Ինքնիշխանությունը կիսատ քարտեզը կրծքին փակցնելը չէ. Մարիաննա Ղահրամանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Քաղաքականություն

20.11.2026 | 18:07

Հայաստանի Սահմանադրությունը փոխելու՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի պահանջը շարունակում է մնալ Բաքվի օրակարգում՝ չնայած Վաշինգտոնում նախաստորագրված խաղաղության համաձայնագրին։ Ազգային ժողովում 2027 թվականի պետական բյուջեի քննարկումների ընթացքում պնդեց «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Մարիաննա Ղահրամանյանը՝ իշխանություններին մեղադրելով Հայաստանի ինքնիշխանությանը վնասելու մեջ։

«Սահմանադրությունը այն փաստաթուղթն է, որը արտահայտում է ժողովրդի կամքը ու ոչ մի դեպքում չի կարող արտահայտել օտար պետության ղեկավարի կամքը։ Օգոստոսի 9-ին՝ վաշինգտոնյան ստորագրությունից մեկ օր անց, Իլհամ Ալիևը նորից խոսեց Հայաստանի Սահմանադրությունը փոխելու պահանջի մասին, որպես նախապայման հնչեցրեց։ Հիմա հարցադրում՝ եթե նախաստորագրված պայմանագրում արձանագրված է, որ կողմերը միմյանց նկատմամբ տարածքային պահանջներ չունեն, չեն միջամտելու միմյանց ներքին գործերին, ունեն միջազգային պայմանագրային պարտավորություն, ինչո՞ւ է Հայաստանի Սահմանադրությունը փոխելու պահանջը՝ ալիևյան պահանջը, շարունակում մնալ Բաքվի օրակարգում։ Այո՛, ալիևյան պահանջը և ալիևյան Սահմանադրության նախագիծը»,- ասաց Ղահրամանյանը։
Ղահրամանյանը իշխանություններին մեղադրեց ինքնիշխանության մասին խոսելիս Հայաստանի ինքնիշխանությանը վնասելու մեջ։

«Ինքնիշխանության մասին ձեր ուժը թերևս ամենաշատն է խոսել, բայց, ցավալիորեն, դուք Հայաստանի ինքնիշխանությանը ամենաշատը վնասած քաղաքական ուժն եք։ Ինքնիշխանությունը միայն սեփական դրոշ ունենալը չէ, ինքնիշխանությունը կիսատ քարտեզը կրծքին փակցնելը չէ, ինքնիշխանությունը անգամ ՄԱԿ-ում սեփական աթոռ ունենալը չէ։ Ինքնիշխանությունը կարողությունն է սեփական ժողովրդի անունից կայացնել որոշումներ, ոչ թե առաջնորդվել օտար երկրի ղեկավարի կամքով»,- ասաց ընդդիմադիր պատգամավորը։

Պատգամավորի համոզմամբ՝ զիջումների շղթան չի կանգնելու, և այսօր Սահմանադրության փոփոխության պահանջից հետո Ադրբեջանը կարող է այլ պահանջներ ներկայացնել Հայաստանի նկատմամբ։

Մանրամասները՝ տեսանյութում։

Արփի Հակոբյան

Leave a comment