Իտալիայում կյանքի թանկացման դեմ համընդհանուր գործադուլ է սկսվել

Ուրբաթ օրը Իտալիայի բոլոր ոլորտների՝ թե՛ պետական, թե՛ մասնավոր հատվածի աշխատողները մասնակցել են 24-ժամյա համընդհանուր գործադուլի՝ ընդդեմ կյանքի թանկացման։

Այս գործողությունն արդեն իսկ խափանումներ է առաջացրել տարբեր ծառայությունների և տրանսպորտային ցանցերի աշխատանքում․ այս մասին հայտնել է ANSA լրատվական գործակալությունը։

24-ժամյա գործադուլը նախաձեռնել է CGIL արհմիությունը, և դրան մասնակցում են ինչպես պետական, այնպես էլ մասնավոր հատվածի աշխատակիցները։

Ուրբաթ օրը նախատեսված են ավելի քան 100 հանրահավաքներ և երթեր՝ ի բողոք կյանքի բարձր ծախսերի, ինչպես նաև առողջապահության և կրթության ոլորտներում ֆինանսավորման կրճատումների։ Աշխատողներին միանում են նաև ուսանողները, ովքեր նաև դեմ են արտահայտվում պաշտպանական ծախսերի ավելացմանը։

Բողոքի ակցիաներն արդեն իսկ հանգեցրել են տրանսպորտային խափանումների մայրաքաղաքում։ Հռոմի մետրոյի C գիծը փակվել է, իսկ A և B գծերում սպասվում է երթևեկության կրճատում։ Հնարավոր է նաև վերգետնյա տրանսպորտի աշխատանքի սահմանափակում։

Օդային և երկաթուղային տրանսպորտը, այդ թվում՝ երկաթուղային բեռնափոխադրումները, դուրս են մնացել գործադուլից՝ Գործադուլի իրավունքի երաշխավորման հանձնաժողովի միջամտությունից հետո։ Այնուամենայնիվ, արհմիությունների կողմից նախաձեռնված երկաթուղային աշխատողների առանձին գործադուլը նախատեսված է սկսել շաբաթ օրը երեկոյան։

Leave a comment