Տեղի են ունեցել ՀՀ-Իտալիա պաշտպանական խորհրդակցությունները. ստորագրվել է երկկողմ համագործակցության 2027-ի ծրագիրը
Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
Նոյեմբերի 18-ին Հռոմում տեղի են ունեցել Հայաստան-Իտալիա երկկողմ պաշտպանական խորհրդակցությունները, որոնց մասնակցել է ՊՆ պաշտպանական քաղաքականության և միջազգային համագործակցության վարչության պետ Լևոն Այվազյանի գլխավորած պատվիրակությունը։ Այս մասին տեղեկացնում են ՊՆ-ից:
Խորհրդակցությունների ընթացքում քննարկվել են Հայաստանի և Իտալիայի միջև պաշտպանության ոլորտում համագործակցության ընթացքն ու հեռանկարները, կարծիքներ են փոխանակվել տարածաշրջանային և միջազգային անվտանգությանն առնչվող հարցերի վերաբերյալ։
Լևոն Այվազյանը գործընկերներին է ներկայացրել ՀՀ բանակի կերպափոխման գործընթացը։
Խորհրդակցությունների արդյունքում կողմերը համաձայնեցրել և ստորագրել են երկկողմ համագործակցության 2027 թվականի ծրագիրը, որն ընդգրկում է մի շարք միջոցառումներ՝ երկուստեք հետաքրքրություն ներկայացնող ուղղություններով։
Հաջորդ պաշտպանական խորհրդակցությունները տեղի կունենան Երևանում։