ԿԳՄՍՆ-ն մտադիր է դատի տալ «Դոպինգ Սփեյս» ընկերությանը (PAN.am)

ԿԳՄՍ նախարարությունը պատրաստվում է դատական ճանապարհով «Դոպինգ Սփեյս» ընկերությունից բռնագանձել Ջենիֆեր Լոպեսի համերգի կազմակերպման համար տրամադրված պետական միջոցներից ավելի քան 534 միլիոն դրամ, հայտնում է Factor․am-ը:

Դեռևս 2023 թվականին Երևանում նախատեսված, սակայն այդպես էլ չկայացած ամերիկացի ռեփեր Սնուփ Դոգի համերգը կազմակերպելու նպատակով պետական բյուջեից «Դոպինգ Սփեյս» ընկերությանը մոտ 2․3 միլիարդ դրամ է տրամադրվել։ Ավելի ուշ այդ նույն ծրագրի շրջանակում կազմակերպվել է ամերիկացի երգչուհի Ջենիֆեր Լոպեսի համերգը։

ԿԳՄՍՆ-ի տրամադրած տվյալների համաձայն՝ 2023 թվականի օգոստոսի 18-ին ստորագրված պայմանագրով «Դոպինգ Սփեյս» ՍՊԸ-ն ստացել է 2 միլիարդ 318 միլիոն 596 հազար 843 դրամ։

Ընկերության կողմից ներկայացված ֆինանսական հաշվետվություններն ուսումնասիրելուց հետո գերատեսչությունը պարզել է, որ տնտեսված և պետական բյուջե վերադարձման ենթակա միջոցների չափը 502 միլիոն 459 հազար 679 դրամ է։

Դրանից բացի, ընկերության նկատմամբ սահմանվել է 7 միլիոն 815 հազար 883 դրամի տուգանք, ինչպես նաև առկա է պայմանագրով նախատեսված առնվազն 24 միլիոն 381 հազար դրամի չկատարված վճարային պարտավորություն։

Այսպիսով, ըստ ԿԳՄՍՆ-ի տրամադրած հաշվարկների՝ պետության հանդեպ ընկերության ֆինանսական պարտավորությունների ընդհանուր ծավալն առնվազն 534․6 միլիոն դրամ է։

«Ներկայում նախարարությունում պատրաստվում է «Դոփինգ Սփեյս» ընկերության դեմ գումարի բռնագանձման պահանջով հայցադիմումը, որին օրենսդրությամբ սահմանված կարգով կտրվի համապատասխան իրավական ընթացք»,- հայտնել են նախարարությունից։

Նոյեմբերի 5-ին ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը Factor TV-ին տված հարցազրույցում տեղեկացրել էր, որ ընկերությունից ֆինանսական միջոցների վերադարձման գործընթացի վերաբերյալ առաջիկայում նոր տեղեկություններ կլինեն։ Ի պատասխան լրագրողի հարցին, թե արդյոք խնդիրը լուծվելու է դատական կարգով, նախարարն ասել էր․ «Հուսով եմ՝ ավելի տրամաբանական կարգավորում կունենանք»։

Leave a comment