Նավթի և բնական գազի ներմուծման համաշխարհային ծախսերը, չնայած պահանջարկի նվազմանը, կարող են աճել 25%-ով՝ հասնելով 1,6 տրլն դոլարի։ Այս մասին նշվում է Միջազգային էներգետիկ գործակալության World Energy Outlook զեկույցում։
Գործակալության գնահատմամբ՝ Մերձավոր Արևելքում հակամարտության հետևանքով առաջացած էներգետիկ ճգնաժամի հանգուցալուծումը կարող է նպաստել նավթի և գազի գների նվազմանը։ Սակայն իրավիճակի կարգավորման հեռանկարներն ու ժամկետները շարունակում են անորոշ մնալ։ Եթե Հորմուզի նեղուցով մատակարարումների սահմանափակումները զգալիորեն մեղմացվեն, համաշխարհային շուկայում առաջարկի և պահանջարկի հավասարակշռությունը կարող է փոխվել։
ՄԷԳ-ի կանխատեսմամբ՝ հակամարտության ավարտից հետո նավթի և գազի պահանջարկը կարճաժամկետ հեռանկարում կխթանվի ճգնաժամից հետո տնտեսական ակտիվության վերականգնմամբ և սպառված պաշարները համալրելու անհրաժեշտությամբ։
Միաժամանակ մի շարք երկրներում սպասվում է արդյունահանման աճ։ Արաբական Միացյալ Էմիրությունները, որոնք այլևս սահմանափակված չեն ՕՊԵԿ+ քվոտաներով, նախատեսում են զգալիորեն ընդլայնել արտադրությունը։ Վենեսուելայում նավթի արդյունահանումը կարող է ավելանալ օրական 1,5 մլն բարելով՝ առաջիկա տասը տարիներին նախատեսվող 70 մլրդ դոլարի ներդրումների շնորհիվ։
Էներգակիրների ներմուծման ծախսերի աճը ուժեղացնում է գնաճային ճնշումը նավթի և գազի արտաքին մատակարարումներից կախված երկրներում։ Վառելիքի թանկացումն ազդում է ոչ միայն բենզինի և ջեռուցման ծախսերի, այլև տրանսպորտային սակագների, էլեկտրաէներգիայի, պարարտանյութերի արտադրության և արդյունաբերական ապրանքների ինքնարժեքի վրա։
Առավել խոցելի են Ասիայի և Աֆրիկայի զարգացող տնտեսությունները, որտեղ էներգիայի սպառման զգալի մասը ապահովվում է ներմուծման հաշվին։
ՄԷԳ-ի գնահատմամբ՝ Հորմուզի նեղուցով նավագնացության վերականգնումը և արդյունահանող երկրների առաջարկի ավելացումը կարող են շուկայի հավասարակշռությունը փոխել հօգուտ գնորդների։ Սակայն գների նվազումը կախված կլինի ճգնաժամի տևողությունից և վնասված էներգետիկ ենթակառուցվածքների վերականգնման արագությունից։