ArmLur.am-ը գրում է․ «ArmLur.am-ը տեղեկացավ, որ երեկ՝ նոյեմբերի 19-ի երեկոյան, Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Վահե Ջիվանյանը տնային կալանք է կիրառել քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ պահպանող անձանց՝ «օրենքով գողեր» Անդրանիկ Սողոյանի՝ ԶԱՊ-ի, և Գևորգ Մելիքյանի՝ օշականցի Գևորիկի նկատմամբ։
ArmLur.am-ի տեղեկություններով, գործով անցնում են 3 մեղադրյալներ. Անդրանիկ Փայլակի Սողոյան, Գևորգ Ալբերտի Մելիքյան, Էդգար Գևորգի Մուրադյան, որոնց վերագրվող արարքի մեղադրանքի ձևակերպման համաձայն՝ մի խումբ անձանց հետ, դիտավորությամբ, գիտակցաբար և միմյանց գործողությունները լրացնելով՝ նրանք կատարել են խուլիգանություն։ Սակայն այս գործի շրջանակում հանրային ուշադրության կենտրոնում է ոչ միայն մեղադրանքը, այլև խափանման միջոցի ընտրությունը։ Ինչո՞ւ է դատարանը որոշել, որ մեղադրյալները պետք է գտնվեն տնային կալանքի պայմաններում։ Հատկապես ուշագրավ է այս որոշումը, քանի որ ընդդիմադիր հայացքներ ունեցող անձանց նկատմամբ քրեական վարույթներով կիրառվում է միայն կալանքը՝ որպես խափանման միջոց, մինչդեռ օրենքով գողերին՝ ոչ:
Ո՞վ է դատավոր Վահե Ջիվանյանը
ArmLur.am-ը պարզեց, որ Արցախի Հանրապետության ոստիկանության քննչական վարչությունում, իսկ 2015-2019 թվականներին՝ Արցախի Հանրապետության դատախազության համակարգում։ 2015-2018 թվականներին զբաղեցրել է Արցախի Հանրապետության գլխավոր դատախազության՝ կոռուպցիոն, սեփականության և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների գործերով բաժնի դատախազի պաշտոնը։
2018-2019 թվականներին եղել է Արցախի Հանրապետության դատախազության Մարտակերտի շրջանի դատախազի տեղակալ։ ՀՀ նախագահի 2020 թվականի հունիսի 24-ի հրամանագրով Վահե Ջիվանյանը նշանակվել է Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր։ Միևնույն ժամանակ, ArmLur.am-ը հիշեցնում է, որ ցանկացած մեղադրյալ անմեղ է համարվում, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ օրինական ուժի մեջ մտած դատավճռով»։