Պարոն Ռուբինյա՞ն, ի՞նչ կա էդքան ոգևորվել եք․ Աննա Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

«Դուք հետնորդը չեք լինելու, այդքան մի՛ աղաչեք ընդդիմության ձայները ստանալու համար»,- ԱԺ-ում ասաց «Հայաստան» խմբակցության ղեկավար Աննա Գրիգորյանը՝ դիմելով ԱԺ խոսնակ Ռուբեն Ռուբինյանին։

«Պարոն Ռուբինյան, ի՞նչ կա էդքան ոգևորվել եք։ Ձեզ թվում է՝ Նիկոլ Փաշինյանը որ ասում է՝ «անկախ արդյունքից գնալու եմ», ձեզ համար շանսերը մեծացե՞լ են ինչ-որ կարիերային աճ ապահովելու»,- ասաց Գրիգորյանը։

Ռուբեն Ռուբինյանը հակադարձեց՝ ասելով, որ ինքը, ի տարբերություն Գրիգորյանի, պաշտոնի համար թիմից թիմ չի անցնում։ Պատգամավորը, սակայն, խնդրեց Ռուբինյանին չընդհատել իրեն և չերկխոսել իր հետ։

Անդրադառնալով «Հայաստան» խմբակցության դիրքորոշմանը՝ Գրիգորյանը հայտարարեց, որ այն արտահայտված է դաշինքի ծրագրում, որտեղ, իր խոսքով, «ծովից ծով Հայաստանի» մասին որևէ դրույթ չկա։

«Ասում է՝ դուք պատերազմ եք ուզում, պատերազմի կուսակցություն եք։ Կարիք կա՞ որևէ մեկին հիշեցնելու՝ ում օրոք են եղել պատերազմները։ Էս մարդկանց օրոք երեք պատերազմ է եղել, գալիս, ամեն անգամ կանգնում ասում են՝ դուք պատերազմ եք ուզում, դուք պատերազմի կուսակցություն եք։ Դե լավ, ինքնահայեցումը լավ բան է, հայելու մեջ նայել ու ճշմարտությունը իմանալը լավ բան է։ Ամեն ինչ մոռացվելու է, պատմության մեջ միևնույն է՝ գրվելու է, որ այս կուսակցության օրոք եղել է երեք պատերազմ, պարտություն, նվաստացում։ Սա ա իրականությունը»,- ընդգծեց Գրիգորյանը։

Շարունակելով ավելի վաղ սկսած բանավեճը Ռուբինյանի հետ, Գրիգորյանը նրան խորհուրդ տվեց ընդդիմության հետ չխոսել այդքան հուզական ու կտրուկ։

«Ուզում եմ ասել՝ պարո՛ն Ռուբինյան, որպես վաղեմի հակառակորդներ՝ մի խորհուրդ․ էդքան պետք չի այսպես լալահառաչ, պատառոտելով մեզ հետ խոսեք․ ինքը ձեզ էլ է գցելու»,- նշեց Աննա Գրիգորյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Արփի Հակոբյան

Leave a comment