Երևանում կհիմնանորոգվեն ու կկառուցվեն 24 կոյուղատար համակարգեր

ԵՐԵՎԱՆ, 19 նոյեմբերի – Sputnik. 2026 թ–ի ընթացքում Երևանի մի շարք վարչական շրջաններում կհիմնանորոգվեն ու կկառուցվեն 24 կոյուղատար համակարգեր, ինչպես նաև 2 կոյուղատար և 2 հեղեղատար համակարգեր։ Համապատասխան որոշումն ընդունվեց ՀՀ կառավարության այսօրվա նիստի ժամանակ։

Արդյունքում, ըստ կառավարության, կկառուցվեն և/կամ կհիմնանորոգվեն ընդհանուր 11 233 գծամետր երկարությամբ կոյուղատար և հեղեղատար ցանցեր՝ ապահովելով տարածքների սանիտարահիգիենիկ վիճակի բարելավումը, ջրահեռացման արդյունավետ կազմակերպումը, ջրածածկումների և կեղտաջրերի արտահոսքերի դեպքերի նվազեցումը, ինչպես նաև[АМ1] քաղաքային միջավայրի և ենթակառուցվածքների անվտանգ ու անխափան շահագործումը։

Այս համակարգերի կառուցման աշխատանքների ընդհանուր արժեքը կկազմի 1 մլրդ 075,6 մլն դրամ։

Կառավարությունից վստահեցնում են, որ ծրագրի առաջին փուլով արդեն իսկ իրականացվել է մասնակի ֆինանսավորում, և որոշ աշխատանքներ արդեն իսկ մեկնարկել են։ Որոշ հասցեներում աշխատանքներն արդեն ավարտվել են:

Նշենք, որ Երևանի մի շարք վարչական շրջաններում առկա են կոյուղատար և հեղեղատար համակարգերի խնդիրներ։ Մի շարք հասցեներում անձրևներից հետո առաջանում են ջրի խոշոր կուտակումներ, որոնք վնասում են ասֆալտբետոնե ծածկույթը, խոչընդոտում երթևեկությունը և ստեղծում վթարային իրավիճակներ։

Տարածքների մի մասում էլ կոյուղատար համակարգը բացակայում է կամ գտնվում է շատ վատ վիճակում, խողովակները մասամբ քայքայված և/կամ խցանված են, դիտահորերը վնասված են, առկա են համակարգային անսարքություններ։ Արդյունքում ամիսը մի քանի անգամ տեղի են ունենում խցանումներ, կեղտաջրերը ողողում են փողոցները, բակերը և հարակից տարածքները՝ առաջացնելով հակասանիտարական իրավիճակ և մեծացնելով վարակների տարածման վտանգը։

Միաժամանակ, հեղեղատար համակարգերի բացակայության կամ անբավարար թողունակության պատճառով մթնոլորտային տեղումները չեն հեռացվում պատշաճ կերպով, ինչի հետևանքով առաջանում են ջրածածկումներ, ճանապարհների և ենթակառուցվածքների վնասումներ։

Leave a comment