Լիանա Գասպարյանը ձայանգրություն միացրեց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

2027 թվականի պետական բյուջեի քննարկման ժամանակ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիանա Գասպրայանն անդրադարձավ կառավարական առանձնատների սպասարկման, բարձրաստիճան պաշտոնյաների կեցության, սննդի, արարողակարգային և տրանսպորտային սպասարկման ծախսերին՝ դրանց աճը հակադրելով անազատության մեջ գտնվող անձանց բժշկական օգնության և դատարանների խցերում պահման պայմանների խնդիրներին։

Նրա խոսքով՝ կառավարական առանձնատների տնտեսության սպասարկման ֆինանսավորումը տարեցտարի ավելացել է։

«2022 թվականի համեմատ 2027 թվականին տարեկան ֆինանսավորումը ավելանում է շուրջ 240 միլիոնով՝ ավելին, քան 50 տոկոսով։ Ուզում եմ ընդգծել՝ խոսքը միայն մեկ ուղղության՝ կառավարական առանձնատների տնտեսության սպասարկման ֆինանսավորման մասին է»,- ասաց նա:

Պատգամավորը հարց բարձրացրեց, թե ինչու են այդ ծախսերն անընդհատ ավելանում, և հանրությունն ինչ է ստանում դրա դիմաց։ Նրա խոսքով՝ խոսքը ոչ միայն պահպանության ու անվտանգության, այլև վերանորոգման, կահավորման, սննդի և կենցաղային սպասարկման ծախսերի մասին է։

Բարձրաստիճան պաշտոնյաների սպասարկման ծախսերը պատգամավորն այնուհետև հակադրեց քրեակատարողական հիմնարկներում անազատության մեջ գտնվող անձանց բժշկական օգնության ապահովման խնդիրներին։

 

Նրա խոսքով՝ յուրաքանչյուր ՔԿՀ պետք է ունենա աշխատունակ էլեկտրասրտագրության սարք, վերակենդանացման համար անհրաժեշտ սարքավորումներ և համապատասխան պատրաստվածություն ունեցող բուժանձնակազմ՝ ինֆարկտի, ինսուլտի, սրտի կանգի ու կյանքին սպառնացող այլ վիճակներում անհետաձգելի օգնություն ցուցաբերելու համար․ «Երբ պետությունն անձին պահում է անազատության մեջ, պետք է ստեղծի այնպիսի համակարգ, որը թույլ կտա կանխել բժշկական օգնության ուշացումը և հնարավոր մահվան դեպքերը, ինչը, ցավոք, մեր երկրում բացակայում է»։

 

Պատգամավորն անդրադարձավ նաև դատարանների խցերում պահման պայմաններին՝ մասնավորապես մատնանշելով Ավանի դատարանի խուցը, որտեղ, նրա խոսքով, կալանավորները խոնավության և կոյուղու հոտի պայմաններում ստիպված են ժամերով սպասել դատական նիստերին։ Նա նկարագրեց նաև ձմռանը Մասիվի դատարանի խցերում պահվող անձանց պայմանները՝ դրանք որակելով նվաստացուցիչ․ «Կարելի էր, օրինակ, մեկ տարվա պարգևավճար չստանալ և վերանորոգել այդտեղ պահվող պայմանները, որպեսզի մարդկանց համար գոնե այդ նվաստացուցիչ պայմանները չլինեին»։

Պատգամավորի խոսքով՝ դատական ակտի օրինական ուժի մեջ մտնելուց առաջ անձը պետք է օգտվի անմեղության կանխավարկածից, մինչդեռ պահման նման պայմանները հակասում են մարդու արժանապատվության և իրավունքների պաշտպանության սկզբունքներին։

Ելույթի երկրորդ հատվածում պատգամավորը հակադարձեց Հասմիկ Հակոբյանի երեկվա ելույթին՝ քննադատելով հայրենիքի համար ներդրում ունեցած մարդկանց նկատմամբ վերաբերմունքը:

Անդրադառնալով Սամվել Կարապետյանի վերաբերյալ հնչեցված քննադատություններին՝ պատգամավորը հիշատակեց ընդդիմադիր Նիկոլ Փաշինյանի հրապարակային խոսքը, որում վերջինս գնահատանքի խոսքեր էր հնչեցնում Հայաստանում ներդրումներ կատարող Սամվել Կարապետյանի և Ռուբեն Վարդանյանի հասցեին։ Պատգամավորի խոսքով՝ Կարապետյանը թիրախավորվել է եկեղեցուն պաշտպանելու մասին հայտարարությունից հետո։

Մանրամասները` տեսանյութում:

Արփի Հակոբյան

Leave a comment