Տափօղակով հոկեյի Հայաստանի ազգային հավաքականը փետրվարի 21-ին ընկերական հանդիպում կանցկացնի Չեխիայի թիմի դեմ բաց երկնքի տակ։ Խաղը կկայանա Գյումրիի Բարեկամության այգում ու կմեկնարկի 20:00-ին․ հաղորդում է Հայաստանի հավաքականի մամուլի ծառայությունը։
Միջոցառումը տեղի կունենա Հայաստանում Չեխիայի դեսպանատան աջակցությամբ։ Կազմակերպիչները պատրաստել են հագեցած մշակութային ծրագիր, որը կմեկնարկի խաղից մեկ ժամ առաջ։ Մուտքն ազատ է։
Հայ-չեխական հոկեյի երեկոն անցկացվել է Գյումրիում նաև մեկ տարի առաջ։ Հայաստանի հոկեյի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Արամ Սարգսյանի խոսքով, միջոցառումը արդեն կարելի է համարել լավ ավանդույթ։
«Այս հանդիպումը հոկեյի և ընկերության իսկական տոն է, որն արդեն ունի իր պատմությունը։ Վստահ եմ, այս անգամ էլ սպասվում է յուրահատուկ երեկո և վառ էմոցիաներ»,- նշել է Սարգսյանը։