ՏԵՍԱՆՅՈւԹ․ Եթե ժողովուրդը կմերժի Սահմանադրությունը՝ ես հրաժարական եմ տալիս, եթե ժողովուրդն «այո» կասի՝ ես հաջորդ ընտրություններում չեմ առաջադրվի. Փաշինյանի առաջարկն՝ ընդդիմությանը

Կառավարությունում քննարկվում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2026-2031 թվականների գործունեության միջոցառումների ծրագիրը։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ հաջորդ շաբաթ կհրապարակվի Սահմանադրության նախնական նախագիծը։

Նա հայտարարեց, թե ընդդիմությունը, հատկապես, ՀՅԴ-ն, պետք է հստակ պատասխան տա՝ արդյոք հավատարիմ են «Միասնական Հայաստան»-ի տեսլականին։

«Սա ուղիղ կապ ունի նրա հետ, թե ինչու են այդ քաղաքական ուժերն այդքան դեմ սահմանադրական փոփոխություններին ու ինչու են այդքան հիշատակում Անկախության հռչակագիրը»,- նշեց նա։

Փաշինյանն ասաց, որ 1990 թվականի օգոստոսի 23-ի Անկախության հռչակագրով մենք Սովետական Հայաստանից անցում ենք կատարել Դաշնակցական Հայաստանի։

Նա դիմեց «Ուժեղ Հայաստան» խմբակցությանը՝ նրանք պաշտպանո՞ւմ են Ղարաբաղի ու Ադրբեջանի հայության վերադարձի իրավունքը։

«Շատ հստակ պետք է պատասխանեն այս հարցին, իսկ սա թակարդ հարց է»,- նշեց նա։

Նիկոլ Փաշինյանն առաջարկ արեց ընդդիմությանը։

«Ասում եմ՝ եկեք գնանք հանրաքվեի, եթե ժողովուրդը կմերժի Սահմանադրությունը՝ ես հրաժարական եմ տալիս, եթե ժողովուրդն «այո» կասի՝ ես հաջորդ ընտրություններում չեմ առաջադրվի։ Ես կարծում եմ՝ սա մի առաջարկ է, որից ընդդիմությունը չի կարող հրաժարվել, իսկ եթե հրաժարվեն ինձ հեռացնելու տարբերակներից՝ մենք ենք իրենց հեռացնելու, ուրիշ տարբերակ չկա»,- հայտարարեց նա։

Leave a comment