ՌԴ-ն, ԱՄՆ-ն ու Չինաստանն աշխարհի երեք ամենահզոր պետություններն են, հատկապես՝ տեխնոլոգիական ոլորտում. Թրամփ

Ռուսաստանի Դաշնությունը, Միացյալ Նահանգները և Չինաստանն աշխարհի երեք ամենահզոր պետություններն են, հատկապես՝ տեխնոլոգիական ոլորտում։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Սպիտակ տանը մամուլի ասուլիսի ժամանակ՝ Ասիա կատարած իր այցից վերադառնալուց հետո։

«Այդ առումով մենք, անկասկած, ամենահզորն ենք աշխարհում։ Մենք, անշուշտ, ունենք այդ ուժը. մենք ամենահզորն ենք», – ասել է Թրամփը։

ԱՄՆ ղեկավարը նաև բարձր է գնահատել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Չինաստանի նախագահ Սի Ծինպինի հետ ունեցած քննարկումները, որոնք տեղի են ունեցել «Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցություն» (APEC) կազմակերպության գագաթնաժողովի շրջանակներում։ Նա նշել է, որ մասնակիցների միջև «անհավանական էներգիա» կար, իսկ շփումները բնորոշել է որպես «ֆանտաստիկ»։ ԱՄՆ նախագահը նաև «ֆանտաստիկ» է որակել Պուտինի հետ իր հարաբերությունները։

Բացի այդ, Թրամփն Ասիա կատարած իր այցը բնորոշել է որպես ԱՄՆ պատմության մեջ ամենահաջողվածներից մեկը։ Նա հայտնել է, որ չորս օրվա ընթացքում հանդիպումներ է ունեցել պետությունների ավելի քան 20 ղեկավարների հետ և մասնակցել չորս գագաթնաժողովի։

Այցի արդյունքում Վաշինգտոնը կնքել է երկու առևտրային համաձայնագիր, իսկ մոտ ապագայում նախատեսվում է ստորագրել ևս 10-ը։ Թրամփն ընդգծել է, որ ուղևորության ընթացքում ինքը «վերահաստատել է ԱՄՆ դաշինքները տարածաշրջանի երկրների հետ և նպաստել խաղաղության ու անվտանգության ամրապնդմանը ամբողջ աշխարհում»։

 

Leave a comment