Էստոնիայի կառավարությունը որոշել է դեկտեմբերի 1-ից փակել Ռուսաստանի հետ սահմանը

Քաղաքականություն

20.11.2026 | 16:15

Էստոնիայի կառավարությունը որոշում է կայացրել փակել Ռուսաստանի հետ ցամաքային սահմանի բոլոր անցակետերը։ Այս մասին հայտնում է ERR-ը՝ հղում անելով վարչապետ Քրիստեն Միխալին, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը։

Միխալը մամուլի ասուլիսի ժամանակ հայտնել է, որ բոլոր անցակետերը, երկուսը՝ Նարվայում և երկուսը՝ Էստոնիայի հարավ-արևելքում (Կոյդուլա և Լուհամաա), կփակվեն դեկտեմբերի 1-ից՝ տեղական ժամանակով 07:00-ին։

Նա հավելել է, որ վեց ամիս անց կառավարությունը կգնահատի անվտանգության իրավիճակը և կորոշի՝ արդյո՞ք անհրաժեշտ է շարունակել անցակետերի փակումը։ Միխալի խոսքով՝ իշխանությունները կքննարկեն նաև այն միջոցները, որոնք պետք է մեղմեն սահմանի փակման սոցիալական և տնտեսական հետևանքները։

Էստոնիայի իշխանությունները Ռուսաստանի հետ բոլոր սահմանային անցակետերը փակելու ծրագրերի մասին հայտարարել էին նոյեմբերի 15-ին։ Դա տեղի էր ունեցել Threod Systems ընկերության շենքը հրկիզելու փորձից հետո։ Ընկերությունն արտադրում է անօդաչու թռչող սարքեր, այդ թվում՝ Ուկրաինայի համար։

Էստոնիայի հակահետախուզությունը կարծում է, որ հարձակման փորձը համակարգել է Ռուսաստանի ռազմական հետախուզությունը (ԳՌՈՒ)։ Կրեմլում այդ կասկածներն անհիմն էին անվանել։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

Leave a comment