Միգրենն ու ծխելը մեծացնում են մինչև 60 տարեկանը ուղեղի կաթվածի վտանգը. Neurology
Միգրենի և ծխելու համակցումը կապված է մինչև 60 տարեկանը ուղեղի կաթվածի և մահվան ավելի բարձր ռիսկի հետ, քան այս գործոններից յուրաքանչյուրն առանձին։ Նման եզրակացության են հանգել դանիացի հետազոտողները՝ վերլուծելով 27 տարվա ընթացքում ծննդաբերած գրեթե 1,7 միլիոն կանանց բժշկական տվյալները։ Հետազոտության արդյունքները հրապարակվել են 2026 թվականի նոյեմբերի 18-ին՝ Neurology բժշկագիտական հանդեսում։
Գիտնականներն ուսումնասիրել են Դանիայի բժշկական գրանցամատյանների տվյալները և մասնակիցներին բաժանել չորս խմբի՝ միգրեն և ծխելու պատմություն չունեցողներ, միայն միգրեն ունեցողներ, միայն ծխելու պատմություն ունեցողներ և երկու ռիսկի գործոնն էլ ունեցողներ։ Այնուհետև հետազոտողները գնահատել են 20 տարվա ընթացքում ուղեղի արյունամատակարարման խանգարմամբ պայմանավորված իշեմիկ ինսուլտի, արյունազեղման հետ կապված հեմոռագիկ ինսուլտի և մահվան հավանականությունը։
Տարիքը, ծննդաբերությունների թիվը, զարկերակային բարձր ճնշումը, շաքարային դիաբետը և այլ գործոններ հաշվի առնելուց հետո պարզվել է, որ ծխող և միգրեն ունեցող մասնակիցների շրջանում վաղ տարիքում իշեմիկ ինսուլտի ռիսկը 3,6 անգամ ավելի բարձր էր, քան միգրեն և ծխելու պատմություն չունեցող կանանց շրջանում։ Հեմոռագիկ ինսուլտի ռիսկը նրանց մոտ 2,6 անգամ ավելի բարձր էր։
Միգրենն ու ծխելն առանձին նույնպես կապված էին բարձր ռիսկի հետ։ Միգրեն ունեցող կանանց շրջանում իշեմիկ ինսուլտի հավանականությունը 85%-ով, իսկ հեմոռագիկ ինսուլտինը՝ 46%-ով ավելի բարձր էր, քան համեմատական խմբում։ Ծխելու պատմություն ունեցող մասնակիցների շրջանում ուղեղի կաթվածի երկու տեսակների ռիսկն էլ մոտ երկու անգամ ավելի բարձր էր։
Երկու գործոնների համակցումը կապված էր նաև հետազոտության ընթացքում մահվան ամենաբարձր ռիսկի հետ. այն ավելի քան երեք անգամ գերազանցում էր համեմատական խմբի ցուցանիշը։ Ընդ որում, ծխելը կապված էր բարձր մահացության հետ՝ անկախ միգրենի առկայությունից։
«Մեր հետազոտությունը ցույց է տալիս, որ միգրենի և ծխելու համակցումը կապված է մինչև 60 տարեկանը ուղեղի կաթվածի և դիտարկման ժամանակահատվածում մահվան բարձր ռիսկի հետ»,- նշել է հետազոտության ղեկավար Անդրեաս Լունդ Պեդերսենը՝ Դանիայի Օրհուսի համալսարանից։
Հեղինակներն ընդգծում են, որ աշխատանքը բացահայտում է վիճակագրական կապեր, սակայն չի ապացուցում, որ միգրենն ու ծխելն անմիջականորեն ուղեղի կաթված կամ մահ են առաջացնում։ Բացի դրանից, միգրենի և ծխելու վերաբերյալ տվյալները կարող էին ոչ ամբողջական լինել. ծխելու մասին հայտնել էին հենց մասնակիցները, իսկ հղիության ընթացքում հավաքված տեղեկությունները պարտադիր չէ, որ արտացոլեին ամբողջ կյանքի ընթացքում նրանց սովորությունները։
Հետազոտողները կարծում են, որ սրտանոթային ռիսկերը գնահատելիս հարկավոր է հաշվի առնել միգրենը։ Նրանք միաժամանակ ընդգծում են ծխելուց հրաժարվելու կարևորությունը։ Հետագայում գիտնականները նախատեսում են ուսումնասիրել՝ արդյոք նման օրինաչափություններ դիտվում են նաև տղամարդկանց և չծննդաբերած կանանց շրջանում։