Սոնա Ղազարյանը ելույթն իրարանցում առաջացրեց. «Մեկ նպատակ ունեք` հարստանալու»․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Ազգային ժողովի լիագումար նիստում «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սոնա Ղազարյանի ելույթն ուղեկցվեց ընդդիմադիր պատգամավորների հետ բանավեճով և դահլիճում բարձրացած աղմուկով։ Ղազարյանն անդրադարձավ Անկախության հռչակագրին, նոր Սահմանադրության շուրջ քննարկումներին, նախկին իշխանությունների վարած բանակցություններին և ընդդիմադիրների ֆինանսավորման աղբյուրներին։

Սոնա Ղազարյանը քննադատեց ընդդիմադիր պատգամավոր Լիլիթ Գալստյանին՝ անդրադառնալով վերջինիս՝ իշխանություններին ուղղված տարածքներ հանձնելու մեղադրանքներին։ Ղազարյանը հիշեցրեց Ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցություններում տարածքների վերադարձի շուրջ քննարկումները՝ մեղադրելով նախկին իշխանություններին զիջումների պատրաստ լինելու մեջ։

«Տիկին Լիլիթ Գալստյանն ասում է՝ հայրենիքը հանձնել եք: …Տիկի՛ն Գալստյան, ո՞րն էր ձեր հայրենիքը․ էն որ բանակցում էիք 5+2 տա՞լ, հա՞… այսինքն՝ դուք իրական դավաճան եք, որովհետև իրականում այն, ինչ որ դուք համարել եք հայրենիք, դուք բանակցել եք, թե ինչ հերթականությամբ եք հանձնելու»,- հայտարարեց Ղազարյանը։

Պատգամավորը խոսեց նաև Հայաստանի անկախության նկատմամբ Դաշնակցության դիրքորոշման մասին՝ պնդելով, որ կուսակցությունը 1990-ականներին դեմ է եղել Հայաստանի անկախությանը։

Անդրադառնալով Անկախության հռչակագրի և նոր Սահմանադրության շուրջ քննարկումներին՝ Սոնա Ղազարյանը քննադատեց ընդդիմադիրներին՝ հայտարարելով, որ նրանք խոսում են հռչակագրից՝ անգամ չիմանալով դրա ընդունման թվականը։

«Ամենացավալին այն է, որ Անկախության հռչակագրի դեմ խոսում են այն մարդիկ, ովքեր ամեն բան մինչև վերջին պահը արել են, որ Լեռնային Ղարաբաղում բնակվող մի հայ չմնա՝ Սամվել Շահրամանյանի գլխավորությամբ, ով լուծարեց Լեռնային Ղարաբաղը: Անկախության հռչակագրի դեմ խոսում են մարդիկ, ովքեր անգամ չգիտեն, թե որ թվականին է այն ընդունվել… ոչ թե 91-ին, 90-ին է ընդունվել»,- ասաց պատգամավորը։
Ելույթի ընթացքում Ղազարյանն անդրադարձավ նաև ընդդիմադիրների ֆինանսավորման աղբյուրներին՝ պնդելով, որ նրանց քաղաքական գործունեությունը կապված է գործարար Սամվել Կարապետյանի ֆինանսական շահերի հետ։

Դիմելով «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արեգնազ Հովսեփյանին՝ Ղազարյանը հայտարարեց, որ վերջինս նախկինում վարձատրվել է «Տաշիր գրուպի» կողմից, և ընդդիմության գործողությունները պայմանավորված են Սամվել Կարապետյանի ունեցվածքը պահպանելու նպատակով։
«Ձեզ համար, ինչպես նախկինում, այնպես էլ հիմա իշխանությունը մի նպատակ ունի՝ հարստանալու: …Դուք, տիկի՛ն Հովսեփյան, ձեր աշխատավարձը վերջին տարիների ընթացքում «Տաշիր գրուպից» է գեներացվել… Փող եք ստացել Սամվել Կարապետյանից, և հիմա ձեր դարդը մեկն է՝ անել այնպես, որ Սամվել Կարապետյանը չունեզրկվի, որովհետև էդ է ձեր աղբյուրը, կապիտալի խնդիր կա»,- հայտարարեց Ղազարյանը։

Այս հայտարարություններից հետո դահլիճում աղմուկ բարձրացավ։ Նիստը վարողը նախազգուշացում հայտարարեց Արեգնազ Հովսեփյանին։
Ելույթի ավարտին Սոնա Ղազարյանը հեգնանքով անդրադարձավ նաև ընդդիմադիր պատգամավոր Արթուր Ղազինյանին՝ խոսելով նրա՝ կին պատգամավորին արձագանքելու մասին։

«Այսօր լիագումար նիստերի դահլիճում… պարոն Ղազինյանն առաջին անգամ արձագանքեց կնոջը: Ես կարծում եմ՝ պետք է ծափողջույններով ողջունել պարոն Ղազինյանի ֆեմինիստական առաջին դրսևորումը: Լավ է, վստահ եմ՝ մինչև սահմանադրական հանրաքվեն պարոն Ղազինյանը մեզ կզարմացնի իր գենդերազգայունության նոր դրսևորումներով»,- ասաց Ղազարյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։
Եվգենյա Համբարձումյան

Leave a comment