Պորտալն օգնում է ուսուցիչներին կողմնորոշվել արհեստական բանականության գործիքների բազմազանության մեջ և ընտրել ուսումնական ծրագրին համապատասխան գործիքներ
ԵՐԵՎԱՆ, 18 նոյեմբերի․ /Նովոստի–Արմենիա/․ ՀՀ ԿԳՄՍ նախարարության Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնը գործարկել է «Ուսուցչի ԱԲ ուղեցույց» հայալեզու ai.armedu.am պորտալը։
Ինչպես հայտնում են ԿԳՄՍՆ-ից, պորտալն օգնում է ուսուցիչներին կողմնորոշվել արհեստական բանականության գործիքների բազմազանության մեջ և ընտրել ուսումնական ծրագրին համապատասխան գործիքներ։
Պորտալում ներկայացված են արհեստական բանականության 65 գործիքներ, որոնք խմբավորված են 10 բաժիններում՝ ըստ ուսումնական նպատակների և խնդիրների։
Պորտալը ներառում է նաև ավելի քան 100 արդյունավետ հրահանգների օրինակներ, որոնք մշակվել են ՀՀ կրթական ծրագրի բովանդակության վրա հիմնված իրական օրինակներով։
Գործիքների ընտրությունը հիմնված է արդյունավետության, էթիկայի և սովորողների անվտանգության սկզբունքների վրա։ Գործիքների վերաբերյալ տեղեկությունները 2026 թվականի հոկտեմբերի դրությամբ ստուգվել են դրանց պաշտոնական կայքերում։
Պորտալը հարմարեցված է համակարգչով, պլանշետով և բջջային հեռախոսով օգտագործելու համար։