JPMorgan-ը՝ ծառայություններ մատուցողների դեմ կիբերհարձակման մասին․ հաճախորդների տվյալները կարող էին բացահայտվել

JPMorgan-ը՝ ծառայություններ մատուցողների դեմ կիբերհարձակման մասին․ հաճախորդների տվյալները կարող էին բացահայտվել

ԱՄՆ խոշորագույն բանկը՝ JPMorgan Chase-ը, հինգշաբթի հայտնել է, որ իրեն ծառայություններ մատուցող ընկերությունները կիբերհարձակման են ենթարկվել, հաղորդում է Reuters-ը։

Չարագործները կարող էին հասանելիություն ստանալ մարքեթինգային տվյալներին, դրանց թվում՝ բանկի որոշ հաճախորդների անուններին և էլեկտրոնային փոստի հասցեներին։

«Հիմնվելով մինչ այս պահը կատարված հետաքննության արդյունքների վրա՝ կարծում ենք՝ չարագործները հասանելիություն են ստացել այդ մատակարարների մոտ պահվող որոշ մարքեթինգային տվյալների։ Դրանք կարող են ներառել հաճախորդներից ոմանց անուններն ու էլեկտրոնային փոստի հասցեները»,- հայտարարել է JPMorgan-ի ներկայացուցիչը։ Նա խոստացել է, որ բանկն անմիջականորեն կապ կհաստատի տուժած հաճախորդների հետ։

Ներկայացուցիչն ընդգծել է, որ կիբերհարձակումը կապված չէ սպասարկման այն խափանումների հետ, որոնց հաճախորդներից ոմանք բախվել էին այս շաբաթվա սկզբին։

Այդ ժամանակ JPMorgan-ը ծրագրային սխալի պատճառով գործարքների մշակման դժվարություններ էր ունեցել։ Խնդիրն անդրադարձել էր նաև այլ բանկերի վրա և խափանումներ առաջացրել նրանց աշխատանքում։

Վերջին միջադեպերը տեղի են ունեցել մի շարք այլ խոշոր տեխնիկական խափանումների ֆոնին։ Անցյալ շաբաթ ԱՄՆ Քաղաքացիական ավիացիայի դաշնային վարչության (FAA) սահմանած՝ երկրի ամբողջ տարածքում թռիչքների ժամանակավոր դադարեցումը խաթարել էր օդային հաղորդակցությունը։ Տեղի էր ունեցել նաև Microsoft-ի էլեկտրոնային փոստի ծառայության համաշխարհային խափանում, իսկ անցյալ ամիս խոշոր կիբերհարձակման էր ենթարկվել Binance կրիպտոարժութային բորսան։

Բանկային գործառնությունների խափանումից հետո վարկային կազմակերպությունները հարցումներ են ստացել ԱՄՆ Դրամաշրջանառության վերահսկիչի գրասենյակից (OCC), հայտնել է ոլորտի ներկայացուցիչը։ Նա նշել է, որ կարգավորող մարմինը փորձել է գնահատել միջադեպի հետևանքները և պարզել, թե բանկերն ինչպես են տեղեկացրել հաճախորդներին։ 

Մեկ այլ աղբյուր պատմել է, որ ԱՄՆ ֆինանսների նախարարության և OCC-ի ներկայացուցիչները խափանման մասին հաղորդումից մի քանի րոպե անց կապ են հաստատել բանկերի հետ՝ համոզվելու համար, որ խնդիրը տեղայնացված է և կիբերհարձակման հետ առնչություն չունի։ Նրա գնահատմամբ՝ OCC-ն նման միջադեպերից հետո պարբերաբար այսպիսի ստուգումներ է անցկացնում։

Leave a comment