ՀԱՊԿ-ը կարող է հեռացնել ՀՀ-ին՝ առանց նրա համաձայնության․ ինչո՞ւ չի անում և ի՞նչ է նախատեսում կանոնադրությունը 

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ անդամ, սակայն այլևս չի մասնակցում կազմակերպության բարձր մակարդակի նիստերին, չի վճարում անդամավճարները, իսկ վերջերս զրկվել է նաև քվեարկելու իրավունքից։ 

Այս իրավիճակում հարց է առաջանում՝ ո՞րն է լինելու հաջորդ քայլը։ Հայաստանը սեփական նախաձեռնությամբ դուրս կգա՞ ՀԱՊԿ-ից, թե՞ կազմակերպությունը կարող է առանց համաձայնության հեռացնել Հայաստանին այդ շարքերից։

Factor.am-ն ուսումնասիրել է ՀԱՊԿ-ի կանոնադրությունն ու որոշումների ընդունման ընթացակարգերը՝ պարզելու, թե ինչ պայմաններում կարող են սահմանափակվել անդամ պետությունների իրավունքները, կասեցվել նրանց մասնակցությունը կամ դադարեցվել անդամակցությունը։ Անդրադարձել ենք նաև Հայաստանի և ՀԱՊԿ-ի հարաբերությունների սրման պատճառներին ու կողմերի հակասական դիրքորոշումներին։

Կարո՞ղ է ՀԱՊԿ-ը հեռացնել Հայաստանին՝ առանց նրա համաձայնության

ՀԱՊԿ-ի կանոնադրությունը նախատեսում է անդամ պետության մասնակցությունը կասեցնելու և նրան կազմակերպությունից հեռացնելու հնարավորություն։

Կանոնադրության 20-րդ հոդվածի համաձայն՝ եթե անդամ պետությունը չի կատարում կանոնադրության դրույթները, Հավաքական անվտանգության խորհրդի որոշումները կամ դրանց կատարման նպատակով կազմակերպության այլ մարմինների ընդունած որոշումները, Խորհուրդը կարող է կասեցնել տվյալ պետության մասնակցությունը կազմակերպության մարմինների գործունեությանը։

Եթե պետությունը շարունակի չկատարել այդ պարտավորությունները, Խորհուրդը կարող է որոշում ընդունել նրան կազմակերպությունից հեռացնելու մասին։

Ուշագրավ է, որ հոդվածն ուղղակիորեն նախատեսում է՝ այդ որոշումներն ընդունվում են առանց համապատասխան անդամ պետության ձայնը հաշվի առնելու։

Դրա ընդունման ընթացակարգը մանրամասն կարգավորվում է 2004 թվականի հունիսի 18-ին Աստանայում ընդունված որոշմամբ։

Հատկանշական է, որ այս տարվա հոկտեմբերի 22-ին, լրագրողների հետ ճեպազրույցում, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ևս ընգծել է որ կանոնադրային այդ հնարավորությունը ՀԱՊԿ-ում առկա է։

«Հետաքրքիր է՝ ինչո՞ւ, օրինակ, ՀԱՊԿ-ից Հայաստանին չեն հեռացնում, չէ՞ որ այնտեղ այդ կանոնադրային հնարավորությունը կա»,- նշել է Փաշինյանը։

Այդ որոշման երրորդ հավելվածի 8-րդ կետի համաձայն՝ կանոնադրության 20-րդ և 25-րդ հոդվածներով նախատեսված միջոցների կիրառման մասին վերջնական որոշումն ընդունվում է կոնսենսուսով՝ առանց այն պետության ձայնը հաշվի առնելու, որի նկատմամբ քննարկվում է սահմանափակման կիրառումը։

Այսինքն՝ Հայաստանի դեպքում որոշումը պետք է համաձայնեցնեն ՀԱՊԿ մյուս հինգ անդամ պետությունները՝ Ռուսաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղզստանը և Տաջիկստանը։

Նույն կարգի համաձայն՝ անդամ պետությունը, որի մասնակցության կասեցման կամ հեռացման հարցն է քննարկվում, իրավունք ունի ներկայացնելու գրավոր առարկություններ, պարզաբանումներ, ինչպես նաև ստանձնած պարտավորությունների կատարման վերաբերյալ սեփական գնահատականը։

Կարող են ստեղծվել նաև հատուկ աշխատանքային խմբեր կամ հանձնաժողովներ, որոնք հարցն ուսումնասիրելիս պետք է հաշվի առնեն տվյալ պետության դիրքորոշումը։

Սակայն այդ պետության դիրքորոշման կամ փաստարկների առարկությունը ինքնին չի կարող արգելափակել վերջնական որոշումը։

Ինչ կարող էր անել Հայաստանը քվոտա ունենալու դեպքում 

ՀԱՊԿ կանոնադրության համաձայն՝ Հավաքական անվտանգության խորհրդի, Արտաքին գործերի նախարարների խորհրդի, Պաշտպանության նախարարների խորհրդի և Անվտանգության խորհուրդների քարտուղարների կոմիտեի ոչ ընթացակարգային որոշումներն ընդունվում են կոնսենսուսով։

Այսինքն՝ մինչև քվեարկության իրավունքի սահմանափակումը Հայաստանը կարող էր արգելափակել կազմակերպության ոչ ընթացակարգային որոշումների ընդունումը՝ դրանց դեմ պաշտոնապես առարկելով։

Սակայն Հայաստանի իշխանությունները բազմիցս հայտարարել էին, որ չեն մասնակցում կազմակերպության որոշումների ընդունմանը, բայց նաև չեն խոչընդոտում դրանց։

2024 թվականի մարտի 26-ին հրապարակված հարցազրույցում Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր․

«Մենք ՀԱՊԿ միջոցառումներին բարձր ու բարձրագույն մակարդակով չենք մասնակցում։ ՀԱՊԿ որոշումները չենք արգելափակում, բայց դրանց չենք մասնակցում»։

Այս համատեքստում ուշագրավ է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Թաալաթբեկ Մասադիկովի՝ այս տարվա հոկտեմբերի 23-ի հայտարարությունը։

ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում նա հայտնել էր, որ Հայաստանը, չնայած մասնակցության սառեցմանը, շարունակում է ներկայացուցիչ ունենալ ՀԱՊԿ Մշտական խորհրդի ամենշաբաթյա նիստերին։

Մասադիկովի խոսքով՝ կազմակերպությունը Հայաստանին ուղարկում է որոշումների նախագծերը՝ ներպետական համաձայնեցման համար, իսկ հայկական կողմը պատասխանում է, որ չի մասնակցում տվյալ հարցի քննարկմանը կամ որոշման ընդունմանը, սակայն չի առարկում դրա ընդունմանը սահմանափակ ձևաչափով։

ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը չի հրապարակել այդ նիստերին մասնակցող Հայաստանի ներկայացուցչի անունը։ 

Իսկ 2023 թվականի սեպտեմբերին Հայաստանը հետ էր կանչել կազմակերպությունում իր մշտական և լիազոր ներկայացուցչին։

Ի պատասխան Factor.am-ի հարցին, թե արդյոք Հայաստանն առհասարակ ներկայացուցիչ ունի, որը մասնակցում է ՀԱՊԿ-ի աշխատանքներին, ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանը վերահաստատել է, որ 2023 թվականի սեպտեմբերին ՀԱՊԿ-ում Հայաստանի մշտական և լիազոր ներկայացուցիչը հետ է կանչվել, իսկ նոր ներկայացուցիչ չի նշանակվել։

«ՀԱՊԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցչությունում դիվանագետ հավատարմագրված չէ։ Ներկայումս ՀՀ-ն կազմակերպության աշխատանքներին չի մասնակցում։

ՀԱՊԿ կանոնադրական մարմիններում ՀՀ-ին հատկացված քվոտային հաստիքները ՀՀ կողմից չեն համալրվում»,- ասվում է ԱԳՆ-ի պատասխանում։

Ինչպե՞ս կարող է Հայաստանն ինքնուրույն դուրս գալ ՀԱՊԿ-ից

Կազմակերպությունից կամավոր դուրս գալու ընթացակարգը սահմանված է ՀԱՊԿ կանոնադրության 19-րդ հոդվածով։

Ըստ այդ հոդվածի՝ յուրաքանչյուր անդամ պետություն իրավունք ունի դուրս գալ կազմակերպությունից։ Սակայն դրա համար անհրաժեշտ է նախ կարգավորել ՀԱՊԿ-ի շրջանակում ստանձնած պարտավորությունները և դուրս գալու նախատեսված օրվանից առնվազն վեց ամիս առաջ պաշտոնապես ծանուցել կանոնադրության ավանդապահին։

2004 թվականի հունիսի 18-ի որոշմամբ հաստատված՝ կազմակերպությանն անդամակցելու և դրանից դուրս գալու կարգի 10-րդ կետն ավելի հստակ է ձևակերպում այդ պահանջը։

Դրանում նշվում է, որ պետությունը պետք է կարգավորի նաև իր ֆինանսական պարտավորությունները, ապա դուրս գալու մտադրության մասին պաշտոնական գրավոր ծանուցում ներկայացնի։

Այսինքն՝ եթե Հայաստանը որոշի սեփական նախաձեռնությամբ դուրս գալ ՀԱՊԿ-ից, պետք է նախ կարգավորի կազմակերպության շրջանակում ունեցած պարտավորությունները, այդ թվում՝ ֆինանսական։

Սակայն ուսումնասիրված փաստաթղթերը չեն հստակեցնում՝ պարտավորությունների կարգավորումը պարտադիր ենթադրո՞ւմ է պարտքի ամբողջական մարում, թե՞ հնարավոր են նաև դրա կարգավորման այլ՝ համաձայնեցված եղանակներ։

Ավելին՝ հաշվի առնելով Հայաստանի ԱԳՆ-ի՝ 2024 թվականի բյուջեով ֆինանսական պարտավորություն չստանձնելու վերաբերյալ նախկին հայտարարությունը, առանձին պարզաբանման կարիք ունի նաև այն հարցը, թե Հայաստանն ընդունո՞ւմ է ՀԱՊԿ-ի հաշվարկած պարտքի գոյությունն ու չափը։

Ինչո՞ւ Հայաստանը զրկվեց քվեարկելու իրավունքից

Նոյեմբերի 11-ին Մոսկվայում կայացած ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նիստում որոշում ընդունվեց Հայաստանի նկատմամբ կիրառել կազմակերպության կանոնադրության 25-րդ հոդվածը՝ անդամավճարների պարտքի պատճառով։

ՀԱՊԿ կանոնադրության 25-րդ հոդվածի համաձայն՝ եթե անդամ պետությունը երկու տարվա ընթացքում չի կատարում կազմակերպության բյուջեի նկատմամբ պարտքը մարելու պարտավորությունը, Հավաքական անվտանգության խորհուրդը որոշում է ընդունում կասեցնելու այդ պետության քաղաքացիներին քվոտային պաշտոններում առաջադրելու իրավունքը, ինչպես նաև զրկելու նրան կազմակերպության մարմիններում քվեարկելու իրավունքից։

Այսինքն, ստացվում է ՀԱՊԿ-ը զրկել է Հայաստանին մի իրավունքից, որից Հայաստանը գործնականում չէր օգտվում։

ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Թաալաթբեկ Մասադիկովը նոյեմբերի 12-ին հաստատել է, որ Հայաստանին կազմակերպությունից հեռացնելու հարց գագաթնաժողովի օրակարգում չի եղել։ Նրա խոսքով՝ անդամավճարների պարտքը մարելու դեպքում Հայաստանը կարող է վերականգնել սահմանափակված իրավունքները։

Հայաստանը պարտավո՞ր է վճարել ՀԱՊԿ անդամավճարները

Հայաստանը 2024 թ․-ից դադարեցրել է ՀԱՊԿ-ի անդամավճարների վճարումը։

Դեռևս 2024 թվականի մայիսին ԱԳՆ խոսնակ Անի Բադալյանը Factor.am-ի գրավոր հարցմանն ի պատասխան հայտնել էր, որ Հայաստանը չի միանալու կազմակերպության 2024 թվականի բյուջեի մասին որոշմանը և չի մասնակցելու դրանով նախատեսված ֆինանսավորմանը։

Նույն թվականի դեկտեմբերի 11-ին ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարեց, որ կազմակերպության ֆինանսավորումը ՀԱՊԿ անդամ յուրաքանչյուր պետության անքակտելի պարտավորությունն է։

Նրա խոսքով՝ դեռևս 2003 թվականին անդամ պետությունները հաստատել են անդամավճարների բաշխման չափաբաժինները, որոնց համաձայն՝ Ռուսաստանը ֆինանսավորում է կազմակերպության բյուջեի 50 տոկոսը, իսկ մյուս հինգ անդամ պետություններից յուրաքանչյուրը՝ 10 տոկոսը։

Զախարովան ընդգծել էր, որ ՀԱՊԿ-ի ֆինանսավորումից ձեռնպահ մնալու հնարավորություն նախատեսված չէ, իսկ ընթացիկ ֆինանսական տարում չփոխանցված անդամավճարները ձևավորում են պետության պարտքը։

Սակայն ուշագրավ է, որ ընդամենը ութ օր անց՝ դեկտեմբերի 19-ին, Factor.am-ի մեկ այլ գրավոր հարցմանն ի պատասխան ՀՀ ԱԳՆ-ն ներկայացրել էր ֆինանսական պարտավորությունների վերաբերյալ այլ իրավական մեկնաբանություն։

ԱԳՆ-ն պնդել էր, որ Հայաստանը, չստորագրելով ՀԱՊԿ-ի 2024 թվականի բյուջեի որոշումը, այդ որոշմամբ ֆինանսական պարտավորություն չի ստանձնել։

Գերատեսչությունից հայտնել էին․

«Հաշվի առնելով, որ որևէ որոշմամբ պարտավորության ստանձնումն իրականացվում է տվյալ որոշմանը միանալով՝ «ՀԱՊԿ 2024 թվականի բյուջեի մասին» ՀԱՊԿ ՀԱԽ սահմանափակ ձևաչափով ընդունված որոշման ստորագրությամբ Հայաստանի Հանրապետությունը որևէ ֆինանսական պարտավորություն չի ստանձնել»։

Իսկ ի՞նչ են սահմանում ՀԱՊԿ-ի իրավական կարգավորումները

Հայկական կողմի այս դիրքորոշման իրավական հիմքերից մեկը կարող է լինել ՀԱՊԿ կանոնադրության 12-րդ հոդվածը։ Դրա համաձայն՝ Հավաքական անվտանգության խորհրդի, Արտաքին գործերի նախարարների խորհրդի, Պաշտպանության նախարարների խորհրդի և Անվտանգության խորհուրդների քարտուղարների կոմիտեի ոչ ընթացակարգային որոշումներն ընդունվում են կոնսենսուսով։

Միաժամանակ, հոդվածը նախատեսում է որոշումների ընդունում սահմանափակ ձևաչափով, եթե անդամ պետություններից ոչ մեկը չի առարկում այդ ձևաչափով որոշում ընդունելու և համապատասխան որոշման դեմ։

12-րդ հոդվածի վերջին պարբերությունն ուղղակիորեն սահմանում է․

«Այն անդամ պետությունը, որը չի քվեարկել սահմանափակ ձևաչափով որոշման ընդունման օգտին, պատասխանատվություն չի կրում ընդունված որոշման հետևանքների համար»։

Այս դրույթը կարող է հիմք հանդիսանալ Հայաստանի ԱԳՆ-ի այն պնդման համար, որ ֆինանսական պարտավորություն չի ստանձնել հենց 2024 թվականի բյուջեի մասին որոշմամբ, որին չի միացել։

Սակայն կանոնադրության 24-րդ հոդվածը սահմանում է կազմակերպության ֆինանսավորման ընդհանուր սկզբունքները։

Ըստ այդ հոդվածի՝ ՀԱՊԿ-ի բյուջեն ձևավորվում է անդամ պետությունների բաժնային վճարներից, որոնց չափերը հաստատվում են Հավաքական անվտանգության խորհրդի կողմից։

Յուրաքանչյուր բյուջետային տարվա նախագիծը մշակում է ՀԱՊԿ քարտուղարությունը՝ անդամ պետությունների հետ համաձայնեցմամբ և կազմակերպության բյուջեի ձևավորման ու կատարման կարգի մասին առանձին կանոնակարգին համապատասխան։ Բյուջեն հաստատվում է Հավաքական անվտանգության խորհրդի կողմից։

Թե որքանով է իրավաչափ այն մեկնաբանությունը, որ ՀԱՊԿ-ի 2024 թվականի բյուջեի մասին սահմանափակ ձևաչափով ընդունված որոշմանը չմիանալը Հայաստանին ազատում է ֆինանսական պարտավորություններից, միանշանակ եզրակացնել հնարավոր չէ։

Մինչդեռ, ՀԱՊԿ-ը համարում է, որ Հայաստանը չի կատարել իր ֆինանսական պարտավորությունները։

Ինչպես նշվեց վերևում, կազմակերպության կանոնադրության 25-րդ հոդվածը սահմանում է, որ եթե անդամ պետությունը երկու տարվա ընթացքում չի մարում ՀԱՊԿ-ի բյուջեի նկատմամբ ունեցած պարտքը, Հավաքական անվտանգության խորհուրդը որոշում է ընդունում կասեցնելու այդ պետության քաղաքացիներին քվոտային պաշտոններում առաջադրելու իրավունքը, ինչպես նաև զրկելու նրան կազմակերպության մարմիններում քվեարկելու իրավունքից՝ մինչև պարտքի ամբողջական մարումը։

Հենց այս հոդվածի հիման վրա էլ 2026 թվականի նոյեմբերի 11-ին ՀԱՊԿ-ը սահմանափակեց Հայաստանի իրավունքները։

Իսկ որքա՞ն գումար է կազմում անդամավճարը

Ըստ ՌԴ ԱԳՆ-ի՝ 2024 թվականի համար Հայաստանի անդամավճարը սահմանվել էր 53,22 միլիոն ռուբլի։ Որն այսօրվա փոխարժեքով կազմում է մոտ՝ 232.79 մլն դրամ։

2026 թվականի օգոստոսին ՀԱՊԿ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Վիկտոր Վասիլևը հրապարակեց այդ տարվա բյուջեի տվյալները։ Նրա խոսքով՝ ՀԱՊԿ քարտուղարության բյուջեն կազմել է 278,27 միլիոն, իսկ Միացյալ շտաբինը՝ 292,07 միլիոն ռուբլի։

Հաշվի առնելով, որ Հայաստանի մասնաբաժինը կազմում է կազմակերպության բյուջեի 10 տոկոսը՝ 2026 թվականի համար նրա հաշվարկային անդամավճարը կազմում է շուրջ 57 միլիոն ռուբլի։ 2025թ․ անդամավճարի չափի վերաբերյալ տվյալներ բաց աղբյուրներում չհայտնաբերվեց։

Ինչպե՞ս սկսվեց Հայաստանի և ՀԱՊԿ-ի հարաբերությունների սրումը

ՀԱՊԿ-ի նկատմամբ Հայաստանի իշխանությունների դժգոհությունը խորացավ 2021 և 2022 թվականներին Հայաստանի ինքնիշխան տարածք ադրբեջանական զինուժի ներխուժումներից հետո։

2021 թվականի մայիսի 12-ին ադրբեջանական զինուժը ներխուժեց Հայաստանի տարածք՝ Սյունիքի մարզի Սև լճի ուղղությամբ։ Նույն օրերին ադրբեջանական ստորաբաժանումներ էին ներխուժել նաև Գեղարքունիքի մարզի որոշ սահմանային հատվածներ։

Հաջորդ օրը՝ մայիսի 13-ին, այդ ժամանակ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն Անվտանգության խորհրդի արտահերթ նիստում հայտարարեց, որ ադրբեջանական զինծառայողները հատել են Հայաստանի պետական սահմանը։ Նա հանձնարարեց սկսել Հավաքական անվտանգության պայմանագրի 2-րդ հոդվածով նախատեսված խորհրդակցությունները։

Պայմանագրի 2-րդ հոդվածի համաձայն՝ անդամ պետություններից մեկի կամ մի քանիսի անվտանգությանը, կայունությանը, տարածքային ամբողջականությանը և ինքնիշխանությանը սպառնալիք առաջանալու դեպքում անդամ պետությունները պետք է անհապաղ գործարկեն համատեղ խորհրդակցությունների մեխանիզմը, համակարգեն իրենց դիրքորոշումները և մշակեն ու ընդունեն առաջացած սպառնալիքը վերացնելուն ուղղված օգնության միջոցառումներ։

Հայաստանի դիմումից հետո ՀԱՊԿ-ում խորհրդակցություններ անցկացվեցին, սակայն ՀԱՊԿ-ը Հայաստանի տարածք ադրբեջանական զինուժի ներխուժումը դատապարտող համատեղ հայտարարություն կամ Հայաստանին ռազմական օգնություն տրամադրելու որոշում չընդունեց։

Ավելին՝ հուլիսի 3-ին ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը Հայաստանի հարավում ստեղծված իրավիճակը որակեց որպես «սահմանային միջադեպ»՝ հայտարարելով, որ այն չի համապատասխանում հավաքական պաշտպանության մեխանիզմը գործարկելու պայմաններին։

Նա նաև հայտնել էր, որ իրավիճակը մշտադիտարկելու հատուկ խումբ ձևավորելու որոշում չի կայացվել։

Հայաստանի իշխանությունները համաձայն չէին այդ գնահատականին։ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն ընդգծել էր, որ տեղի ունեցածը չի կարելի համարել պարզապես սահմանային միջադեպ, քանի որ ադրբեջանական զինծառայողները շարունակում էին գտնվել Հայաստանի ինքնիշխան տարածքում։

2022 թվականի սեպտեմբերյան հարձակումն ու ՀԱՊԿ-ի արձագանքը

2022 թվականի սեպտեմբերի 13-ին ադրբեջանական զինված ուժերը լայնածավալ հարձակումներ սկսեցին Հայաստանի ինքնիշխան տարածքի մի շարք ուղղություններով։ Նույն օրը Հայաստանը դիմեց ՀԱՊԿ-ին՝ այս անգամ Հավաքական անվտանգության պայմանագրի 4-րդ հոդվածի հիման վրա՝ խնդրելով անհրաժեշտ օգնություն, այդ թվում՝ ռազմական։

Սեպտեմբերի 13-ին Նիկոլ Փաշինյանի նախագահությամբ տեղի ունեցավ ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի արտահերթ նիստը։

Հաջորդ օրը վարչապետը Ազգային ժողովում պարզաբանեց, որ Հայաստանը կազմակերպությանը դիմել է Հավաքական անվտանգության պայմանագրի 4-րդ հոդվածի հիման վրա՝ խնդրելով անհրաժեշտ օգնություն, այդ թվում՝ ռազմական։

Պայմանագրի 4-րդ հոդվածի համաձայն՝ անդամ պետություններից մեկի նկատմամբ ագրեսիան՝ նրա անվտանգությանը, կայունությանը, տարածքային ամբողջականությանը և ինքնիշխանությանը սպառնացող զինված հարձակումը, դիտարկվում է որպես ագրեսիա բոլոր անդամ պետությունների նկատմամբ։

Հոդվածը նախատեսում է նաև հարձակման ենթարկված պետության խնդրանքով անհրաժեշտ օգնության, այդ թվում՝ ռազմական օգնության տրամադրում՝ ՄԱԿ-ի կանոնադրության 51-րդ հոդվածով նախատեսված հավաքական ինքնապաշտպանության իրավունքի շրջանակում։

ՀԱՊԿ-ը, սակայն, որոշեց ոչ թե ռազմական օգնություն տրամադրել, այլ Հայաստան ուղարկել փաստահավաք առաքելություն։

Փաշինյանը ՀԱՊԿ-ից ակնկալում էր երկու քայլ՝ քաղաքական հստակ գնահատական տալ 2021 թվականի մայիսից սկսված և 2022 թվականի սեպտեմբերի 13–14-ին շարունակված ադրբեջանական հարձակումներին և մշակել Հայաստանի տարածքային ամբողջականության վերականգնման հստակ ճանապարհային քարտեզ։

Սակայն նոյեմբերի 23-ին Երևանում կայացած ՀԱՊԿ գագաթնաժողովում Հայաստանին օժանդակություն ցուցաբերելու համատեղ միջոցառումների վերաբերյալ որոշման նախագիծը չընդունվեց։

Նիկոլ Փաշինյանը հրաժարվեց ստորագրել ներկայացված փաստաթղթերը՝ պատճառաբանելով, որ դրանցում բացակայում է Հայաստանի դեմ ադրբեջանական գործողությունների հստակ քաղաքական գնահատականը։ Նա պահանջում էր նաև Ադրբեջանի հետ քաղաքական և դիվանագիտական աշխատանք իրականացնել՝ Հայաստանի ինքնիշխան տարածքից ադրբեջանական ստորաբաժանումների անհապաղ և անվերապահ դուրսբերումն ապահովելու համար։ Բայց այդ ամենը չիրականացավ։

Այսպիսով, 2021 և 2022 թվականներին Հայաստանի դիմումներից հետո ՀԱՊԿ-ը խորհրդակցություններ է անցկացրել, իսկ 2022 թվականին նաև փաստահավաք առաքելություն գործուղել Հայաստան։ Սակայն պահանջած քաղաքական գնահատականի ու ռազմական օգնության վերաբերյալ որոշումները չեն ընդունվել։

2024թ․ մամուլի ասուլիսում ժամանակ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, անդրադառնալով Հայաստանի-ՀԱՊԿ հարաբերություններին անդրադարձել է 2022 թվականի սեպտեմբերին Հայաստանի դեմ ադրբեջանական հարձակմանը և ՀԱՊԿ-ի արձագանքին և  վկայակոչելով Վլադիմիր Պուտինին հայտարարել է, որ հայ-ադրբեջանական սահմանը սահմանազատված և սահմանագծված չէ, իսկ տեղի ունեցածը բնութագրել է որպես «2-3 կիլոմետրի հարց» և «փոխհրաձգություններ»։

Հայաստանն ինչպես սառեցրեց մասնակցությունը ՀԱՊԿ-ին

Այս իրադարձություններից հետո Հայաստանի իշխանությունները սկսեցին աստիճանաբար սահմանափակել մասնակցությունը կազմակերպության աշխատանքներին։

2023 թվականի նոյեմբերի 14-ին Նիկոլ Փաշինյանը Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյին տեղեկացրեց, որ չի մասնակցելու Մինսկում նախատեսված ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նիստին։

2024 թվականի փետրվարին Փաշինյանը France 24-ին տված հարցազրույցում հայտարարեց, որ Հայաստանը գործնականում սառեցրել է մասնակցությունը ՀԱՊԿ-ին, քանի որ կազմակերպությունը ,չի կատարել Հայաստանի նկատմամբ իր անվտանգային պարտավորությունները։

Մասնակցության սառեցումից մի քանի ամիս անց՝ 2024 թվականի հունիսի 13-ին, Փաշինյանն Ազգային ժողովում հայտարարեց, որ հաջորդ տրամաբանական քայլը լինելու է ՀԱՊԿ-ից դուրս գալը։

Նա, սակայն, չհստակեցրեց այդ գործընթացի ժամկետը՝ նշելով, որ որոշումը կկայացնի կառավարությունը։

Չնայած դրան մինչ օրս Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ում։

2026 թվականի հունիսի 11-ին վարչապետը հայտարարեց, որ եթե ՀԱՊԿ անդամ պետությունները որոշեն Հայաստանին հեռացնել կազմակերպությունից, ստիպված կլինի այդ որոշումն ընդունել ի գիտություն։

Օգոստոսի 24-ին Փաշինյանը հայտարարեց, որ նույնիսկ գոհ կլինի, եթե ՀԱՊԿ-ը որոշի հեռացնել Հայաստանին, քանի որ դա կազատի երկրին կազմակերպությունից դուրս գալու կամ չգալու երկընտրանքից։

Իսկ նոյեմբերի 5-ին, անդրադառնալով ՀԱՊԿ-ում Հայաստանի իրավունքների հնարավոր սահմանափակմանը, վարչապետը հայտարարեց, որ կազմակերպության հետ կապված հետաքրքրությունները սպառված են։

Իսկ ի՞նչ է ակնկալում ՀԱՊԿ-ը Հայաստանից

Հայաստանի մասնակցությունը սառեցնելու որոշմանն արձագանքել է նաև ՀԱՊԿ-ի ղեկավարությունը՝ տարբեր ժամանակներում Երևանից ակնկալելով անդամակցության ապագայի վերաբերյալ հստակ դիրքորոշում։

Դեռևս 2024 թվականի հունիսի 3-ին ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Իմանղալի Թասմաղամբետովը հայտարարել էր, որ կազմակերպությունն ակնկալում է, որ Հայաստանի քաղաքական ղեկավարությունը հստակություն մտցնի ՀԱՊԿ-ի հետ հարաբերությունների հեռանկարների հարցում։

Նրա խոսքով՝ դա անհրաժեշտ էր կազմակերպության հետագա համատեղ գործունեության լիարժեք պլանավորման համար։

2026 թվականի օգոստոսին ՀԱՊԿ նոր գլխավոր քարտուղար Թաալաթբեկ Մասադիկովն արդեն հայտարարել էր, որ կազմակերպությունում Հայաստանի հետագա մասնակցության վերաբերյալ որոշումը պետք է ընդունվի ողջամիտ ժամկետներում։

Հոկտեմբերին նա կրկին անդրադարձել էր հարցին՝ նշելով, որ Հայաստանի իշխանություններն ու ժողովուրդն իրենք պետք է որոշեն՝ շարունակե՞լ անդամակցությունը, թե՞ հեռանալ կազմակերպությունից։

Հոկտեմբերի 23-ին Մասադիկովը նաև գնահատել էր, որ Հայաստանը փաստացի արդեն դուրս է եկել ՀԱՊԿ-ից, թեև իրավական առումով շարունակում է մնալ անդամ։

Միաժամանակ ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հոկտեմբերի 28-ին հայտարարեց, որ Հայաստանը չի պատրաստվում փոխել իր դիրքորոշումը և չի տեսնում ՀԱՊԿ-ի աշխատանքներին վերադառնալու հնարավորություն։

Չնայած Հայաստանից հստակ դիրքորոշում ակնկալելու և անդամակցության հարցում կողմնորոշվելու վերաբերյալ այս հայտարարություններին՝ ՀԱՊԿ-ը Հայաստանին կազմակերպությունից հեռացնելու որոշում չի ընդունել։

Նոյեմբերի 11-ին կազմակերպությունը սահմանափակել է միայն Հայաստանի՝ քվեարկելու և քվոտային պաշտոններում քաղաքացիներ առաջադրելու իրավունքները։

Այսպիսով, ստացվում է, որ Հայաստանի և ՀԱՊԿ-ի հարաբերություններում ստեղծվել է իրավիճակ, երբ  Հայաստանը չի նախատեսում վերականգնել ակտիվ մասնակցությունը կազմակերպությանը, սակայն կազմակերպությունից դուրս չի գալիս, իսկ ՀԱՊԿ-ը շարունակում է Հայաստանին համարել իր անդամը, միաժանակ կիրառել է սահմանափակում, սակայն հեռացման վերաբերյալ քննարկում չի իրականացրել։

Կանոնադրությունը նախատեսում է և՛ կազմակերպությունից կամավոր դուրս գալու, և՛ անդամ պետությանը հեռացնելու մեխանիզմներ։

Միաժամանակ չպարզված է մնում կարևոր իրավական հարց՝ արդյո՞ք Հայաստանը պարտավոր է վճարել ՀԱՊԿ-ի հաշվարկած բոլոր անդամավճարները, եթե համապատասխան բյուջետային որոշումներին չի միացել։

Մարիա Խաչատրյան

Leave a comment