Ազգային ժողովի նիստում «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ներկայացուցիչները ընդդիմությանը մեղադրեցին Արցախյան հակամարտությունը շարունակելու ձգտման մեջ, իսկ ընդդիմադիրները հակադարձեցին՝ իշխանություններին մեղադրելով Ադրբեջանի պահանջները կատարելու և ընդդիմությանը պատերազմի կողմնակից ներկայացնելու մեջ։
ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանն իր ելույթում անդրադարձավ ընդդիմության դիրքորոշումներին՝ պնդելով, որ Արցախյան հակամարտության ավարտին դեմ լինելը նշանակում է կողմ լինել ռազմական գործողությունների վերսկսմանը և նոր զոհերին։
«Դուք դեմ եք Արցախյան հակամարտությունը փակելուն: Իսկ դեմ լինել Արցախյան հակամարտությունը փակելուն նշանակում է կողմ լինել կրակոցներին… նշանակում է կողմ լինել զոհերին, նշանակում է կողմ լինել Եռաբլուրի մեծացմանը: …Դուք, այս երկու խմբակցությունը… ես ուզում եմ ժողովուրդը տեսնի այս մարդկանց դեմքերը․ էս մարդիկ խաղաղության վերջին խոչընդոտն են: Այս մարդիկ ամեն օր, ամեն Աստծու օր անում են ամեն ինչ հակամարտությունը վերակենդանացնելու ու Եռաբլուրը կրկնապատկելու, եռապատկելու ու քառապատկելու, վերջում էլ Հայաստանը միութենական պետություն մտցնելու համար»,- հայտարարեց Ռուբինյանը։
Նա ընդդիմադիր երկու խմբակցություններին մեղադրեց խաղաղության գործընթացը խոչընդոտելու և հակամարտությունը վերսկսելու փորձերի մեջ՝ պնդելով, որ նրանց քաղաքականությունը կարող է հանգեցնել Հայաստանի ինքնիշխանության կորստին։
Քննարկմանը միացավ նաև «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը, որն անդրադարձավ Հայ Հեղափոխական Դաշնակցության ծրագրային դրույթներին և պատմական տարածքների վերաբերյալ կուսակցության դիրքորոշումներին։
Կոնջորյանը հայտարարեց, որ Դաշնակցության ծրագիրը տարածքային հավակնություններ է պարունակում Հայաստանի չորս հարևաններից երեքի նկատմամբ։ Նա հեգնանքով անդրադարձավ նաև «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանին։
«Դաշնակցություն կուսակցության ծրագիրը… մեր հարևաններից չորսից երեքի նկատմամբ տարածքային հավակնություն ունի և պատրաստվում է մի հատ մեծ տարածաշրջանային պատերազմ սանձազերծել: Ես ընդհանրապես կարծում եմ, որ Դաշնակցությունը երբ որ նման բան է գրում ծրագրի մեջ, առնվազն պետք է Քրիստինե Վարդանյանը գրպանում մի հատ ջրածնային ռումբ ունենա, որ կարողանա սպասարկել այդ ծրագիրը: …Դուք ունեք երկու ծրագիր՝ մեկը հրապարակային, մեկը ոչ հրապարակային»,- ասաց Կոնջորյանը։
Նա ընդդիմությանը մեղադրեց հրապարակային և ոչ հրապարակային տարբեր քաղաքական օրակարգեր ունենալու համար։
Մանրամասները՝ տեսանյութում։
Եվգենյա Համբարձումյան