ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Մարիաննա Ղահրամանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
Սուրեն Պապիկյա՜ն,
փորձենք խոսել ոչ թե գնահատականներով, այլ փաստերով ու թվերով։ Իսկ փաստերը, ցավոք Ձեր օգտին չեն, ցավոք, որովհետև յուրաքանչյուր թվի հետևում զինծառայող է, որի կյանքի և անվտանգության նկատմամբ պատասխանատվությունը Ձեր ղեկավարած կառույցինն է:
Այս հրապարակմանը հաջորդել են ոչ մարտական պայմաններում զինծառայողների մահվան նոր դեպքեր։
Վերջին դեքերը հաստատված են ՊՆ-ի կողմից և «Ինֆոքոմ»-ի հրապարակած տվյալի հետ միասին կազմում են այն ցավալի թիվը, որը ես հրապարակել եմ ԱԺ ամբիոնից:
Հիմա հարցեր Պաշտպանության նախարարությանը և Սուրեն Պապիկյանին.
1. Եթե այս տվյալներն ապատեղեկատվություն են, ինչո՞ւ չեք հերքում Գլխավոր դատախազության՝ «Ինֆոքոմ»-ին տրամադրած պաշտոնական տեղեկությունը։
2. Ինչո՞ւ չեք հերքում ՀՔԱ Վանաձորի գրասենյակի հրապարակած թվերը, որոնք նույնպես հիմնված են պաշտոնական մարմիններից ստացված տեղեկությունների վրա։
3. Եթե Ձեր վիճակագրությունն է ճիշտ, ապա ինչո՞ւ հանրությանը չեք ներկայացնում ամբողջական, դեպք առ դեպք ստուգելի տվյալներ՝ նշելով մահվան բոլոր դեպքերը և դրանց պաշտոնական դասակարգումը, ամբողջական հանգամանքները:
Սուրեն Պապիկյան, Դուք չեք կարող Ձեզ համար անհարմար թվերը հայտարարել ապատեղեկատվություն՝ առանց փաստերով պատասխանելու։
44 թիվը հերքելը հեշտ է։ Դժվարը 44 դեպքերի վերաբերյալ հանրությանը հաշվետու լինելն է՝ ներառյալ գործողությունները, որոնք պետք է իրականացնեիք և միջոցները, որոնք պետք է ձեռնարկեիք դադարեցնելու համար ոչ մարտական պայմաններում մահերի այս դաժան վիճակագրությունը:
Զինծառայողների կյանքը վիճակագրական մանիպուլյացիաների առարկա չէ՜։ Յուրաքանչյուր մահ առանձին մարդկային ողբերգություն է, իսկ հանրությունն իրավունք ունի ստանալու ամբողջական պատասխաններ։ Տվե՜ք այդ պատասխանները։