Փաշինյանը ներկայացրել է դեկտեմբերին Ռուսաստան նախատեսվող երեք այցերի ծրագրերը
ԵՐԵՎԱՆ, 19 նոյեմբերի․ /Նովոստի–Արմենիա/․ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկայացրել է դեկտեմբերին Ռուսաստան նախատեսվող երեք այցերի ծրագրերը՝ նշելով, որ դրանք բոլորն էլ նախապես պլանավորված են եղել։
«Դեկտեմբերի 3-ին նախնական պայմանավորվել ենք, որ աշխատանքային այց կունենամ Մոսկվա, և Ռուսաստանի նախագահի հետ կունենանք և հանդիպում և քննարկումներ», – ասել է Փաշինյանը ճեպազրույցի ժամանակ։
Նրա խոսքով՝ մյուս երկու այցերը կապված են ԵԱՏՄ և ԱՊՀ շրջանակում անցկացվող միջոցառումների հետ։
«Դեկտեմբերի 11-12-ը նախատեսված է Եվրասիական միջկառավարական խորհրդի վարչապետերի ձևաչափով հանդիպում», – նշել է վարչապետը։
Բացի այդ, նա տեղեկացրել է, որ դեկտեմբերի 21-ին Սանկտ Պետերբուրգում տեղի կունենա ԵԱՏՄ և ԱՊՀ ձևաչափերով առաջնորդների ամենամյա հանդիպումը։
Փաշինյանն ընդգծել է, որ բոլոր երեք այցերն էլ նախապես պլանավորված են եղել։ Նրա խոսքով՝ առաջիկա հանդիպումների մասին արդեն հրապարակայնորեն հաղորդվել էր, այդ թվում՝ Բիշքեկում կայացած հանդիպման արդյունքներով։