Բնական գազի համաշխարհային պահանջարկը կարող է կրճատվել 1.5%-ով

Միջազգային էներգետիկ գործակալությունը  կանխատեսում է, որ բնական գազի համաշխարհային պահանջարկը կնվազի շուրջ 1.5%-ով կամ 65 մլրդ խորանարդ մետրով։ ՄԷԳ-ը վերանայել է իր նախկին կանխատեսումը, որով ակնկալվում էր պահանջարկի ընդամենը 0.5% նվազում։ Կանխատեսման վատթարացումը պայմանավորված է Մերձավոր Արևելքում հակամարտության հետևանքով էներգակիրների մատակարարումների խափանումներով։

Գործակալության տվյալներով՝ հակամարտության ազդեցության գագաթնակետին բնական գազի համաշխարհային մատակարարումները կրճատվել են օրական 320 մլն խորանարդ մետրով։

Բնական գազի համաշխարհային շուկան շարունակում է խիստ զգայուն մնալ աշխարհաքաղաքական ռիսկերի և մատակարարումների ընդհատումների նկատմամբ, քանի որ կորցրած ծավալներն արագ փոխարինելու հնարավորությունները սահմանափակ են։

Միաժամանակ երկարաժամկետ հեռանկարում բնական գազի պահանջարկի աճի հիմնական աղբյուրը շարունակում է մնալ Ասիան, հատկապես Չինաստանն ու Հնդկաստանը, որտեղ գազը լայնորեն օգտագործվում է էլեկտրաէներգիայի արտադրության և արդյունաբերության մեջ։

Եվրոպայում, հակառակը, բնական գազի սպառումը զսպվում է վերականգնվող էներգետիկայի զարգացման, էներգաարդյունավետության բարձրացման և նախորդ էներգետիկ ճգնաժամի հետևանքների պատճառով։

Մերձավոր Արևելքում հակամարտության հետևանքով առաջարկի կրճատումը կարող է սրել ներմուծողների մրցակցությունը հեղուկացված բնական գազի (LNG) հասանելի խմբաքանակների համար, հատկապես ջեռուցման սեզոնին ընդառաջ։

Սա ստեղծում է բնական գազի գների բարձրացման ռիսկեր ինչպես եվրոպական, այնպես էլ ասիական շուկաներում։

Leave a comment