Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Էսմայիլ Բաղային հերքել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի այն պնդումները, թե Թեհրանը քիմիական կամ կենսաբանական զենքեր է մշակում։
Բաղային այս իրավիճակը համեմատել է ԱՄՆ պետքարտուղար Քոլին Փաուելի՝ ժամանակին արած այն հայտարարությունների հետ, թե Իրաքն ունի զանգվածային ոչնչացման զենքեր։
Դիվանագետն ընդգծել է, որ Իրանի ենթադրյալ քիմիական և կենսաբանական զենքերի վերաբերյալ Թրամփի մեկնաբանությունները հետևում են «նույն կեղծ սցենարին»։
««Իրանական միջուկային սպառնալիքի» մասին ահազդու հռետորաբանությունից հետո ԱՄՆ պաշտոնյաներն այժմ պնդում են, թե կան նշաններ, որ Իրանը կենսաբանական կամ քիմիական զենք է մշակում։ Մեղադրանքները շարունակ փոխվում են, սակայն հիմքում ընկած պատմությունը մնում է ցավալիորեն ծանոթ։ Կարծես թե աշխարհից կրկին ակնկալվում է, որ այն կտառապի հավաքական ամնեզիայով»,- գրել է Բաղային X սոցիալական հարթակում։
«Մի՞թե ԱՄՆ պաշտոնյաներն իսկապես հավատում են, որ աշխարհը կմոռանա Քոլին Փաուելի՝ 2003 թվականին ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում արած տխրահռչակ ելույթը, երբ նա ձեռքում պահել էր մի փոքր սրվակ՝ որպես Իրաքի զանգվածային ոչնչացման զենքերից բխող ենթադրյալ սպառնալիքի «ապացույց»»,- հարցադրում է արել Բաղային։
«Այդ պահից ի վեր այս դրվագը դարձել է ժամանակակից պատմության ամենալուրջ հետախուզական ձախողումներից և քաղաքական խաբեություններից մեկի մնայուն խորհրդանիշը»,- ընդգծել է նա։
Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակը հավելել է. «Եվ այժմ մենք բախվում ենք նոր, չարագուշակ մեղադրանքների և մի պատումի, որը, կարծես, հետևում է նույն կեղծ սցենարին»։
Չորեքշաբթի օրը Թրամփը հայտարարել էր, թե կան «նշաններ», որ Իրանը փորձում է ստեղծել քիմիական կամ կենսաբանական զենք, քանի որ ԱՄՆ-ը «թույլ չի տվել» նրանց ձեռք բերել միջուկային զենք։
«Նրանք մտադիր են օգտագործել գազեր և կենսաբանական զենք, քանի որ մենք թույլ չտվեցինք նրանց միջուկային զենք ունենալ»,- ասել է Թրամփը «Fox News»-ին Չինաստանի Շենչժեն քաղաքում։