Տեխասում դատապարտյալի մահապատիժը տևել է մեկ ժամից ավելի

ԱՄՆ Տեխաս նահանգում դատապարտյալի մահապատիժը տևել է մեկ ժամից ավելի, քանի որ բանտի աշխատակիցները չեն կարողացել գտնել համապատասխան երակ՝ մահացու դեղաչափը ներարկելու համար։

«Գործընթացն ավարտվել է երեկոյան ժամը 7:07-ին՝ այն պահից 63 րոպե անց, երբ նրան ամրացրել էին հատուկ պատգարակին։ Մեկ րոպե անց՝ բժշկի կողմից զննումից հետո, Հանթսվիլի բանտում արձանագրվել է Դենեսի մահը՝ ժամը 7:08-ին»,- գրել են ԶԼՄ-ները։ 

Մահապատժի դատապարտված Ռեյնալդո Դենեսը մեղավոր էր ճանաչվել 1996 թվականին ադամանդների վաճառական Յանոշ Շուկսի՝ հրազենային կրակոցից սպանության համար։

Մահապատժի ընթացքում դատապարտյալին ներարկել են պենտոբարբիտալ՝ հանգստացնող դեղամիջոց։ Բանտի պաշտոնյաներից մեկի խոսքով՝ պահպանվել են բոլոր սահմանված արձանագրությունները, իսկ դատապարտյալի հառաչանքները, որոնք կարող էին ցավի մասին վկայել, գուցե ձևական կամ չափազանցված են եղել։

 

Leave a comment