ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի քարտուղար Արամ Թորոսյանն, արձագանքելով ԱԺ պատգամավոր Մարիաննա Ղահրամանյանի հրապարակմանը, հայտարարել է, որ 2026-ին բանակում մահվան 44 դեպքի մասին պնդումը խիստ չափազանցված է և մանիպուլյատիվ։
Նա տեղեկացրել է, որ պաշտպանության նախարարությունը մահվան դեպքերը տարանջատում է 2 խմբի՝ բանակում տեղի ունեցած (ծառայության հետ կապված) և բանակում տեղի չունեցած (ծառայության հետ չկապված):
«Առաջին խմբում ներառվում են զինվորական ծառայության ընթացքում և ծառայության հետ կապված հանգամանքներում տեղի ունեցած մահվան դեպքերը։
Երկրորդ խմբում ներառվում են այն դեպքերը, որոնք բանակում տեղի չեն ունեցել (ծառայության մեջ չլինելու ժամանակ, ծառայության վայրից դուրս, ծառայության հետ կապ չունեցող պայմաններում և հանգամանքներում, օրինակ՝ արձակուրդում գտնվելիս)։
Խնդիրը հենց այս երկու տարբեր խմբերի թվերի միավորման մեջ է։ Դրանք հաճախ գումարվում են, իսկ ստացված ընդհանուր թիվը ներկայացվում հանրությանը՝ առանց տարբերակելու՝ մահվան դեպքերից որոնք են բանակում տեղի ունեցած, և որոնք՝ ոչ։ Նման մոտեցումը խեղաթյուրում է իրական պատկերը և հանրության շրջանում ձևավորում թյուր ընկալում։
Հատկանշական է, որ պաշտպանության նախարարությունը միակ կառույցն է, որը տարիներ շարունակ հաշվառել և հանրայնացրել է նաև բանակում տեղի չունեցած (ծառայության հետ կապ չունեցող) մահվան դեպքերը՝ ապահովելով առավել ամբողջական տեղեկատվություն։
Հետևաբար, այս տարի բանակում մահվան 44 դեպք արձանագրվելու մասին պնդումը ոչ միայն իրականությանը չհամապատասխանող և խիստ չափազանցված է, այլև մանիպուլյատիվ։ Դուք միավորել եք բանակում տեղի ունեցած և բանակում տեղի չունեցած մահվան դեպքերը՝ առանց որևէ տարանջատման այդ ընդհանրական թիվը ներկայացնելով հանրությանը։ Սա փաստերի ոչ ճշգրիտ ներկայացում է և չի կարող ընդունելի համարվել որպես հանրային իրազեկում»,-ասվում է հայտարարության մեջ:
Ղահրամանյանն արձագանքել է այս հրապարակմանը ֆեյսբուքյան իր էջում:
«Սուրեն Պապիկյանը և իր թիմը վստահաբար գիտակցում են, որ զինծառայողի մահը չի դադարում մահ լինել այն պատճառով, որ ՊՆ վիճակագրության մեջ այն դասակարգվել է որպես ծառայության հետ չկապված։ Ուստի, հասկանալի է Ձեր նպատակը` հղում անելով մեթոդաբանությանը, փորձել նվազեցնել արձանագրված դեպքերի թիվը։
Պաշտպանության նախարարությունը պարզապես փորձում է հասարակական դիսկուրսից դուրս մղել ոչ մարտական պայմաններում բանակում զոհերի խնդիրը»,-գրել է նա:
Ավելի վաղ Ղահրամանյանը գրել էր, որ Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը հայտնել է, որ միայն 2026 թվականի առաջին յոթ ամիսներին ՀՀ զինված ուժերում արձանագրվել է ոչ մարտական պայմաններում զինծառայողների մահացության 30 դեպք։ Այս տվյալը կազմակերպությունը հրապարակել է՝ ներկայացնելով նաև ծառայության հետ կապված և չկապված դեպքերի բաժանումը։
«Ինֆոքոմ»-ը, հղում կատարելով ՀՀ գլխավոր դատախազության պաշտոնական պատասխանին, հայտնել է, որ 2026-ի սեպտեմբերի 24-ի դրությամբ զինված ուժերում մահվան դեպքերի թիվը հասել է 40-ի։ Այս հրապարակմանը հաջորդել են ոչ մարտական պայմաններում զինծառայողների մահվան նոր դեպքեր։