Telegram-ը հիշեցրել է արգելափակումների և GRAM-ի մասին․ ինչպես վճարումներ անել Դուրովի մեսենջերում

Telegram-ը ծրագրավորողներին հիշեցրել է, որ Apple-ի և Google-ի պահանջների համաձայն՝ բոտերում և մինի հավելվածներում (Mini Apps) թվային ապրանքների և ծառայությունների դիմաց վճարումները պետք է կատարվեն բացառապես ներկառուցված գնումների միջոցով՝ «աստղերով» (Telegram Stars)։ Իսկ Gram-ը (GRAM) միակ թույլատրված թոքենն է կրիպտոարժույթով գործարքների համար՝ բացառությամբ կրիպտոարժույթների պահպանման, փոխանակման և սվոփ գործարքների։

Նոյեմբերի 17-ին Պավել Դուրովի մեսենջերը բոտերի և մինի հավելվածների սեփականատերերին նախազգուշացում է ուղարկել, որ թվային ապրանքների և ծառայությունների դիմաց «աստղերից» շրջանցող վճարումներ ընդունելու դեպքում նրանց ծառայությունները կարող են արգելափակվել։ Խոսքը կարող է վերաբերել փակ ալիքների բաժանորդագրություններին, նեյրոցանցերին հասանելիությանը, բոտերի վճարովի գործառույթներին, խաղային իրերին և թվային թոքեններին։ Դուրովն անձամբ նույնպես առանձին անդրադարձել է այս հարցին։

Ներկառուցված գնումների վերաբերյալ կանոնը վաղուց ամրագրված է ծրագրավորողների համար նախատեսված պայմաններում։ Բոտերի կամ մինի հավելվածների կողմից կրիպտոարժույթների, այդ թվում՝ բիթքոյնի կամ USDT-ի ընդունումը համարվում է մեսենջերի կանոնների շրջանցում։ Բացի այդ, ծառայությունները չպետք է ընդունեն վճարումներ բանկային քարտերով։

Բացառություն են կազմում իրական ֆիզիկական ապրանքների, օրինակ՝ հագուստի վաճառքը կամ օֆլայն ծառայությունների, օրինակ՝ տաքսին։ Դրանց դիմաց վճարումները նախկինի պես կարող են կատարվել բանկային քարտերով։

Telegram-ը ստուգել է և շարունակում է ստուգել բոլոր բոտերում ու մինի հավելվածներում կատարվող վճարումները։ Կանոնները խախտող ծառայությունները կարող են արգելափակվել ցանկացած պահի՝ առանց նախնական ծանուցման։

Telegram Stars-ը օգտատերերը կարող են առանձին ձեռք բերել երրորդ կողմի ծառայությունների միջոցով՝ Արագ վճարումների համակարգով (СБП), Fragment առևտրային հարթակում, հավելվածի ներսում՝ օտարերկրյա բանկերի քարտերով, կամ Apple ID-ի հաշվեկշռից։ 2026 թվականի ապրիլի 1-ից ռուսական քարտերով և բջջային օպերատորների միջոցով ուղղակի վճարումները չեն գործում։

Gram թոքենը (նախկինում՝ Toncoin/TON)՝ TON բլոկչեյնի բնիկ կրիպտոարժույթը, արձագանքել է Telegram-ի նախազգուշացմանը, որն ի սկզբանե համայնքում ընկալվել էր որպես կանոնների նոր փոփոխություն։ Նախազգուշացման ֆոնին GRAM-ի գինն աճել է 6%-ով՝ 1.01 դոլարից հասնելով 1.07 դոլարի, որից հետո փոքր-ինչ նվազել է:

Նոյեմբերի 9-ին Gram-ի գինը 2022 թվականից ի վեր առաջին անգամ նվազել էր 1 դոլարից։ Դուրովը մի շարք հրապարակումներով աջակցել էր տոկենին։ Նա ընդգծել էր, որ Gram-ը միակ մետաղադրամն է, որը ներդրված է իրական սոցիալական էկոհամակարգում։

Leave a comment