Բելառուսի մայրաքաղաք Մինսկում ռուս-վրացական հարաբերությունների կարգավորմանն ուղղված հարցեր են քննարկվել Ռուսաստանի և Վրաստանի ներկայացուցիչների միջև։ Այդ մասին ՌԴ ԱԳՆ պաշտոնական կայքից ենք տեղեկանում։
Ռուսական կողմի պաշտոնական հաղորդագրության համաձայն՝ հանդիպումը կայացել է ՌԴ ԱԳ փոխնախարար Միխայիլ Գալուզինի և Ռուսաստանի Դաշնության հետ հարաբերությունների գծով Վրաստանի վարչապետի հատուկ ներկայացուցիչ, Վրաստանի ԱԳ փոխնախարար Գեորգի Զուրաբաշվիլիի միջև՝ վերսկսված ռուս-վրացական ուղիղ երկխոսության շրջանակներում։
«Մտքերի հանգամանալից փոխանակում է տեղի ունեցել երկկողմ հարաբերություններին վերաբերող արդիական հարցերի շուրջ՝ շեշտադրելով առևտրատնտեսական, մշակութային և հումանիտար համագործակցությունը։
Ձեռք են բերվել մի շարք գործնական պայմանավորվածություններ։
Քննարկվել են տարածաշրջանային անվտանգությանը վերաբերող հարցեր։
Պատվիրակությունների ղեկավարները երախտագիտություն են հայտնել բելառուսական կողմին՝ ռուս-վրացական կողմերի հանդիպման կազմակերպման հարցում ցուցաբերած աջակցության համար։
Պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել շփումները՝ Ռուսաստանի և Վրաստանի միջև հարաբերությունների հետագա զարգացման նպատակով»,- նշված է ՌԴ ԱԳՆ պաշտոնական հաղորդագրությունում։