ԱՄՆ նախագահի փեսա և հատուկ բանագնաց Ջարեդ Քուշները վերջին ամիսներին տեղի ունեցած մասնավոր զրույցների ընթացքում քննարկել է Ուկրաինային ՆԱՏՕ-ի անդամակցություն տրամադրելու գաղափարը՝ դրա դիմաց տարածքներ զիջելու պայմանով․ գրել է Ինչպես հայտնում է «The Wall Street Journal»-ը՝ վկայակոչելով տարբեր աղբյուրներ։
Ըստ աղբյուրների՝ թեև նախկինում այս առաջարկը համարվել է անիրագործելի, այն վերջերս կրկին շոշափվել է եվրոպացի պաշտոնյաների և ամերիկյան պատվիրակության միջև քննարկումների ժամանակ․ պատվիրակության կազմում են Քուշները և մեկ այլ հատուկ բանագնաց՝ Սթիվ Վիտկոֆֆը։
Անցյալ շաբաթ Դուբլինի օդանավակայանում Քուշները քննարկել է այս հնարավորությունը Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու և եվրոպացի ներկայացուցիչների հետ։ Այս հարցը բարձրացվել է նաև անցյալ շաբաթ Արաբական Միացյալ Էմիրություններում կայացած առնվազն մեկ հանդիպման ժամանակ, որտեղ Քուշներն ու Վիտկոֆֆը բանակցություններ են վարել Ուկրաինայի, Եվրոպայի և Ռուսաստանի ներկայացուցիչների հետ։ Եվրոպացի մի առաջնորդ (որի անունը չի նշվում) հայտնել է, որ այդ գաղափարը քննարկվել է նաև դեռևս օգոստոսին տեղի ունեցած հեռախոսազրույցի ընթացքում։
Ըստ աղբյուրների՝ վերջին քննարկումների ժամանակ ամերիկյան կողմը ներկայացրել է երկու հնարավոր սցենար։ Առաջինը ենթադրում է, որ Ուկրաինան զիջում է Դոնբասի տարածաշրջանը՝ դրա դիմաց ստանալով ՆԱՏՕ-ին անդամակցելու հնարավորություն։ Երկրորդ տարբերակը նախատեսում է հակամարտության սառեցում ներկայիս ռազմաճակատի գծի երկայնքով՝ Կիևին անվտանգության երաշխիքներ տրամադրելու պայմանով։
Ինչպես նշել է WSJ-ը, դեռևս պարզ չէ, թե որքան լրջորեն են ամերիկացի բանակցողները դիտարկում այս գաղափարը, և արդյոք նախագահ Դոնալդ Թրամփը փոխել է իր դիրքորոշումը ՆԱՏՕ-ին Ուկրաինայի հնարավոր անդամակցության վերաբերյալ։ Անցյալ տարի Թրամփը պաշտպանել էր Պենտագոնի ղեկավար Փիթ Հեգսեթի այն տեսակետը, ըստ որի՝ Ուկրաինայի անդամակցությունը ՆԱՏՕ-ին (ինչպես նաև երկրի վերադարձը մինչև 2014 թվականը գոյություն ունեցած սահմաններին) «ոչ իրատեսական» է։
Բեռլինում կայացած հանդիպումից հետո Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ ժամանակն է քննարկել ՆԱՏՕ-ին Ուկրաինայի անդամակցության հարցը։ Թերթի աղբյուրների փոխանցմամբ՝ բանակցությունների ընթացքում այս թեման բարձրացվել է, սակայն գերմանական կողմը պատրաստակամություն չի ցուցաբերել՝ այն հետագայում քննարկելու համար։ Ըստ տեղեկությունների՝ Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցն իր օգնականներին ասել է, որ Ուկրաինան իր կյանքի օրոք չի անդամակցի դաշինքին։