Ուկրաինան կրկին հարվածել է Ղրիմի կամրջին․ երթևեկությունը դադարեցված է

Ուկրաինացի զինվորականները կրկին հարվածել են մասամբ ավերված Ղրիմի կամրջին։ Հարձակման փաստը հաստատել է Ղրիմի ռուսական օկուպացիոն իշխանությունների ղեկավար Սերգեյ Աքսյոնովը, սակայն հարվածի հետևանքների մասին հավաստի տեղեկություններ դեռևս չկան, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը։

«Ղրիմի կամրջի վրա հերթական հարձակման հետևանքով երթևեկությունը ժամանակավորապես դադարեցվել է։ Իրականացվում է պատճառված վնասի գնահատում»,- սոցցանցերում գրել է Աքսյոնովը։

Ուկրաինական մոնիթորինգային ալիքները, հղում անելով տեղի համացանցային օգտատերերին, հայտնում են, որ կամրջի շրջանում մինչև 15 պայթյուն է որոտացել։

Ավելի վաղ անօդաչու թռչող սարքերով և հրթիռներով իրականացված զանգվածային հարվածի հետևանքով փլուզվել էր Ռուսաստանի Կրասնոդարի երկրամասը բռնակցված Ղրիմի հետ կապող կամրջի ավտոմոբիլային հատվածի՝ 270 մետր երկարությամբ կամարը։ Կամրջով ավտոմեքենաների երթևեկությունը դարձել էր անհնար, սակայն երկաթուղային հատվածը չէր վնասվել, և նոյեմբերի 17-ի ցերեկը դրա շահագործումը վերականգնվել էր։

Այժմ ուկրաինական ալիքները ենթադրում են, որ հարձակման թիրախը հենց երկաթուղային կամարն է եղել, որը զուգահեռ է փլուզված ավտոմոբիլային հատվածին։

Միաժամանակ, ուկրաինական անօդաչուները շարժվում են նաև այլ ուղղություններով։ Վերջին ժամերին Ռոսավիացիան հայտարարել է Կալուգայի և Սարատովի օդանավակայանների փակման մասին։ Ռուսական «Радар по всей России»  մոնիթորինգային ալիքը նախազգուշացրել է անօդաչու սարքերի հարձակման վտանգի մասին Ռուսաստանի հարավային շրջաններում, ինչպես նաև Լիպեցկի, Ռյազանի, Տուլայի, Նիժնի Նովգորոդի մարզերում և Մորդովիայի Հանրապետությունում։

Ռուսաստանի Տրանսպորտի նախարարությունը հաստատել է, որ ուկրաինական նոր հարձակումից հետո Ղրիմի կամրջով գնացքների երթևեկությունը դադարեցվել է։ Գերատեսչության հայտարարության մեջ նշվում է, որ երթևեկությունը «ժամանակավորապես դադարեցվել է», իսկ մասնագետները գնահատում են պատճառված վնասը։ Նախարարությունը նաև տեղեկացրել է, որ կամրջի վրա հարձակման հետևանքով տուժածներ չկան։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

 

Leave a comment