Հայաստանի անասնաբույժները կարող են անվճար մասնակցել «ՎԵՏՏՈՐԻԱ» միջազգային մրցույթին և շահել մինչև 100 հազար ռուբլի
ԵՐԵՎԱՆ, 20 նոյեմբերի․/Նովոստի–Արմենիա/․ Հայաստանի անասնաբույժները կարող են մինչև 2026 թվականի դեկտեմբերի 31-ը անվճար հայտ ներկայացնել «ՎԵՏՏՈՐԻԱ» միջազգային մրցանակաբաշխությանը մասնակցելու համար։ Ժյուրիի կազմում ընդգրկված են Կենդանիների առողջության համաշխարհային կազմակերպության (ԿԱՀԿ / ВОЗЖ), Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության (ՊԳԿ / ФАО), Եվրասիական տնտեսական հանձնաժողովի և Ռուսաստանի գյուղատնտեսության նախարարության ներկայացուցիչները։ Հաղթողների համար նախատեսված մրցանակները կազմում են մինչև 100 հազար ռուբլի։
Մինչև դեկտեմբերի 31-ը շարունակվում է մանր ընտանի կենդանիների հետ աշխատող անասնաբույժների համար նախատեսված «ՎԵՏՏՈՐԻԱ» միջազգային մրցանակաբաշխության հայտերի ընդունումը։ Կարող են մասնակցել ցանկացած երկրի, այդ թվում՝ Հայաստանի մասնագետներն ու անասնաբուժական կլինիկաները։ Մասնակցությունն անվճար է։ Առաջին սեզոնի հաղթողների անունները կհրապարակվեն 2027 թվականի ապրիլի 8-ին Մոսկվայում։
Բարդ կլինիկական դեպքերը, կենդանիների փրկված կյանքերը, ախտորոշման և բուժման նոր մեթոդները հաճախ հայտնի են մնում միայն կլինիկայի գործընկերներին։ «ՎԵՏՏՈՐԻԱ»-ն ստեղծվել է, որպեսզի նման ձեռքբերումները տեսնի միջազգային մասնագիտական հանրությունը։ Մրցանակաբաշխությունն օգնում է տարբեր երկրների բժիշկներին իրականացնել փորձի փոխանակում և խրախուսում է ժամանակակից անասնաբուժական բժշկությունը զարգացնող մասնագետներին։
Միջազգային ժյուրի
Հայտերը կգնահատեն 13 փորձագետներ։ Նրանց թվում են՝
- Բուդիմիր Պլավշիչ, Կենդանիների առողջության համաշխարհային կազմակերպության տարածաշրջանային ներկայացուցիչ Եվրոպայում
- Օլեգ Կոբյակով, Ռուսաստանի Դաշնությունում ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության (FAO) բաժանմունքի տնօրեն
- Վլադիմիր Սուբոտին, Եվրասիական տնտեսական հանձնաժողով
- Սերգեյ Սերեդա, RSAVA-ի նախագահ
- Ռուսաստանի գյուղատնտեսության նախարարության, Ազգային անասնաբուժական պալատի և առաջատար անասնաբուժական բուհերի ներկայացուցիչներ
Ժյուրիի նախագահն է «Անասնաբուժությունն ու կյանքը» («Ветеринария и жизнь») պարբերականի գլխավոր խմբագիր, «Լինտեգա» («Линтега») մեդիախմբի հիմնադիր և ռազմավար Յուլիա Մելանոն։
Անվանակարգեր և մրցանակներ
Մրցանակաբաշխությունն ունի ութ անվանակարգ՝ «Տարվա անասնաբույժ», «Լավագույն կլինիկական նախագիծ», «Առաջին հայտնագործություն / նորարարական մեթոդ», «Տարվա կոմպետենցիա», «Տարվա երիտասարդ մասնագետ», «Լավագույն անասնաբուժական կլինիկա», «ՆԻՏԱ-ՖԱՐՄ-ի ընտրություն» և «Լսարանի ֆավորիտ»։
Յուրաքանչյուր անվանակարգում հաղթողը կստանա 100 հազար ռուբլի, երկրորդ տեղի համար՝ 70 հազար ռուբլի, երրորդ տեղի համար՝ 50 հազար ռուբլի։ Նախատեսված են նաև դիպլոմներ և գործընկերների հատուկ մրցանակներ։
Ովքեր կարող են մասնակցել
Պրակտիկ անասնաբույժներ՝ բարձրագույն անասնաբուժական կրթությամբ և առնվազն երեք տարվա աշխատանքային ստաժով։ «Տարվա երիտասարդ մասնագետ» անվանակարգի համար անհրաժեշտ է երեքից հինգ տարվա ստաժ։ Կլինիկայի անունից հայտը ներկայացնում է ղեկավարը կամ գլխավոր բժիշկը։
Օտարերկրյա մասնագետներն ու կլինիկաները մասնակցում են ընդհանուր պայմաններով։ Հայտի նյութերը ներկայացվում են ռուսերենով, օտար լեզվով փաստաթղթերին կցվում է թարգմանությունը։
Մասնակցության պայմաններն ու հայտի ձևը՝ հղումով։
Մրցանակաբաշխության մասին
«ՎԵՏՏՈՐԻԱ» միջազգային մրցանակաբաշխությունը հիմնադրվել է «Լինտեգա» մեդիախմբի և «Անասնաբուժությունն ու կյանքը» դաշնային ոլորտային պարբերականի կողմից։
Գլխավոր գործընկերն է «ՆԻՏԱ-ՖԱՐՄ» («НИТА-ФАРМ») ընկերությունը։
«Կենսապատրաստուկներ» անվանակարգի բացառիկ գործընկերը՝ «Վետբիոխիմ» («Ветбиохим»)։ Տեղեկատվական գործընկերներ՝ Ազգային անասնաբուժական պալատ, Ազգային անասնաբուժական ասոցիացիա, Բելառուսական անասնաբուժական ընկերություն, Անասնաբուժական արյունաբանության ասոցիացիա, Մոսկվայի Կ. Ի. Սկրյաբինի անվան անասնաբուժական ակադեմիա (МВА), Դոնի պետական ագրարային համալսարան (ДонГАУ), Ռուսաստանի ժողովուրդների բարեկամության համալսարան (РУДН), Vetsy և VETAPEX։