Մինչև տարեվերջ նախատեսվում է պահեստազորի մինչև 10 սպայի զորակոչել պարտադիր զինվորական ծառայության

Պաշտպանության նախարարությունն առաջարկում է 2026 թվականին հայտարարել պահեստազորի սպայական կազմի պարտադիր զինվորական ծառայության զորակոչ՝ սահմանելով զորակոչվողների առավելագույն թվաքանակը մինչև 10 անձ։

Նախագծի հիմնավորման համաձայն՝ պարտադիր զինվորական ծառայության զորակոչի ենթակա են բարձրագույն ուսումնական հաստատությունում սովորելու ընթացքում զինվորական պատրաստություն անցած և պահեստազորի սպայի որակավորում ստացած մինչև 35 տարեկան տղամարդիկ։

Ներկայումս այդ կարգավիճակն ունեցող մինչև 35 տարեկան 18 քաղաքացի կա, որոնցից 5-ը նախկինում խուսափել են զորակոչից, իսկ 13-ը ենթակա են վերափորձաքննության։ Բացի այդ, հաշվառված է 35 տարին լրացած ևս 3 քաղաքացի, որոնք նախկինում խուսափել են զորակոչից և կարող են կամավոր հիմունքներով, օրենքով նախատեսված վճարումը կատարելով, ներգրավվել զորակոչին։

Նախագծում նշվում է, որ զորակոչ հայտարարելուց հետո հնարավոր է նաև նույն կարգավիճակն ունեցող այլ սպաների ներգրավում։ Հաշվի առնելով այս հանգամանքը՝ առաջարկվում է զորակոչվողների առավելագույն թվաքանակը սահմանել 10։

Պաշտպանության նախարարությունը հիշեցնում է, որ 2017 թվականին «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի ընդունմամբ վերացվել է բուհերում ուսման կապակցությամբ տարկետման նախկին համակարգը։ Դրա շրջանակում Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի արական սեռի ուսանողները ստանում էին տարկետում, անցնում ռազմական պատրաստություն, իսկ ուսումն ավարտելուց հետո ստանում առաջին սպայական կոչում և հաշվառվում պահեստազորում։

2018-2019 ուսումնական տարվանից ԵՊԲՀ-ում սովորելու համար տարկետում տրամադրվում է միայն «Պատիվ ունեմ» ծրագրի շրջանակում։

Նախկին համակարգով սովորած և պահեստազորի սպայական կազմ ընդգրկված քաղաքացիների թիվը տարիների ընթացքում աստիճանաբար նվազել է։ Արդյունքում 2023 և 2024 թվականներին զորակոչի ենթակա անձանց բացակայության պատճառով պահեստազորի սպաների պարտադիր զինվորական ծառայության զորակոչ չի հայտարարվել։

2025 թվականին զորակոչվել է մինչև 35 տարեկան մեկ քաղաքացի, որը նախկինում խուսափել էր զորակոչից։ Նույն տարում զորակոչվելու համար դիմել և ծառայության է անցել նաև 35 տարին լրացած մեկ քաղաքացի, որը ևս նախկինում խուսափել էր զորակոչից։

Նախագծում անդրադարձ է կատարվում նաև 2024 թվականի փետրվարի 12-ից ուժի մեջ մտած օրենսդրական փոփոխությանը, որով նախկինում պարտադիր զինվորական ծառայությունից խուսափած պահեստազորի սպաներին հնարավորություն է տրվել մինչև 45 տարեկանը կամավոր զորակոչվել ծառայության՝ ընտրելով հետևյալ տարբերակներից մեկը՝

  • 24 ամիս ծառայություն՝ առանց վճարման,
  • 12 ամիս ծառայություն՝ պետական բյուջե վճարելով 2,5 միլիոն դրամ,
  • 6 ամիս ծառայություն՝ վճարելով 5 միլիոն դրամ,
  • 1 ամիս ծառայություն՝ վճարելով 8 միլիոն դրամ,
  • ծառայությունից ազատվել՝ պետական բյուջե վճարելով 15 միլիոն դրամ։

Նշված հնարավորությունները գործում են օրենքով սահմանված պայմանների առկայության դեպքում։

Եվգենյա Համբարձումյան

 

 

Leave a comment