Պուտինը պատմել է «փոխզիջումների» մասին, որոնց պետք է համաձայնել՝ պատերազմը դադարեցնելու համար

Շենժենում ՌԴ-ի, ԱՄՆ-ի ու Չինաստանի ղեկավարների մասնակցությամբ անցկացված եռակողմ գագաթնաժողովի ընթացքում քննարկվել են անվտանգության հարցեր՝ ամենալայն իմաստով։ Այս մասին հրավիրված ասուլիսում հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, փոխանցում է BBC-ի ռուսական ծառայությունը։

Նա, մասնավորապես, նշել է միջուկային զենքի չտարածման և նավագնացության ազատության հարցերը։ Պուտինի խոսքով՝ հանդիպման ընթացքում քննարկվել է նաև ՄԱԿ-ի ներուժի ամրապնդումը։

«Ամենակարևորն այն է, և ես դրանում կասկած չունեմ, որ նախագահ Թրամփն անկեղծորեն ձգտում է հակամարտությունների, այդ թվում՝ ուկրաինական հակամարտության կարգավորմանը»,- հայտարարել է Վլադիմիր Պուտինը։

Նրա խոսքով՝ կա ցանկություն, որ խաղաղ կարգավորումն «ավելի արագ ընթանա» և «ավելի արդյունավետ գործի»․ «Մենք ելնում ենք կյանքի իրողություններից»։

Պուտինն անդրադարձել է նաև ԱՄՆ-ի ներքաղաքական իրավիճակին՝ այն բնութագրելով որպես «ոչ դյուրին» կամ, կարելի է ասել, «բարդ»։ Նա Պուտինը կրկին անդրադարձել է ուկրաինական ճգնաժամի՝ 2014 թվականից սկսվող պատմությանը, որից հետո հիշեցրել է, որ ԱՄՆ-ն առաջարկել է «փոխզիջումներ»՝ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև պատերազմը դադարեցնելու համար։

«Այդ փոխզիջումներն առաջարկվել են ամերիկյան կողմից, և մենք անփոփոխ ձևով համաձայնել ենք դրանց, այդ թվում՝ Անքորիջում։ Այսպիսով, դրանք կան։ Հարցն այն է՝ արդյո՞ք մյուս կողմերը ցանկանում են ընդունել դրանք»,- ասել է նա՝ նկատի ունենալով Ուկրաինային և նրա եվրոպացի դաշնակիցներին։

«Դատելով այն ամենից, ինչ տեսնում ենք, այս պահին՝ ոչ։ Գուցե նրանք էլ, ի վերջո, հասկանան, որ ավելի լավ է համաձայնել փոխզիջումներին, քան բախվել իրողություններին»,- եզրափակել է նա։

Ռուսաստանի նախագահը կրկին պնդել է, թե Ուկրաինայի իշխանությունները, իբր, չեն ցանկանում դադարեցնել ռազմական գործողությունները, քանի որ ձգտում են խուսափել երկրում նախագահական ընտրությունների անցկացումից։

Պատասխանելով հարցին, թե որքանով է տեղին Չինաստանի, ԱՄՆ-ի և Ռուսաստանի առաջին եռակողմ գագաթնաժողովը համեմատել 1945 թվականի Յալթայի կոնֆերանսի հետ, Պուտինը հայտարարել է, որ վերջինիս կարևորագույն արդյունքն «աշխարհի բաժանումը չէր», այլ «Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո ձևավորված իրողությունների արձանագրումը»։

«Յալթայում ոչ ոք աշխարհը չէր բաժանում։ Աշխարհն ազդեցության գոտիների բաժանում տեղի չի ունեցել։ Այն պարզապես արձանագրել է Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո ձևավորված իրողությունները։ Եվ այսօրվա հակամարտություններում նույնպես ստիպված կլինեն համաձայնել իրողությունների հետ»,- ասել է Պուտինը։

Նա նաև հայտարարել է, որ Կրեմլը պատրաստ է Ուկրաինայի հարցով բանակցություններում ներգրավել եվրոպական ներկայացուցիչներին, սակայն նախ նրանք պետք է այցելեն Մոսկվա և քննարկեն իրենց առաջարկները։

«Մենք համաձայնել ենք, որ Ուկրաինայի անվտանգությունը պետք է ներառվի եվրոպական անվտանգության համակարգում։ Բայց տարօրինակ կլիներ քննարկել Եվրոպայի անվտանգությունն առանց Եվրոպայի։ Ուստի մենք համաձայնել ենք [եվրոպացիների ներգրավմանը], սակայն նախ նրանք պետք է գան Մոսկվա, որպեսզի մենք նրանց հետ քննարկենք [այդ հարցը]»,- ասել է Պուտինը։

Մինչ այժմ Մոսկվան դեմ էր արտահայտվում Ռուսաստանի, Ուկրաինայի և ԱՄՆ-ի միջև եռակողմ բանակցություններին Եվրոպայի ներկայացուցիչների մասնակցությանը, մինչդեռ ամերիկյան կողմը պնդում էր, որ նրանք ներգրավվեն արդեն հաջորդ հանդիպմանը։

ՌԴ նախագահը նաև հայտարարել է, որ տարածքային հարցերում Ռուսաստանին «տեղաշարժելու» փորձերն «անիմաստ են»։ Նրա խոսքով՝ եթե Ուկրաինան ցանկանում է ավարտել հակամարտությունը, ապա պետք է համաձայնի այն փոխզիջումներին, որոնք ամերիկյան կողմն առաջարկել էր դեռևս Անքորիջում կայացած հանդիպումից առաջ։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

Leave a comment