«Յուրաքանչյուր երեխայի դարձնել արքայազն». NVIDIA-ի փոխնախագահը նշել է, թե ինչպես ԱԲ-ն կփոխի կրթությունը Հայաստանում

Արհեստական բանականությունը կարող է անհատական ուսուցումը հասանելի դարձնել յուրաքանչյուր երեխայի՝ օգնելով բացահայտել նրա ունակությունները և հաշվի առնել զարգացման առանձնահատկությունները


ԵՐԵՎԱՆ, 21 նոյեմբերի․ /Նովոստի-Արմենիա/․ Արհեստական բանականությունը հնարավորություն է ստեղծում յուրաքանչյուր երեխայի համար՝ ապահովելու անհատականացված կրթությամբ, որը նախկինում հասանելի էր միայն թագավորական ընտանիքների ներկայացուցիչներին։


Այս մասին հայտարարել է NVIDIA ընկերության փոխնախագահ Ռև Լեբարեդյանը՝ Հայաստանում արհեստական բանականության զարգացման հեռանկարների քննարկման ժամանակ։


Լեբարեդյանը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ միասին շաբաթ մասնակցել է Երևանում ընթացող Digitec 2026 տեխնոլոգիական ցուցահանդեսի ու համաժողովի շրջանակում «Հայաստանի AI հնարավորությունը. գաղափարից՝ գործողություն» խորագրով քննարկմանը։


NVIDIA-ի ներկայացուցչի խոսքով՝ նախկինում թագավորական ընտանիքների երեխաները, մասնավորապես արքայազները, ստանում էին անհատական կրթություն։ Ամբողջ դասարանի համար մեկ ուսուցչի փոխարեն նրանք ունեին մի քանի դասավանդողներ, որոնցից յուրաքանչյուրը մասնագիտացած էր առանձին առարկայի գծով։


«Գուցե հիմա մեզ մոտ հնարավորություն է առաջացել յուրաքանչյուր երեխայի դարձնել արքայազն։ Նա կարող է ունենալ փորձագետներ յուրաքանչյուր առարկայի գծով, որոնք կուսուցանեն նրան՝ հաշվի առնելով անհատական նպատակներն ու կարիքները», – նշել է Լեբարեդյանը։


Նա պարզաբանել է, որ արհեստական բանականության տեխնոլոգիաները թույլ են տալիս նման մոտեցում կիրառել կրթության մեջ՝ ուսուցումը հարմարեցնելով յուրաքանչյուր աշակերտի ունակություններին, կարիքներին և նպատակներին։


Վարչապետ Նիկոլ Փաշինյանն աջակցել է այս գաղափարին՝ նշելով, որ յուրաքանչյուր երեխա օժտված է առանձնահատուկ ունակություններով, սակայն ավանդական կրթական համակարգը միշտ չէ, որ թույլ է տալիս լիարժեք բացահայտել և զարգացնել դրանք։


Կառավարության ղեկավարի խոսքով՝ արհեստական բանականությունը կարող է օգնել ստեղծել անհատական կրթական ծրագրեր՝ հաշվի առնելով յուրաքանչյուր աշակերտի ուժեղ և թույլ կողմերը։


Մասնավորապես, երեխան կարող է բարձր ունակություններ դրսևորել մաթեմատիկայից, սակայն դժվարություններ ունենալ լեզուների կամ արվեստի ուսումնասիրության հարցում։ ԱԲ-ի կիրառումը թույլ կտա կրթական գործընթացը հարմարեցնել նրա անհատական առանձնահատկություններին՝ պահպանելով վերահսկողությունն ուսուցիչների, դպրոցների և պետության կողմից։


«Մեզ մոտ աննախադեպ հնարավորություն է ստեղծվում կյանքի կոչել այն պատկերացումը, որ յուրաքանչյուր երեխա չափազանց տաղանդավոր է։ Սա դարձնել ոչ թե պարզապես տեսական հայեցակարգ, այլ գործնական ծրագիր», – ընդգծել է Փաշինյանը։


Քննարկման մասնակիցներն անհատականացված ուսուցումը ներկայացրել են որպես կրթության ոլորտում արհեստական բանականության կիրառման հեռանկարային ուղղություններից մեկը։


 

Leave a comment