Հասարակություն
20.11.2026 | 16:58
Իրանից Հայաստան ժամանած երկու բեռնատար ավտոմեքենաների զննության արդյունքում Պետական եկամուտների կոմիտեի աշխատակիցները հայտնաբերել են ընդհանուր 247 հազար 100 տուփ չհայտարարագրված ծխախոտ։ Բեռնատարները տեղափոխել են շինարարական տարբեր ապրանքներ։ ՊԵԿ-ի նախնական հաշվարկներով՝ ծխախոտի ապօրինի ներմուծման հետևանքով պետական բյուջե չի վճարվել շուրջ 96,4 մլն դրամի ակցիզային հարկ։
Դեպքերի առթիվ Քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել են քրեական վարույթներ։
ՊԵԿ-ի հաղորդագրությունը՝ ստորև․
ՀՀ պետական եկամուտների կոմիտեի մաքսանենգության դեմ պայքարի վարչությունը շարունակում է հետևողական միջոցառումներ իրականացնել Հայաստանի Հանրապետություն ծխախոտային արտադրանքի ապօրինի ներմուծման դեպքերը կանխելու և բացահայտելու ուղղությամբ։ Իրականացվող աշխատանքներն ուղղված են մաքսանենգության դեմ պայքարի արդյունավետության բարձրացմանը, մաքսային օրենսդրության պահանջների պահպանմանն ու երկրի տնտեսական անվտանգության պաշտպանությանը։
Օպերատիվ տվյալներն իրացնելիս՝ Մաքսանենգության դեմ պայքարի և Պետական սահմանի ցամաքային անցման կետերում մաքսային սպասարկման և հսկողության վարչությունների աշխատակիցները համատեղ, մաքսային հսկողության շրջանակում, զննման են ենթարել ԻԻՀ-ից ՀՀ ժամանած երկու բեռնատար ավտոմեքենա, որոնք բեռնված են եղել շինարարության համար նախատեսված տարբեր ապրանքներով։ Զննության արդյունքում բեռնատարների կցորդներից հայտնաբերվել է չհայտարարագրված ընդհանուր 247 հազ․ 100 տուփ ծխախոտ:
Կատարված նախնական հաշվարկների համաձայն՝ Հայաստանի քաղաքացիների կողմից վերոգրյալ ծխախոտները ՀՀ տարածք անօրինական ներմուծելու արդյունքում չի հաշվարկվել և պետական բյուջե չի վճարվել ընդհանուր՝ 96․369․000 ՀՀ դրամ ակցիզային հարկ։
Նշված դեպքերով, ՀՀ քրեական օրենսգրքի 290-րդ հոդվածի հատկանիշներով, ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչության աշխատակիցները առերևույթ հանցանքի մասին հաղորդումներ են ուղարկել Քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչություն, որտեղ նախաձեռնվել են քրեական վարույթներ։