Քաղաքականություն
19.11.2026 | 21:09
ՌԴ արտաքին գործերի նախարարի տեղակալ Միխայիլ Գալուզինը Մինսկում հանդիպել է Ռուսաստանի հետ կապերի հարցերով Վրաստանի վարչապետի հատուկ ներկայացուցիչ, արտաքին գործերի նախարարի առաջին տեղակալ Գիորգի Զուրաբաշվիլիի հետ։ ՌԴ ԱԳՆ-ի հաղորդմամբ՝ հանդիպումը կայացել է ռուս-վրացական ուղիղ երկխոսության վերսկսման շրջանակում։
«Կայացել է երկկողմ համագործակցության արդիական հարցերի շուրջ հանգամանալից մտքերի փոխանակում՝ շեշտը դնելով առևտրատնտեսական և մշակութային-հումանիտար համագործակցության վրա։ Ձեռք են բերվել մի շարք գործնական պայմանավորվածություններ»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Նշվում է, որ հանդիպման ընթացքում քննարկվել են նաև տարածաշրջանային անվտանգության հարցերը։
«Երկու պատվիրակությունների ղեկավարներն իրենց երախտագիտությունն են հայտնել բելառուսական կողմին՝ ռուս-վրացական հանդիպման կազմակերպմանն աջակցելու համար։ Պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել շփումները՝ ի շահ Ռուսաստանի և Վրաստանի միջև հարաբերությունների հետագա զարգացման»,- հայտնել են ՌԴ ԱԳՆ-ից։
Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի