Զելենսկին ակնկալում է Թրամփի ներկայացուցիչներից տեղեկություններ ստանալ Պուտինի և Սիի հետ բանակցությունների մասին

Զելենսկին ակնկալում է Թրամփի ներկայացուցիչներից տեղեկություններ ստանալ Պուտինի և Սիի հետ բանակցությունների մասին

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին չորեքշաբթի՝ նոյեմբերի 18-ի երեկոյան ուղերձում հայտարարել է, որ ակնկալում է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ներկայացուցիչներից տեղեկություններ ստանալ Չինաստանի առաջնորդ Սի Ծինփինի և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ նրա բանակցությունների մասին, հաղորդում է «Европейская правда»-ն։

Ըստ Զելենսկու՝ ամերիկյան կողմը խոստացել է անհրաժեշտ տեղեկությունները տրամադրել Բեռլինում անցկացելիք հանդիպումների ընթացքում։

Հինգշաբթի՝ նոյեմբերի 19-ին, Բեռլինում տեղի կունենա «ցանկացողների կոալիցիայի» երկրների հանդիպումը։ Ըստ լրատվամիջոցների՝ դրան կարող են մասնակցել նաև Թրամփի հատուկ ներկայացուցիչներ Ջարեդ Քուշները և Սթիվ Ուիթքոֆը։

Զելենսկին հույս է հայտնել, որ ամերիկացի ներկայացուցիչների հետ հանդիպումը կկայանա։ Ըստ նրա՝ ինքը մտադիր է նրանց և եվրոպացի առաջնորդների հետ քննարկել Ռուսաստանի հետ բանակցություններում հետագա քայլերը։

«Ակնկալում ենք հանդիպել Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահի ներկայացուցիչների հետ և եվրոպացի առաջնորդների հետ կքննարկենք ռուսների հետ բանակցություններում մեր հաջորդ քայլերը։ Ուկրաինան հստակ հայտարարում է խաղաղության հասնելու իր ձգտման մասին, մենք միշտ կառուցողական ենք աշխատում»,- ասել է Զելենսկին։

Նա հավելել է, որ ամերիկացի ներկայացուցիչները խոստացել են ուկրաինական կողմին տեղեկություններ փոխանցել Թրամփի բանակցությունների, դրանց թվում՝ Չինաստանում ընթացող բանակցությունների մասին։

«Եվ մենք տեղեկություններ կստանանք Չինաստանից, այլ երկրներից և այլ առաջնորդներից՝ մեր գործընկերներից։ Մենք՝ եվրոպացիների հետ, հստակ ընդհանուր դիրքորոշում ունենք. Ուկրաինայի հարցերը պետք է լուծվեն Ուկրաինայի մասնակցությամբ, Եվրոպայի հարցերը՝ Եվրոպայի մասնակցությամբ։ Միայն այսպիսի մոտեցում է լինելու»,- հայտարարել է Ուկրաինայի նախագահը։ 

Ակնկալվում է, որ չինական Շենչժեն քաղաքում գտնվելու ընթացքում Թրամփը եռակողմ հանդիպում կունենա Սի Ծինփինի և Վլադիմիր Պուտինի հետ։ Ավելի վաղ ԱՄՆ նախագահը հայտարարել էր, որ Ռուսաստանի և Չինաստանի առաջնորդների հետ բանակցությունները կվերաբերեն հարցերի լայն շրջանակի, այդ թվում՝ միջուկազերծմանը։

Leave a comment