավետ է օգտագործել համաժողովները, ոլորտային միջոցառումները և փակ մասնագիտական համայնքները՝ լրագրողների հետ ծանոթանալու համար։ Կարևոր է հասկանալ, թե ինչն է նրանց հետաքրքրում և ինչով կարելի է օգտակար լինել նրանց, հատկապես երբ նրանք փնտրում են տեղեկատվություն, աղբյուրներ կամ փորձագիտական կարծիքներ՝ առանց յուրաքանչյուր շփումից անմիջական փոխհատուցում ակնկալելու։
Նույնիսկ պարզապես հաճույքի համար ընթերցելիս կամ հեռուստացույց դիտելիս արժե ուշադրություն դարձնել հետաքրքիր լրագրողների աշխատանքին, նշել նրանց անունները, ուսումնասիրել, թե ինչ թեմաներ են նրանք լուսաբանում, և գտնել բնական առիթ՝ ներկայանալու համար։ Ժամանակի ընթացքում այս փոքր շփումները վերածվում են ամուր մասնագիտական հարաբերությունների։
Շատ ավելի արդյունավետ է համապատասխան պատմությունն ուղարկել 10 կամ 15 լրագրողի, որոնց հետ արդեն կան ձևավորված հարաբերություններ, քան նույն նամակն ուղարկել 1,500 անծանոթի։ Հարաբերությունները չեն երաշխավորում հրապարակում, բայց տալիս են մի բան, որը զանգվածային նամակագրությունը չի կարող տալ՝ արդեն սկսված երկխոսություն և հստակ պատկերացում այն մասին, թե ինչն է հետաքրքրում տվյալ լրագրողին։
Այս կապերը կարևոր են նաև հենց լրագրողների համար։ Ըստ CoinFunnel-ի՝ լրագրողների 53%-ը PR մասնագետների հետ իրենց հարաբերությունները համարում է կարևոր կամ շատ կարևոր իրենց մասնագիտական հաջողության համար։ Սա ապացուցում է, որ արդյունավետ PR-ը սկսվում է շատ ավելի վաղ, քան առաջանում է որևէ նորություն ներկայացնելու անհրաժեշտություն։
Ազդեցությունը բիզնեսի վրա. Ամեն անգամ նորություն կիսելիս զրոյից սկսելու փոխարեն, ընկերությունն արդեն գիտի, թե որ լրագրողներին դա կհետաքրքրի։ Դա խնայում է ժամանակ, հանգեցնում է ավելի որակյալ զրույցների և մեծացնում գաղափարների ու պատմությունների հրապարակման հավանականությունը։
Ինչպե՞ս սկսել կիրառել այս սովորությունները
Պարտադիր չէ այս սովորությունները ներդնել մեկ առ մեկ։ Թեև շատ մասնագետներ խորհուրդ են տալիս սկսել մեկ սովորությունից, և դեպքերի մեծ մասում դա ճիշտ մոտեցում է, այս կետերը վերաբերում են կյանքի և աշխատանքի բոլորովին տարբեր ոլորտներին, ուստի միանգամից մի քանիսը սկսելը լիովին իրատեսական է։
Ամենօրյա զբոսանքը չի խանգարի լրագրողների հետ կապեր հաստատելուն, իսկ մարզչի հետ աշխատելը չի խոչընդոտի գործող հաճախորդներին ավելի շատ ժամանակ տրամադրելուն։ Կարևորն ընտրելն է այն սովորությունները, որոնք համապատասխանում են տվյալ անձի կյանքին ու բիզնեսին, հետևել դրանց մի քանի ամիս և ուշադրություն դարձնել փոփոխություններին։ Փոքր սովորությունները հազվադեպ են կարևոր թվում տվյալ պահին, սակայն ժամանակի ընթացքում հենց դրանք են ձևավորում կայուն և հաջողակ բիզնեսը։