Էստոնիայի իշխանությունները նոյեմբերի 20-ին որոշում են կայացրել փակել Ռուսաստանի հետ սահմանին մնացած անցակետերը։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
Նրա խոսքով՝ Տալլինի այս քայլը, որն իրականացվել է էստոնական ռազմարդյունաբերական ձեռնարկության վրա իբր ռուսական հատուկ ծառայությունների կազմակերպած անհաջող հրկիզման փորձի պատրվակով, բացահայտ առճակատման բնույթ ունի և միտված է Ռուսաստանի հետ հարաբերությունների, ինչպես նաև Բալթյան տարածաշրջանում իրավիճակի առավել սրմանը։
«Անցակետերի միակողմանի փակումը խախտում է Ռուսաստանի բազմաթիվ քաղաքացիների իրավունքներն ու շահերը և բացասական հետևանքներ կունենա տնտեսական ու սոցիալական ոլորտներում, հատկապես՝ Էստոնիայի սահմանամերձ շրջաններում»,-ասել է պաշտոնյան՝նշելով, որ որոշումն ընդունվել է հապճեպ՝ առանց Մոսկվայի հետ որևէ խորհրդակցության։ Զախարովայի խոսքով՝ Ռուսաստանը կարծում է, որ երկրի շուրջ «սանիտարական պատնեշ» ստեղծելու և այն մեկուսացնելու փորձերը թանկ կարժենան նախաձեռնողներին։
Ռուսաստանի դիրքորոշումը փոխանցելու և Էստոնիայի թշնամական գործողությունների անընդունելիությունը հայտնելու նպատակով ՌԴ ԱԳՆ է կանչվել Էստոնիայի գործերի ժամանակավոր հավատարմատարը։