ԱՄՆ-ն դեմ է արհեստական բանականության (ԱԲ) կիրառման ոլորտում համաշխարհային կարգավորումների ներդրմանը և թույլ չի տա դրանց ընդունումը։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։
Սպիտակ տան ղեկավարը ելույթ է ունեցել Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության (ԱԽՏՀ) ֆորումի անդամ տնտեսությունների առաջնորդների լիագումար նիստում, որը տեղի է ունեցել Չինաստանի Շենժեն քաղաքում։
«Մենք չենք ցանկանում որևէ քայլ ձեռնարկել, որը կարող է ոչնչացնել այս տեխնոլոգիայի հսկայական ներուժը: Սա գերբանականություն է։ Բայց մենք պետք է զգույշ լինենք։ Մենք պետք է գնահատենք այն: Այն գրեթե բացառապես դրական երևույթ է, սակայն ունի նաև որոշ բացասական կողմեր։ Մենք պետք է շատ զգուշորեն վերաբերվենք այդ բացասական կողմերին: Հետևաբար մենք դեմ ենք համաշխարհային կարգավորումներին կամ ցանկացած այլ քայլի, որը կարող է խեղդել գերբանականությունը։ Եվ, անկեղծ ասած, մենք դա թույլ չենք տա»,- ասել է ԱՄՆ նախագահը։
2026 թվականի նոյեմբերի 17-18-ը Չինաստանի Շենժեն քաղաքում անցկացվում է Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության (ԱԽՏՀ) գործարար գագաթնաժողովը, որը միավորում է տարածաշրջանի երկրների պետական և գործարար շրջանակների ներկայացուցիչներին։ Միջոցառման հիմնական նպատակն է միջազգային առևտրի, ներդրումների և տնտեսական համագործակցության զարգացումը։ Մասնակիցները քննարկում են Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում ազատ առևտրի գոտու ստեղծման, թվային տնտեսության, արհեստական բանականության և կայուն զարգացման հարցերը։
Նոյեմբերի 18-19-ը նախատեսված է ԱԽՏՀ անդամ 21 տնտեսությունների առաջնորդների հանդիպումը՝ Չինաստանի նախագահ Սի Ծինփինի նախագահությամբ։ Մասնակիցների թվում են Չինաստանի, ԱՄՆ-ի, Ռուսաստանի և միավորման մյուս անդամ տնտեսությունների ներկայացուցիչները, ինչպես նաև խոշորագույն միջազգային ընկերությունների ղեկավարները։ Առաջնորդների հանդիպման արդյունքներով ակնկալվում է համատեղ հռչակագրի ընդունում։
Տեխնոլոգիական հրապարակումներն իրականացվում են Իդրամի աջակցությամբ։