Քաղաքականություն
20.11.2026 | 16:24
Մենք ողջունում և աջակցում ենք Հայաստանի ու Ադրբեջանի հարաբերությունների կարգավորմանը։ Այս մասին ամենշաբաթյա ճեպազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ անդրադառնալով Դուբլինում ավելի վաղ Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի շրջանակում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպմանը։
«Բաքվի ու Երևանի միջև կայուն խաղաղությունն ամբողջ Հարավային Կովկասի կայունության ու բարգավաճման հիմնական գործոններից է։ Եվ դրանում շահագրռված են ոչ միայն տարածաշրջանի երկրները, այլև հարևանները՝ ՌԴ-ն, Իրանն ու Թուրքիան»,- ասել է Զախարովան։
Նա նշել է, թե հայ-ադրբեջանական կարգավորման ներկա փուլը սկսվել է ռուսական կողմից և ՌԴ-ի մասնակցությամբ հաջողվել է հասնել նշանակալի արդյունքների։ Ըստ նրա՝ 2020, 2021 թվականներին ՌԴ-ի, ՀՀ-ի և Ադրբեջանի ղեկավարների եռակողմ պայմանավորվածությունների հիման վրա «բոլոր առանցքային ուղղություններով մշակվել է ճանապարհային քարտեզ», որոնց թվում են խաղաղության պայմանագրի համաձայնեցումը, տարածաշրջանում տրանսպորտային և տնտեսական կապերի համապարփակ ապաշրջափակումը, հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատումն ու սահմանագծումը, ինչպես նաև երկու երկրների միջև վստահության մթնոլորտ ձևավորելու նպատակով քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների միջև շփումների հաստատումը։
«Դրանք բոլորն արդիական են նաև այսօր, կողմերից ոչ մեկը պայմանավորվածություններից իր ստորագրությունը հետ չի կանչել։ Ներկայում Բաքուն ու Երևանը նախընտրում են ուղիղ երկխոսություն միմյանց հետ։ Որոշումը, իհարկե, հարգում ենք, պատրաստ ենք մեր գործընկերներին աջակցել ամենալայն շրջանակով, եթե անհրաժեշտություն առաջանա»,- հայտարարել է Զախարովան։
Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի