Խուդաթյան․ Իրանում քննարկել ենք նոր կամրջի կառուցման հարցը (PAN.am)

ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանն Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ հայտարարել է, որ Իրան կատարած իր այցի շրջանակում իրանցի գործընկերների հետ քննարկվել են նաև երկրորդ կամրջի կառուցման աշխատանքները։

Նրա խոսքով՝ իրանական կողմն արդեն գրեթե ավարտում է նոր կամրջի նախագծման աշխատանքները։ Կարճ ժամանակ անց նախատեսվում է ունենալ կապալառու ընկերություն, որից հետո կմեկնարկեն նաև կամրջի շինարարական աշխատանքները, գրում է Արմենպրեսը:

Նա նշել է, որ Հայաստանի և Իրանի սահմանին նոր մաքսակետերի կառուցման աշխատանքները երկու կողմերում էլ ակտիվ տեմպով առաջ են ընթանում և գրեթե ավարտական փուլում են։

Անդրադառնալով սահմանային անցակետում առաջացող հերթերին՝ Խուդաթյանը նշել է, որ հերթեր առկա են ոչ միայն հայկական, այլ նաև իրանական կողմի անցակետում՝ մի շարք հանգամանքներով պայմանավորված։

«Այդ հերթերը կառավարելի են և նոր չեն։ Մենք ինտենսիվ աշխատում ենք Իրանի մեր գործընկերների հետ և, անհրաժեշտության դեպքում, նաև ձեռքի կառավարման ռեժիմով փորձում ենք կարգավորել խնդիրը»,- ասել է նախարարը։

Խուդաթյանի խոսքով՝ Հայաստանի և Իրանի միջև ապրանքաշրջանառության ծավալները էականորեն և շեշտակի աճել են, մինչդեռ այդ ապրանքաշրջանառությունն իրականացվում է ցամաքային մեկ սահմանային անցակետով։ Հետևաբար, նոր մաքսակետի կառուցումը կարևոր նշանակություն ունի սահմանային անցակետի թողունակության բարձրացման և առաջացող խնդիրների կարգավորման տեսանկյունից։

Նախարարն Իրանի փոխնախագահ Սեյեդ Համիդ Փուրմոհամմադիի, Էներգետիկայի նախարար Աբբաս Ալիաբադիի և Նավթի նախարարի պաշտոնակատար Համիդ Բովարդի հետ քննարկել է նաև էներգետիկ ոլորտում առկա համագործակցության ընդլայնմանը վերաբերող հարցեր:

Leave a comment