Ինգոն ներդնում է դրոնային տեխնոլոգիաներ՝ վթարների արագ ֆիքսման նպատակով

Ինգո ապահովագրական ընկերությունը հայտարարել է ճանապարհատրանսպորտային պատահարների օպերատիվ ֆիքսման նոր միջոցի՝ դրոնային տեխնոլոգիաների գործարկման մասին։

Ընկերությունից հայտնել են, որ ծրագիրը մեկնարկում է Երեւանի Արաբկիր վարչական շրջանում՝ առավել ծանրաբեռնված՝ առավոտյան ժամերին, երբ արագ արձագանքը կարեւոր է ինչպես երթեւեկության կարգավորման, այնպես էլ ապահովագրական գործընթացների արդյունավետ իրականացման համար։

Կախված վթարի բնույթից` այսուհետ Ինգոյի դրոնները կարճ ժամանակում կհասնեն դեպքի վայր եւ կապահովեն պատահարի արագ ու ճշգրիտ ֆիքսում օդից։ Սա հնարավորություն կտա բարելավել հաճախորդների սպասարկման որակը՝ նվազեցնելով անհարմարությունները, արագացնելով գործընթացները եւ խուսափելով հավելյալ խցանումների առաջացումից։ 

«Այսօր քաղաքացիները հաճախ բարձրաձայնում են ճանապարհային խցանումների եւ դրանց հետեւանքով առաջացող անհարմարությունների մասին։ Որպես պատասխանատու բիզնես՝ Ինգոն արձագանքում է խնդրին եւ իր ոլորտում ներդրում է կատարում իրավիճակը մեղմելու եւ առաջատար տեխնոլոգիաների միջոցով ապահովագրական ծառայություններն ավելի արագ դարձնելու եւ հաճախորդների սպասումները գերազանցելու ուղղությամբ»,- նշել է Ինգոյի գործադիր տնօրեն Ռաֆիկ Սուվարյանը։

Ծրագիրը ներկայում իրականացվում է առավել խիտ երթեւեկություն ունեցող Արաբկիր վարչական շրջանում, սակայն նախատեսվում է դրա աստիճանական ընդլայնումը նաեւ այլ ծանրաբեռնված հատվածներում։

 «ԻՆԳՈ ԱՐՄԵՆԻԱ» ԱՓԲԸ-ն վերահսկվում է ՀՀ կենտրոնական բանկի կողմից:

Leave a comment