Ձեր քաղաքականության գենետիկ կոդի մեջ դրված է՝ անկախության հարցը ժողովուրդը չէ, որ պետք է որոշի. Հայկ Կոնջորյան

Ձեր քաղաքականության գենետիկ կոդի մեջ դրված է՝ անկախության հարցը ժողովուրդը չէ, որ պետք է որոշի. Հայկ Կոնջորյան

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Ազգային ժողովի՝ նոյեմբերի 20-ի նիստին իշխող և ընդդիմադիր խմբակցությունները ներկայացրին, թե ինչու են կողմ և դեմ նոր Սահմանադրության ընդունմանը:

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը խոսքն ուղղեց հանրությանը:

«Եթե մենք՝ որպես հանրություն, Իլհամ Ալիևին ցույց ենք տալիս, որ նորմալ է իր պահանջով Սահմանադրություն փոխել, եթե գնում ենք այդ ճանապարհով, եթե Ալիևը տեսնում է, որ այդ գործիքը՝ «արե՛ք սա, թե չէ պատերազմ է լինելու», աշխատում է, մեկն ինձ տրամաբանական բացատրություն կարո՞ղ է ներկայացնել, թե ինչո՞ւ պիտի ինքը դադարի այդ գործիքն անդադար օգտագործել,- ասաց պատգամավորը, ապա հավելեց.- Եթե մենք՝ որպես հանրություն, ասում ենք՝ խնդիր չկա, պահանջում ես, սպառնալիք ես ներկայացնում, փոխում ենք մենք Մայր օրենքը, հեռացնում ենք մեր ծննդյան վկայականը Մայր օրենքից, դա կարո՞ղ է այլ պետությունների համար կանաչ լույս լինել, որ իրենք էլ ամեն մեկը գտնեն մի բան, որ իրենց խանգարում է, գան, նույն պահանջը դնեն, ասենք՝ եթե սա չանեք, լինելու է այսպես:

Եթե Ալիևի դեպքում աշխատում է, այս աշխարհում Ալիևից ուժեղ տղաներ ու աղջիկներ չկա՞ն, երկրի ղեկավարնե՞ր չկան: Եթե մի բան Ալիևը գործիք է դարձնում, այլ պետություններ գործիք չե՞ն դարձնի: Մենք սրա համար ենք ասում՝ սա Անկախության հռչակագրի հարց չէ, սա ինչ-որ հղում հանել-չհանելու հարց չէ, սա անկախության հարց է»:

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ներկայացուցիչ, ԱԺ փոխնախագահ Հայկ Կոնջորյանը արձագանքեց՝ համաձայն է ընդդիմադիր ուժի պատգամավորի հետ, սա անկախության մասին է, ապա շարունակեց.

«Այստեղ մենք ունենք համաձայնություն, որ նոր Սահմանադրությունը խաղաղության մասին է, անկախության մասին է, ինքնիշխանության մասին է, ՀՀ-ի հարատևությունը ապահովելու մասին է, և մենք ի՞նչ ենք ասում, ասում ենք՝ եկեք գնանք և ժողովրդին ասենք՝ դո՛ւ որոշիր անկախության հարցը, դո՛ւ որոշիր, քեզանից բացի՝ որևէ մեկը չի կարող որոշել անկախության հարցը:

Բայց դուք ի՞նչ եք ասում, ասում եք՝ ո՛չ, մենք թույլ չենք տա, որ ժողովուրդը որոշի անկախության հարցը, և այստեղ է, որ դուք ձեզ մատնում եք, որովհետև ձեր քաղաքականության գենետիկ կոդի մեջ միշտ դրված է եղել, որ ՀՀ ժողովրդի անկախության հարցը ՀՀ ժողովուրդը չէ, որ պետք է որոշի, ուրիշ տեղ պետք է որոշվի անկախության հարցը: Ու այստեղ է, այո՛, հայեցակարգային տարբերությունը, որ մենք ասում ենք՝ ՀՀ անկախության հարցը, ժողովո՛ւրդ ջան, դո՛ւք որոշեք, դուք ասում եք՝ ո՛չ, ՀՀ անկախության հարցը ժողովուրդը չէ, որ պետք է որոշի»:

Leave a comment