ՌԴ դատախազությունն առաջարկել է կարճել Խաչատուրյան քույրերի քրեական գործը (PAN.am)

Ռուսաստանի դատախազությունն առաջարկել է կարճել հոր սպանության համար մեղադրվող Մարիա, Անգելինա և Կրեստինա Խաչատուրյանների նկատմամբ հարուցված քրեական գործը։

Մոսկվայի Բասմանյան դատարանը քննել է Մարիա Խաչատուրյանի փաստաբանի դիմումը։ Փաստաբանը պահանջել է վերացնել նախաքննության ձգձգման հանգեցնող խախտումները, ինչպես նաև չեղարկել իր պաշտպանյալի՝ Անգելինա և Կրեստինա քույրերի հետ շփվելու արգելքը, հայտնում է ՌԻԱ Նովոստին:

Դատարանը հիմնավոր է համարել փաստաբանի ներկայացրած փաստարկները և անօրինական ճանաչել քննիչի գործողությունները։ Վերջինս ստիպված կլինի կրկին քննել ներկայացված միջնորդությունը։

«Կարծում ենք, որ քննիչի գործողություններն անօրինական են… Խաչատուրյան քույրերը գործել են անհրաժեշտ պաշտպանության պայմաններում, անհրաժեշտ պաշտպանության պայմաններում գործելու հիմքով գործը ենթակա է կարճման, իսկ խափանման միջոցը՝ վերացման»,- լրատվամիջոցը մեջբերել է դատախազի հայտարարությունը։

Դատախազի խոսքով՝ «քննիչը կոպտորեն ձգձգում է նախաքննության ժամկետը, որևէ վերջնական որոշում չի կայացնում, գործը չի ուղարկում դատախազին, պարզապես երկարաձգում է նախաքննության ժամկետը»։

2025 թվականի ապրիլին Մոսկվայի Բուտիրսկի շրջանային դատարանը 2018 թվականին դուստրերի կողմից սպանված Միխայիլ Խաչատուրյանին մեղավոր է ճանաչել նրանց նկատմամբ սեռական բռնություն գործադրելու և առողջությանը դիտավորությամբ ծանր վնաս հասցնելու համար։

Դատարանը հաստատել է նաև Խաչատուրյանի մեղավորությունը պոռնոգրաֆիկ նյութեր պատրաստելու և տարածելու հարցում։ Մեղադրական եզրակացության համաձայն՝ տղամարդն այդ նյութերն ուղարկել է դուստրերի ընկերուհուն։ Քրեական գործը կարճվել է մեղադրյալի մահվան հիմքով, սակայն դատարանի վճռով նրա մեղավորությունը հաստատվել է, ինչի հետևանքով արդարացումը մերժվել է։ Այդ մասին ժամանակին տեղեկացրել է քույրերից մեկի փաստաբան Ալեքսեյ Պարշինը։

Միխայիլ Խաչատուրյանի գործով դատական քննությունն ավելի քան երկու տարի ընթացել է դռնփակ պայմաններում։ Սկզբում քննչական մարմինը տղամարդու մահվան պատճառով մերժել էր նրա նկատմամբ քրեական գործ հարուցելը, սակայն 2020 թվականին սպանվածի քույրերը համաձայնություն էին տվել գործի հարուցմանը։ 2023 թվականին գործը փոխանցվել է Բուտիրսկի շրջանային դատարան։

Խաչատուրյան քույրերը ձերբակալվել են 2018 թվականին՝ Ալտուֆևյան խճուղում գտնվող բնակարանում նրանց հոր դին հայտնաբերելուց հետո։ Քննության տվյալներով՝ աղջիկները դանակով և մուրճով բազմաթիվ հարվածներ են հասցրել հորը։

Ձերբակալությունից մի քանի օր անց Մոսկվայի Օստանկինոյի դատարանը կալանավորել է քույրերին, սակայն ավելի ուշ նրանք ազատ են արձակվել քննչական մեկուսարանից՝ որոշակի գործողություններ կատարելու արգելքի պայմանով։

Leave a comment