Աբրահամ Խաշմանյանը վերադարձել է մարզչական աշխատանքի

Աբրահամ Խաշմանյանը նշանակվել է «Գանձասարի» գլխավոր մարզիչի պաշտոնում, հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը:

59-ամյա մասնագետը շուրջ 5 տարվա ընդմիջումից հետո է վերադառնում մարզչական աշխատանքի:

Հայաստանի ազգային հավաքականի, «Ալաշկերտի», «Արարատի» ու «Կիլիկիայի» նախկին մարզիչը խոսել է «Գանձասարի» խնդիրների և առաջիկա անելիքների մասին.

«Այսօր բոլորս էլ գիտակցում ենք, որ «Գանձասարը» գտնվում է բավական ծանր վիճակում։ Դա ապացուցում է նաև մրցաշարային աղյուսակը, որտեղ թիմը գտնվում է վերջին հորիզոնականում։

Ելնելով այս փաստից՝ մարզչական անձնակազմը, ակումբի ղեկավարությունը և ֆուտբոլիստները հասկանում են, որ պետք է ներդնել համատեղ ուժերը, որպեսզի կարողանանք դուրս գալ այս իրավիճակից։

Այն, ինչը տեսել եմ մինչև թիմի ղեկը ստանձնելը, թույլ է տալիս ենթադրել, որ Պրեմիեր լիգայում մնալու հնարավորությունը կարելի է գնահատել 10 տոկոս։ Սա արդեն խոսում է այն մասին, թե որքան դժվարին և մեծ ծավալի աշխատանք է մեզ սպասվում։

Խնդիրը միայն մրցաշարային աղյուսակը չէ, թիմի գրանցած արդյունքները չեն, թիմի ցուցադրած բացասական խաղը չէ։ Խնդիր է նաև այն, որ թիմի կազմում կա 27 ֆուտբոլիստ, սակայն այս պահին մարզումային գործընթացի մեջ ընդգրկված է նրանցից 16-ը։ Այսինքն՝ թիմի 30 տոկոսը վնասվածքների պատճառով դուրս է մնացել մարզումներից։ Այստեղ մեր գլխավոր խնդիրն ամուր թիմ կառուցելն է։

Մի քանի օր է, ինչ թիմի ղեկին եմ, բայց արդեն տեսնում եմ ֆուտբոլիստների հավատը, նրանց պրոֆեսիոնալ մոտեցումը, և դա մեզ ներշնչում է տրամադրվել լավատեսորեն՝ ամուր թիմ ստեղծելու վստահությամբ։

Առաջիկա ավելի քան 20 օրվա ընթացքում մենք ունենք շատ ծանր 4 խաղ՝ Գյումրիում՝ «Շիրակի» հետ, առաջատարներից երկուսի՝ «Ալաշկերտի» և «Նոայի» հետ, ինչպես նաև երիտասարդ ու մեծ անակնկալների ունակ ԲԿՄԱ-ի հետ։ Եթե այս չորս խաղում ունենանք նվազագույն միավոր, ապա կհամարենք, որ ձեռքբերում ունենք։

Բայց ամենապատասխանատու հատվածը լինելու է ձմռանը՝ մրցաշրջանի միջնամասում։ Հենց այդ ժամանակ բոլորս ահռելի ծավալի աշխատանք ունենք կատարելու։ Այս ամենի մասին խոսել եմ թե՛ ակումբի ղեկավարության, թե՛ ֆուտբոլիստների հետ։

Հուսամ՝ գարնանային հատվածում կտեսնենք բոլորովին այլ «Գանձասար»»,- ասել է մարզիչը:

Ավելի վաղ «Գանձասարի» գլխավոր մարզիչի պաշտոնից հեռացվել էր Արմեն Ադամյանը:

Աբրահամ Խաշմանյանը «Գանձասարը» գլխավորել է նաև 2010-2012 թվականներին: Նոր պաշտոնում նրա օգնականները կլինեն Էդգար Թորոսյանը և Արմեն Տոնոյանը:

Հայաստանի Պրեմիեր լիգայի 13-րդ տուրից հետո «Գանձասարը» 3 միավորով եզրափակում է մրցաշարային աղյուսակը։

Leave a comment